Այսօր

Երաժշտությունը պիտանելիության ժամկետ չունի․ Ռաֆայել Պետրոսյան

  04 Հունիս 2021  553 դիտում
Երաժշտությունը պիտանելիության ժամկետ չունի․ Ռաֆայել Պետրոսյան

Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ մի առիթով եղավ «Մալխաս» ակումբում  ու սիրահարվեց ջազ երաժշտությանը։ Կիսատ թողեց ուսումն ու սկսեց զրոյից դաշնամուր նվագել սովորել։ Ընտանիքի անդամների ու ընկերների համար որոշումն անսպասելի էր․Ռաֆայելին դաշնամուր նվագելիս չէին պատկերացնում։ Հաջողությանն ի սկզբանե հավատում էին միայն քույրիկներն ու դաշնակահար Կարեն Գրիգորյանը, ով դարձավ նրա առաջին ուսուցիչը։

Ծնողները Ռաֆայելի որոշման հետ համակերպվեցին մեկ տարի անց, երբ նա առաջին անգամ բեմ բարձրացավ։ Այսօր ջազ դաշնակահարն ընդգրկված է տարբեր ջազային կազմերում, ելույթ է ունենում ինչպես տարեկիցների, այնպես էլ ջազի կենդանի լեգենդների հետ։

Erit.am-ի զրուցակիցն է “Arm Strong Dixie” խմբի դաշնակահար Ռաֆայել Պետրոսյանը։

-22 տարեկանում զրոյից դաշնամուր նվագել սովորելն ինչպե՞ս տրվեց։ Դժվար չէ՞ր։

-Շատ դժվար էր։ Ուշ սկսելս ավելի շատ անդրադարձավ տեխնիկական կողմի վրա։ Մինչ օրս էլ հանդիպում եմ ինչ-որ պատնեշների, երբ պետք է որևէ բարդ կտոր սովորեմ․«մկանային համակարգը» դեռ զարգանում է։

Ջազն իմպրովիզ է․շփվում ես մարդկանց հետ, կիսվում, պատմական ակնարկներ անում։ Որքան հասուն ես դու, այնքան էլ հասուն է նվագդ։ Ջազն ունի նաև ասելիք, որը փոխանցելը տարիների փորձ է պահանջում։ 28 տարեկան եմ, բայց չեմ կարծում, թե արդեն բավականաչափ հասուն եմ, որ կարողանամ պատմել այդ պատմությունը։

-Ի՞նչ դեր են ունեցել Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Սիմոն Դոլմազյանն ու մյուսները Ձեր կայացման գործում։

-2010-ից, երբ դեռ նվագելու մտադրություն չունեի, Արմեն Թութունջյանի հետ ընկերություն էի անում։ Ընտանիքի անդամի նման էր։ Տարաձայնություններ հաճախ էինք ունենում․ ես ավելի փոքր էի, ինքն էլ շատ էր խիստ։ Երբ տեսնում էր՝ ճիշտ ճանապարհով չեմ գնում, շատ կոպիտ ձևով էր ասում այն, ինչ մտածում էր։ Իհարկե եթե չասեր այդ ամենը, ավելի լավը չէի դառնա։

Վահագն Հայրապետյանը, Սիմոն Դոլմազյանը, Հայկ Շաքարյանը, Արսեն Ներսիսյանը այն մարդիկ են, ումից ոգեշնչվել եմ, նաև շատ բաներ սովորել։ Ամեն մեկն իր երաժշտական պրիզմայով է ինձ ծանոթացրել ջազի հետ, ուշադրությունս սևեռել տարբեր հարցերի վրա, խորհուրդներ տվել։

-Նվագում էիք, ինքնակրթվում։ Ի՞նչն էր պակասում, որ որոշեցիք լրացնել ու ընդունվեցիք կոնսերվատորիա։

-Ուզում էի ընդունվել կոմպոզիցիայի բաժին։ Հեղափոխություն էր երկրում, գնալ-գալ չէր լինում․ ճանապարհները փակ էին։ Պարապմունքներն էլ չէին կայանում։ Ստիպված ընդունվեցի դաշնամուրի բաժին։

Ինձ հետաքրքիր էր՝ կկարողանա՞մ ինքնուրույն հանձնել սոլֆեջիոյի ու հարմոնիայի քննութունները։ Ավելի շատ հոգեբանական հաղթանակ էր։ Որևէ մեկին որևէ բան ապացուցելու ցանկություն չունեի։ Ընդունվեցի, բայց չշարունակեցի ուսումս․ նպատակահարմար չգտա այդ գիտելիքների համար վճարել։

Չեմ հասկանում այն երաժիշտներին, ովքեր գիտելիքից հրաժարվում են կամ իրենց թվում է, թե այլևս սովորելու բան չունեն։ Ես մինչ օրս ստանում եմ այդ գիտելիքն իմ երաժիշտ ընկերներից։ Առավել քան վստահ եմ, որ սովորել կարող ես միայն այն մարդկանցից, որոնք անընդհատ ջազի արենայում են՝ բեմի վրա։ Այս երաժշտությունը պահանջում է լինել բեմի վրա։  

–Ինչո՞վ էիք զբաղված համավարակի օրերին, երբ համերգային դադար էր։ Ինչո՞վ էիք լցնում Ձեր ազատ ժամանակը։

-Ակնհայտ էր, որ երկար է տևելու։ Չէի էլ սպասում, թե մեկ ամսից կարանտինը կավարտվի կամ սահմանափակումները կհանվեն․ պարզ էր՝ ինչ է կատարվում աշխարհում։ Որոշեցի անել այն ամենն, ինչի համար ժամանակ մինչ այդ չէի գտնում։

Վաղուց ունեի ինքս ինձ հետ մենակ մնալու կարիք։ Օրս անցկացնում էի պարապելով, ֆիլմեր դիտելով։ Երբեմն նաև առցանց համերգներ էինք ունենում «Ուլիխանյան» ակումբից, ձայնագրման ստուդիայից, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էի տանը՝ գործիքի դիմաց նստած։

-Ջազի միջազգային օրը, որ ամեն տարի մեծ շուքով է նշվում, 2020 թ-ին անցկացվեց վիրտուալ։ Առցանց համերգների ժամանակ Ձեզ ի՞նչն է պակասում։

-«Մեցցո» փրոդաքշնի և «Ջազի հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված առցանց համերգը լավ միտք էր․ երկար դադարից հետո երաժիշտները հավաքվեցին մի տեղ ու միասին ելույթ ունեցան։ Միայն այդ փաստն արդեն իսկ շնորհակալության է արժանի, բայց երբ նվագում ես առանց հանդիսատեսի, դատարկ դահլիճում, ամեն դեպքում տխուր տրամադրություն է տիրում։

Առցանց համերգ դիտելուն, առցանց նվագելուն ծայրահեղ աստիճանի բացասական եմ վերաբերվում։ Այն, ինչի համար կա ջազ երաժշտությունը ․․․․ երբ լսողը բեմի մոտ նստած մասնակցում է այն զրույցին, որ տեղի է ունենում երաժիշտների միջև։ Եթե դա չկա, ջազ երաժշտությունը կորցնում է իր կարևոր բաղադրիչներից մեկը։ Եվ ոչ միայն ջազը։

-Ո՞րն է եղել ամենատպավորիչ կարծիքը, որ երբևէ լսել եք Ձեր կատարման մասին։

-Բոլորը գիտեն, որ ես գովասանք լսել չեմ ուզում․կան մարդիկ, որ միշտ էլ կգովեն քեզ, նույնիսկ եթե կատարումդ նրանց այնքան էլ դուր չգա։ Բայց շատ քիչ են մարդիկ, ովքեր կգան ու անկեղծորեն կասեն՝ գիտես, այսինչի վրա պետք է աշխատես, այսինչին էլ ավելի ուշադիր լինես։

Իհարկե դրական խոսքերից ուրախանում ես, դա բնական է, բայց ես ավելի շատ կարևորում եմ երաժիշտների կողմից հնչող առողջ քննադատությունը։ Հենց դա է քեզ ստիպում աճել։

-Եղե՞լ է մեկը, ում հետ ծանոթությունը շատ բան է փոխել Ձեր ստեղծագործական կյանքում։

-Այն բոլոր երաժիշտները, ում անունները թվեցի, շատ բան են փոխել իմ կյանքում, բայց Բարրի Հարրիսի հետ ծանոթությունն է եղել ամենահիշարժանը։  Անընդհատ լսել եմ նրա գործերը, սովորել նրա ձայնագրություններից, օգտվել դասավանդման նրա մեթոդից։

Ու պատկերացրեք՝ հատուկ Հարրիսի համերգի համար տոմս եմ գնում ու մեկնում Մոսկվա, մասնակցում համերգին, հետո էլ անձամբ ծանոթանում նրա հետ։ Ոգևորությանս չափ չկար։

-Մասնակցել եք հայաստանյան ջազին նվիրված անթոլոգիայի կազմման աշխատանքներին։ Այդ ընթացքում ի՞նչ բացահայտումներ եք արել։

-Երբ սկսեցի զբաղվել անթոլոգիայով, դեռ չէի նվագում։ Փորձում էի ինչ-որ ձևով երաժշտության հանդեպ սերը միջիցս դուրս հանել։  Յութուբյան ալիք էի բացել, կոչվում է «Ռաֆայել Պետրոսյան ջազ արխիվ»։ Թվայնացնում էի հայ ջազմենների տարբեր տարիների հետաքրքիր կատարումներն ու ներկայացնում։

Անթոլոգիայի գաղափարն առաջացավ Լևոն Մալխասյանի մոտ։ Նախաբանը Չիկոն էր գրել։ Ես ու Թոմ Մարտիրոսյանն էլ համակարգում էինք աշխատանքները։ Ձայնագրություններ էի գտնում, դասավորում ժամանակագրական հերթականությամբ։ Իհարկե կային որոշ ձայնագրություններ, որոնք որակյալ չէին, բայց կարողացանք այդ գործերը գտնել Հանրային ռադիոյի արխիվից։

Անթոլոգիան կազմելու ընթացքում շատ  անուններ բացահայտեցի ինձ համար, օրինակ՝ դաշնակահար Արմեն Տեր-Թադևոսյանին, ում նվագից շատ տպավորված էի։ Գիտեմ, որ հիմա Միացյալ նահանգներում է ապրում, բայց տեղյակ չեմ՝ զբաղվու՞մ է երաժշտությամբ, թե՞ ոչ։

-Դասական ջազն ունի իր ստանդարտները։ Այսօրվա հանդիսատեսին միայն դասականը գոհացնու՞մ է, թե՞ այլ բան եք փորձում մատուցել։

-Ես մի փոքր այլ պրիզմայով եմ նայում այս ամենին։ Կարծում եմ՝ անկախ նրանից, թե  ինչ լեզվով ես խոսում, եթե խոսում ես այսօր, ուրեմն նոր ես։ Օրինակ՝ ջազի «հարդ բոփ» ոճը լեզու է, արտահայտչամիջոց, ու եթե այն ստեղծվել է իքս ժամանակաշրջանում, դեռ չի նշանակում, որ այսօր այդ լեզվով խոսելը հին լինելու նշան է։ Մենք էլ հայերեն ենք խոսում, բայց այս պահին ենք խոսում։ Մեր մտքերը նոր են, թարմ են, պարզապես մեր արտահայտչամիջոցը հայերենն է։

Հանդիսատեսին միշտ հետաքրքիր է՝ ինչ ես իր հետ կիսում, ինչ ես պատմում։ Մեկը կընտրի այդ պատմությունը լսել անգլերենով, մյուսը՝ ռուսերենով, այնպես, ինչպես ընտրում են՝ լսել տրադիցիոն ջա՞զ, ժամանակակից գո՞րծ, թե՞ լսել, օրինակ՝ հիփ-հոփ։ Նախապատվության հարց է։ Ամեն պատմություն էլ ունի իր լսարանը։

Դեռ չեմ հանդիպել նման դեպք, որ տրադիցիոն ջազը չգնահատվի կամ ես ինձ վատ զգամ, մտածեմ, որ իմ ճանապարհը փակ է, որովհետև ես քառասունականների ջազ եմ նվագում։  Իմ կարծիքով՝ երաժշտությունը պիտանելիության ժամկետ չունի։