Այսօր

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

  10 Հունիս 2021  356 դիտում
Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ըստ ՀՀ աշխատաշուկայի պահանջների:

Ընդունելության տեղերը հաստատվել են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կհատկացնի իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 4682 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 3312, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1370: Միջին մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 5784 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 5614, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ 15, ՀՀ ոստիկանությանը՝ 65, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 90:

Որոշման նախագիծը մշակելիս, ըստ աշխատաշուկայի պահանջարկի, հաշվի է առնվել ուսումնական հաստատությունների՝ մասնագետներ պատրաստելու հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև ըստ մասնագիտությունների հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում բնակվում է սոցիալապես ավելի անապահով խավ, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով առնվազն ընդունելության անցումային միավոր հավաքելու դեպքում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին կընդունվեն անվճար ուսուցման համակարգ, որի նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով նոր ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով կլինեն հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

 Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է նախագիծը:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ