Այսօր

Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ

  10 Հունիս 2021  450 դիտում
Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ

Հունիսի 15-25-ը Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնի ընդհանուր 10 մարզիկ-մարզուհի։

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է, որ տղամարդկանց 10 քաշային կարգից 8-ում մենք կունենանք ներկայացուցիչ․ մեդալների համար կպայքարեն Սեյրան Եղիկյանը (49 կգ), Ռուդոլֆ Գառբոյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (56 կգ), Ժորժիկ Մարությանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Համբարձում Հակոբյանը (81 կգ)։ Կանանց պայքարում մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը:

Հայաստանի ընտրանին մինչև հունիսի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու, իսկ մրցավայր է մեկնելու հունիս 13-ին։ Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ հավաքի ընթացքից գոհ է, տղաները մեծ պատասխանատվությամբ են մոտենում առաջնությանը․

«Շատ լուրջ մրցաշար է սպասվում, որին տղաները պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ։ Այս հավաքականում առաջատար չկա, բոլորի հնարավորությունները հավասար են։ Սպասելիքներ, բնականաբար, ունենք, առանց դրա չէինք մասնակցի մրցումների։ Կանխատեսումներ անելը շնորհակալ գործ չէ, միայն կասեմ, որ լավ ակնկալիքներ ունեմ։ Ինչ վերաբերում է ներկայիս մարզավիճակին՝ պետք չէ, որ հենց այսօր տղաներն իրենց մարզավիճակի գագաթնակետում լինեն, քանի որ մենամարտերը սկսվելու են հունիսի 17-ից, ոմանց դեպքում՝ ավելի ուշ։ Այնպես որ՝ յուրաքանչյուրի հետ կտարվի անհատական աշխատանք նախքան մենամարտերը»,- ասել է Կարեն Աղամալյանը։

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ