Այսօր

Սնունդն ընդդեմ ընկճախտի

  11 Հունիս 2021  72 դիտում
Սնունդն ընդդեմ ընկճախտի

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում շատացել է հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Միայն ԱՄՆ-ում նախորդ տարի հոգեբանական օգնության դիմած մարդկանց թիվն ավելացել է 93%-ով։ Սթրեսի, ընկճախտի դեմ պայքարում հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև սննդին։

Դեռևս 2010 թվականին համաճարակաբան Ֆելիս Ջական կանանց շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում առաջ է քաշել այլ տեսակետը, որ շատ բանջարեղեն, ձկնեղեն, հատիկաընդեղեն, ձավարեղեն օգտագործող կանայք ավելի քիչ են հակված ընկճախտի (դեպրեսիայի), իսկ տիպիկ «արևմտյան սննդակարգով» (պիցցա, չիպս, սպիտակ հաց, համբուրգեր, քաղցր գազավորված ըմպելիքներ) կանայք հաճախ են ենթարկվում սթրեսի։ Ջակայի ներկայացրած կապը գիտական հանրությունը լրջությամբ և մեծ հետաքրքրությամբ է ընդունել, կատարվել են նմանատիպ նոր հետազոտություններ։ Դրանք փաստում են, որ առողջ սննդակարգը կարող է ոչ միայն կանխարգելել հիվանդություններ, այլև բուժել դրանք։ Ընկճախտով մարդկանց շրջանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ սննդակարգի անցնելը 30% դեպքերում օգնում է հաղթահարել դեպրեսիան։ Առողջ սննդակարգը, ասես, համարժեք է հակադեպրեսանտներին։

Կերակրիր քեզ և մանրէներիդ

Եթե ​​խոսենք տիպիկ «արևմտյան սննդակարգի» մասին, ապա այն առաջարկում է կալորիաներով հարուստ, ոչ օգտակար սնունդ: Արդյունաբերական վերամշակման շնորհիվ դրա մեջ քիչ քանակությամբ սննդանյութեր են մնում, և առաջանում է պարադոքսալ իրավիճակ է՝ մենք շատ ենք ուտում, բայց միևնույն ժամանակ սոված ենք: Սա վերոնշյալ հետազոտությունների տեսանկյունից կարևոր պահ է, քանի որ սովն օրգանիզմի համար սթրես է, և այդ սթրեսը մեծացնում է ընկճախտի և անհանգստության ռիսկը:

Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ միկրոբիոտան բաղկացած է մանրէների մեծ խմբերից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է օրգանիզմի աշխատանքի վրա ազդող տարբեր մոլեկուլների արտադրության համար: Մեր ափսեի մեջ եղած սնունդը կերակրում է ոչ միայն մեզ, այլև մեր մանրէներին: Յուրաքանչյուր խումբ ունի իր «նախասիրությունները», ուստի սննդակարգի անհավասարակշռությունը փոխում է աղիների մեջ ուժերի բաշխումը: Որոշ մանրէներ մնում են առանց սննդի, իսկ մյուսները՝ շատ են սնվում և արագ աճում: Այսպես, դեպրեսիայով մարդկանց շրջանում միկրոբիոտայի համամասնություններում լուրջ անհավասակշռություն կա․ ավելի շատ են այն բակտերիաները, որոնք առաջացնում են բորբոքում, և ավելի քիչ «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի արտադրության համար առանցքային նշանակություն ունեցողները։ 

Առողջ սնունդ

Հոգեբանական հանգստության տեսանկյունից առավել ուսումնասիրված է միջերկրածովյան խոհանոցը: Դրա հիման վրա կազմված ճաշացանկերը առաջարկվում են որպես կլինիկական դեպրեսիա ունեցող մարդկանց թերապիայի մաս: Սա սննդակարգի ձև է՝ հիմնված է բանջարեղենի, խոտաբույսերի, լոբազգիների, հացահատիկի, ձկների, չափավոր քանակությամբ կաթնամթերքի, ձվի և մսի վրա: Բայց միջերկրածովյան դիետան միակ տարբերակը չէ: Եթե ​​նայենք սննդային բուրգերին և «առողջ ափսեներին», որոնք խորհուրդ են տալիս համաշխարհային առողջապահական կազմակերպությունները, կտեսնենք, որ դրանք իրար նման են՝ նվազագույն արդյունաբերական մշակմամբ, բուսական սնունդ, չզտված ձավարեղեն, լոբի, հատիկաընդեղեն, ձուկ, ձու, միս: Կարևոր է չմոռանալ, որ սննդային բոլոր խմբերը կարևոր են։ Մասնավորապես, հետազոտողները պարզել են, որ մսից ընդհանրապես հրաժարվելը կրկնապատկում է դեպրեսիվ խանգարումների վտանգը:

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ