Այսօր

Դանդաղ, բայց արդյունավետ․ ինչպե՞ս աշխատել՝ չմոռանալով հանգստի մասին

  11 Հունիս 2021  80 դիտում
Դանդաղ, բայց արդյունավետ․ ինչպե՞ս աշխատել՝ չմոռանալով հանգստի մասին

Աշխատանքային օրերը քամում են բոլորիս։ Ժամանակն անընդհատ չի բավարարում, իսկ լուծում պահանջող խնդիրները, ասես, երբեք չեն պակասում։ Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ և չմոռանալ հանգստանալու մասին։

Ժամանակի բաշխում

 

Եթե հաշվի առնենք, որ նորմալ քնի տևողությունը 8 ժամ է, մեզ մնում է 16 ժամ, որի ուղիղ կեսը շաբաթվա մեջ առնվազն 5 օր տրամադրում ենք աշխատանքին։ Այնպես որ՝ կյանքից գոհ լինելու համար, նախ պետք է հասկանանք՝ գո՞հ ենք մեր աշխատանքից և հստակ ծրագրեք այն։ Դրա համար գրի առեք բոլոր գործերը՝ նշելով դրանց հատկացրած ժամանակը։ Կարող եք օգտագործել նոթատետր կամ պարզապես հատուկ հավելվածներ։ Օրվա ավարտին կտեսեք, թե որ դեպքում եք ժամանակ վատնում, իսկ որ դեպքում իսկապես արդյունավետ օգտագործում այն։ Օրինակ՝ մի քանի օր շարունակ արձանագրելով, որ էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար ծախսում ենք 2 ժամ, իսկ սենյակը կարգի բերելու համար չի գտնվում հավելյալ կես ժամ, ամենայն հավանականությամբ, խելամիտ կգտնվեք և օրվա ժամանակացույցում տեղաբաշխում կանեք։ 

Չմոռանալ հոգեբանության մասին

Աշխատանքային գործընթացը ծրագրելու ստանդարտ տարբերակներ չկան․ ոմանց անընդհատ մոտեցող վերջնաժամկետները ռիթմի մեջ են պահում, ոմանք պատասխանատու պերֆեկցիոնիստ են։ Աշխատանք ընտրելիս, օրը ծրագրելիս մի՛ մոռացեք ձեր հոգեբանական խառնվածքի մասին։ Օրինակ՝ խոլերիկ խառնվածքով մարդկանց բնորոշ է ամեն ինչի արագ արձագանքելը և մտածողության բարձր արագությունը, իսկ մելանխոլիկներն առավել դանդաղ են։ Այս առանձնահատկությունները հաշվի առնելն իսկապես կարևոր է։ Եթե դուք մելանխոլիկ եք, իսկ ձեր գրասենյակում ամեն ինչ շատ արագ է կատարվում, ապա ամենօրյա սթրեսը երաշխավորված է։ Աշխատանքային գրաֆիկ կազմելիս պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչպիսին եք առօրյայում: Այսպես, «արտույտների» համար ակտիվության գագաթնակետն առավոտյան ժամերին է, ուստի ավելի լավ է առավոտյան կատարել ամենաբարդ ու կարևոր առաջադրանքները: «Բուերի» դեպքում հակառակը՝ ավելի լավ է հետաձգել կարևոր առաջադրանքների լուծումը մինչև օրվա երկրորդ կես: 

Ո՛չ բազմազբաղությանը

Ոչինչ այնքան չի խանգարում և հոգնեցնում, որքան բազմազբաղությունը։ Ուշադրության կենտրոնացումը մի առաջադրանքից մյուսին ո՛չ մեզ, ո՛չ աշխատանքին օգուտ չի տալիս։ Ջոն Մեդինան իր «Ուղեղի կանոնները» գրքում գրում է, որ այլ առաջադրանքի համար աշխատանքից մեկանգամյա շեղումը մեկուկես անգամ դանդաղեցնում է դրա կատարումը և նույնքան մեծացնում սխալների թիվը։ Մի քանի գործողություն միանգամից կատարել հնարավոր է, եթե դրանք բոլորը կենտրոնացվածություն չեն պահանջում, մյուս դեպքերում բազմազբաղությունն օգնելու փոխարեն շեղում է ուշադրությունը։ 

Դադարներ

Երբ աշխատանքի ընթացքում հանգստի դադարներ չենք կազմակերպում, վերջում մեզ քամած լիմոնի նման ենք զգում։ Մինչդեռ կարելի է աշխատանքը մի քանի մասի բաժանել։ Մի մասը կատարելուց հետո մի փոքր քայլեք, թեյ խմեք, աչքերի և պարանոցի վարժություններ կատարեք, ապա վերադարձեք հաջորդ մասին։ Եթե մտածում ենք, որ աշխատելիս կողքին դրված սուրճը հանգստի տարբերակ է, չարաչար սխալվում եք․ հանգստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է մի միջավայրից անցնել մյուսին։ 

 Եվ վերջում՝ ոգեշնչումն ընդդեմ քաոսի

Ստեղծագործ, զբաղված լինելը չի նշանակում ապրել առանց հանգստի և քաոսի մեջ։ Նկարիչ-իլյուստրատոր Յանա Ֆրանկն առանձնացրել է կանոններ, որոնք նրան օգնում են և՛ աշխատել, և՛ հանգստանալ։ Ներկայացնում ենք դրանցից 5-ը։

 

  • Ավելի լավ է հասկանալ, թե առաջիկայում ինչին չեմ կարող ժամանակ հատկացնել, քան ամեն օր ինքս ինձ խոստանալ կատարել այս կամ այն գործը։
  • Աշխատանքի ծրագրումը ոչ թե ցանկի բոլոր կետերը կատարելու համար է, այլ դրանց մասին այլևս չմտածելու։
  • Քաոսը ոգեշնչման և ազատության հետ որևէ առնչություն չունի։ Աղբի լեռներում կորած իրեր գտնելը չափազանց ժամանակատար է։
  • Ժամանակի բաշխումը ոչ թե ամեն ինչ հասցնելու համար է, այլ հստակ գնահատելու և տեսելու սեփական հնարավորություններն ու ծրագրերը այնպիսին, ինչպիսին դրանք իրականում են։
  • Գիտակցել, թե ինչ է կյանքի մեկ ժամը, այն բաժանել բոլոր հնարավոր գործերի վրա, իսկ հետո առանց զղջման հանգստանալ․ ահա սա է իսկական ազատությունը։

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ