Այսօր

Բայց ինչի՞ս է պետք գրելը, եթե նա, ում ամենից շատն եմ սիրում, չի կարող կարդալ. Անի Հակոբջանյան

  14 Հունիս 2021  930 դիտում
Բայց ինչի՞ս է պետք գրելը, եթե նա, ում ամենից շատն եմ սիրում, չի կարող կարդալ. Անի Հակոբջանյան

Ասաց. -Լավ ես գրել: Չգիտեր, որ իր մասին է։ Ասաց. -Հանճարեղ ես սիրում: Չգիտեր, որ իրեն: Խոսքերի հեղինակը բանաստեղծուհի Անի Հակոբջանյանն է։ Հենց այս տողերի մեկնությամբ էլ սկսեցինք զրույցը Անիի հետ։

- Անի, ՆԱ այդպես էլ չիմացա՞վ, իսկ ո՞ր բանաստեղծությունն էր։

- Կարծում եմ` իմացավ, բայց ձևացրեց, թե չգիտի: Ես էլ ձևացրի, որ չգիտեմ իր իմանալու մասին: Դա բանաստեղծություն էր բժշկի մասին, իրականում հիմար բանաստեղծություն էր, այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էի, սիրահարված։

 Բժիշկ, ձեր հիվանդների աչքերում ցավ ու թախիծ կա.
այնքան զուր եք հարցնում որպիսությունը նրանց
և ձեր աչքերը թարթում հանդարտ:
Մի հարցրեք նրանց այլևս ոչինչ.
 ապրել են ուզում, ապրել ձեր հիվանդները, բժի՛շկ:
Ձեր բանն էլ ի՞նչ է, էլ ի՞նչ,
եթե ոչ ծաղկեցնել նրանց հոգու մեջ մի բուռ հաշիշ...
չէր խանգարի նաև գինի մի շիշ...
Դուք բուժում եք ցավն ամենքի`
բերելով քունն այդքան ցանկալի:
Դուք փրկում եք նրանց, բժի՛շկ
(եթե, իհարկե, ապրելը փրկվել է, կամ էլ... լավ, ոչինչ:)
Դուք բուժեցիք ամենքին, ով թակեց դուռը հիվանդասենյակի
Եվ  մի՞թե մի դեղ չգտաք` բուժելու վերքն իմ սրտի:
Դուք փրկեցիք բոլորին, բժի՛շկ:
Անունն իմ, ինչպես միշտ, չկար ցուցակում բոլորի,
և ամենք էլ ասել ինձ չէր կարելի:
Բժի՛շկ, դուք անբուժելիներին բուժեցիք,
իսկ ինձ անզգայացնել անգամ չուզեցիք:



-Ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, ի՞նչ ես ուզում։

-Ծնվել եմ Կապանում, 17 տարեկանում գրողի տարած Երևան եկա ու խճճվեցի, սկսեցի փնտրել ինձ, իմ եսը (տենց էլ չեմ գտնում), դպրոցն եմ միայն ավարտել, համալսարանը վերջին պահին կիսատ թողեցի, էլ չէի դիմանում, անտանելի էր, իմը չէր: Արդեն 3 տարի է «Գարեջրի ակադեմիայում» մատուցող եմ աշխատում, ավելի ցիվիլ` վաճառքի խորհրդատու: Հաճախ եմ մտածում գյուղում ապրելու, այնտեղ աշխատելու մասին (չգիտեմ ինչու` կթվորուհի): Բայց դեռևս այստեղ եմ, մարդկանց երջանկացնում եմ` ժպտալով և գարեջուր մատուցելով:

Մատներիս ճաքեր կան,
չգիտեմ` ինչի՞ց է…
լվացք չեմ արել,
ոչ էլ բաժանվելիս
բռունցքներս եմ պատերին տվել
ու հետո հանգիստ շունչ քաշել.
մատներիս ճաքեր կան.
լավ, բա էս ինչի՞ց է.
մայրս ասում է` էլ հող չփորես,
մեղկ ես, աղջի՛կս,
էլ չփորես,
հայրդ չկա, չի գա, չէ՛, չէ՛, չկա էլ…
մատներիս ճաքեր կան,
հայր իմ, որ երկնքում ես,
ասա` ինչի՞ց է

-Ի՞նչ անենք ճաքերի հետ, ինչպե՞ս ապրենք ճաքած մատներով ու սրտերով։
 
-Ապրե՞լ... էս բառը վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ օգտագործել: Գոյատևում եմ, ճաքերը փորձում եմ սիրով լցնել, բայց սերը... ըըը, պատկերացրու` խոնավ, ճաքճքած պատերի միջից ավազ է թափվում, այ այդպես էլ սերն է թափվում: Ու մնում է դատարկություն, ու այդ դատարկությունը կա՛մ տխրությամբ է լցվում (լավագույն դեպքում), կա՛մ այդպես էլ չի լցվում: Ծանր է: Ու միաժամանակ անտանելի թեթև:

-Գուցե գրելով.. Ո՞րն է պրոֆեսիոնալ  գրականությունը, գրելը։

-Չգիտեմ: Շատ խառն է գրականությունը, մեզ պես: Մեկի համար Բուկովսկին պրոֆեսիոնալ է, մյուսի համար` ոչ: Ճաշակի հարց է: Բայց, կարծում եմ, ամեն դեպքում, կա մի բան, որը պարտադիր է` անկեղծությունը: Հա, շատ սենտիմենտալ եմ, ինչ արած, հեռու եմ պրոֆեսիոնալիզմից: Ուղղակի խզբզում եմ: Գրելու արվեստը հետս է մեծացել, կամ հակառակը, ավելի մանկացել: Գնացել այն շրջան, երբ դեռ չէի ծնվել: Այ այդպես է փոխվել: Չծնված մանուկ է հիմա:

 -Չծնված մանուկը տպագրված  գիրք դառնալու շանսեր ունի՞։

-Օհ, ամենածանր հարցերից մեկը: Մարդիկ հարցնում են` չե՞ս ուզում գիրք տպագրել, ու ես սկսում եմ կմկմալ, հետո ծիծաղել, հետո տխրել: Գի՞րք, ե՞ս, հա՞ որ: Ինքնագնահատականը ի՞նչ է, որ չունեմ: Ինձ թվում է` ես չեմ գրում, ես զրուցում եմ, պատմում ցավս, կիսվում, աղոթում, լաց լինում, հուսահատվում: Ամեն ինչ անում եմ, բայց չեմ գրում: Վախենում եմ գիրք ունենալուց, վախենում եմ, որ ցավս ձեռքի տակ դրած փողոցներում կզբոսնեն, մեկը կտեսնի ընկերուհուն, կհարցնի՝ «էս ի՞նչ գիրք ա, մի հատ նայեմ», կնայի, ապշած ընկերուհուն կհարցնի` «էս ապուշությունը ինչո՞ւ ես կարդում»:

-Թերևս, արվեստի ամենանևրոտիկ ուղղություններից է գրականությունը և ապրումներդ էլ դրա բացատրությունն են։ Թե՞ այն, ինչ դու ես անում, գրականություն չէ։

-Մի անգամ դասախոսս հարցրեց, թե ինչ է պոեզիան: Դասընկերներս խոհափիլիսոփայական ինչ-որ պատասխաններ էին տալիս։ Ես, չգիտես ինչու, բարձր ասացի` ես եմ պոեզիան: Ու դասախոսս համաձայնեց: Վախենում եմ ասել, բայց ինձ թվում է, որ կապ ունեմ գրականության հետ, չգիտեմ, գուցե գրաքննադատները ինձ ասեն` դու ստատուս գրող ես ուղղակի, բայց ես հավատում եմ դասախոսիս, ում կարծիքով կարող եմ գրող դառնալ ու կդառնամ: Հավատում եմ, որ այն, ինչ հիմա եմ անում, մի օր լավ գրականություն է դառնալու (դե «լավ»-ը ըստ ճաշակի):

- Ինչի՞ պատճառով ես տառապում, ի՞նչ վախեր, տագնապներ ունես։ Ին՞չն է ստիպում գրել։

-Տառապում եմ, բայց ոչ թե պատճառով, այլ համար: Հայրիկի համար: Երջանիկ կլինեի, եթե նա այստեղ լիներ: Հա, այդ ժամանակ գուցե չգրեի, բայց ինչի՞ս է պետք գրելը, եթե նա, ում ամենից շատն եմ սիրում, չի կարող կարդալ: Վախենում եմ ինքս ինձնից, ոչ ոք չի պատկերացնի, թե ինչքան շատ: Ամեն վայրկյան մտքիս մի բան է փչում ու առանց մտածելու անում եմ: Ամենավատն այն է, որ հետո չեմ փոշմանում: Ցավն է ստիպում գրել, ասում է` գրիր, թե չէ ավելի կդաղեմ:

-Իսկ ի՞նչ բարդություններ ունի այդ ավելի  չդաղվելու նուրբ արվեստը։ Նկատի ունեմ՝ որո՞նք են գրողի աշխատանքի բարդությունները։ Երևակայություն, տեխնիկա, ինչպե՞ս ես զարգացնում։

-Հիմա չեմ հասցնում նորմալ զբաղվել գրականությամբ, ավելի շատ գրականությունն է ինձնով զբաղվում: Հնարավորինս շատ եմ փորձում կարդալ, փորձում հասկանալ սիրուն ու լավ գրելու տեխնիկան, ընդհանրապես գրելու տեխնիկան:Երևակայությունս բարեբախտաբար, մեկ-մեկ էլ դժբախտաբար, շատ ուժեղ է: Երևակայում եմ, երբ պատահի, ինչ պատահի, ում հետ պատահի: Գրականությունը ինձ համար նախ հաճույք է, հոգևոր պահանջ, սննդի պես բան է, կերակրում է մարդուն, սնուցում, կերտում քեզ: Գրականությունը եկել է, որ ասի` ինչքան մեծ է էս աշխարհը, ինչքան սիրուն, բայց միևնույն ժամանակ ինչքան դատարկ, անիմաստ, սխալ: Էլի հակասական մտքերս սկսվեցին, գրողը տանի ...

-Կա՞ն քեզ համար տաբու թեմաներ։

-Ոչ, տաբու թեմաներ չկան, առաջ հայրիկի թեման էր, հետո դարձավ պոեզիայիս հիմնական թեման:

-Քեզ  քննադատողներից ովքե՞ր են լավագույնս հասկացել քո աշխատանքը։

-Գրականության դասախոսս` ընկեր Համբարձումյանը։ Ճիշտ է, շատ չենք քննարկել, միայն մի քանի անգամ, բայց նա գիտի ինձ, հետևաբար գիտի իմ պոեզիան:

-Քեզ վրա մեծ ազդեցություն ունեցող գրողներն ովքե՞ր են։

-Կրակոտ Չարենց, խառը Բուկովսկի, պարզ ու հասարակ Հովհաննես Գրիգորյան, սիրելի Հարփըր Լի, և իհարկե, անտանելի թեթև Կունդերա: Կունդերայից հետո զգացի, որ սկսել եմ փոխել գրելուս ոճը: Եվ դա հրաշալի է:

-Հավատո՞ւմ ես ինքնատիպությանը, թե՞  ամեն գնով ինքնատիպություն փնտրելը ժամանակակից վիճակ է։

-Դե հա, կան նման մարդիկ, բայց, գուցե շատերը չհավատան (ինձ մեկ է), ես հոգնել եմ ինքնատիպությունից: Հոգնել եմ առանձնանալուց, ես սովորական-սովորական աղջիկ եմ, ով սեր է փնտրում, բայց ինձ չեն զգուշացրել, որ սերը հաճախ ցավեցնում է: Ես ամենահասարակ աղջիկն եմ իրականում, պարզապես գլխիս «շարիկները» մի քիչ պակաս են, իսկ փորիս թիթեռնիկները` շատ:

-Պատերազմն ինչպե՞ս ազդեց քեզ վրա։ Ծանր շրջան էր, նոր գործեր կծնվե՞ն։

-Պատերազմը... պատերազմը անդադար է, հավերժ, ներսում ու դրսում: Կարծես, ես դրա մեջ եմ ապրում ծնվածս օրվանից: Բայց, գիտե՞ս, արդեն սովորել եմ: Երբ այս պատերազմը չէր սկսվել, ես մտածում էի ուրիշ պատերազմների մասին, մտածում էի Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունների մասին, Պաղեստինի մասին, Աֆրիկայի երեխաների մասին, Լիբանանի պայթյունի մասին: Ես անդադար այդպիսի բաների մասին եմ մտածում, իսկ այս պատերազմը, կարծես, գագաթնակետն էր, որը ինձ գլորեց անդունդը, ու ինձ վրա իջավ կեցության անտանելի թեթևությունը, որից ծանր ոչինչ չկա աշխարհում (հաճախ եմ հիշում Կունդերային): Հա, նոր գործեր կծնվեն, բայց այն ժամանակ, երբ խաղաղվեմ:

-Հետպատերազմական շոկն ինչպե՞ս ես հաղթահարում։ Ի՞նչ անենք, ինչպե՞ս ապրենք։

-Չեմ հաղթահարում, չկա մի օր, որ մանկությանս ընկերոջը չհիշեմ ու լաց չլինեմ: Չկա մի օր, որ չմտածեմ` ինչո՞ւ են մարդիկ կռվում, սպանում, ինչո՞ւ, գրողը տանի: Մի՞թե չի կարելի պարզապես ապրել, լինել, սիրել իրար: Չգիտեմ, անկեղծ, չգիտեմ` ինչ անենք, որ լավ լինի, սիրուն լինի, որ երջանիկ լինենք: Այնքան խորքային խնդիրներ կան, որոնցից էլ սկսվում է այս քաոսը: Լավ, ազնիվ, ուժեղ ղեկավարներ, իրար գոնե հասկանալ, լսել փորձող մարդիկ: Մենք չենք լսում իրար, կամ էլ լսում ենք ոչ թե լսելու, այլ պատասխանելու համար: