Այսօր

Իմ ներսի երաժշտությունն եմ փոխանցում կտավներիս․ Տիգրան Թադևոսյան

  17 Հունիս 2021  480 դիտում
Իմ ներսի երաժշտությունն եմ փոխանցում կտավներիս․ Տիգրան Թադևոսյան

Շվեյցարիա, Իտալիա, Ռուսաստան, Կիպրոս, Հունաստան․Վանաձորի իր արվեստանոցում ստեղծած գործերը Տիգրան Թադևոսյանը հասցրել է ցուցադրել ինչպես անհատական, այնպես էլ խմբային ցուցահանդեսների ժամանակ։ Հերթական ցուցահանդեսներից խուսափում է։ Ասում է՝ ցուցադրվում եմ միայն այն դեպքում, եթե ունեմ կուտակված գործեր, որոնց ասելիքը նոր է։ Կարանտինի ընթացքում նման շատ աշխատանքներ է ստեղծել։ Հասցրել է հիմնել նաև հուշանվերների արտադրություն։

Erit.am-ի հետ զրույցում երիտասարդ նկարիչը պատմել է սպորտ-նկարչություն «հակամարտության», արվեստանոցում կրթություն ստանալու և վաճառքի չհանվող շարքի մասին։

-Ո՞րն է եղել նկարչության հետ կապված առաջին հիշողությունը։

-Հայրս գեղանկարիչ Գագիկ Թադևոսյանն է։ Նկարչության հետ կապված հուշերը գալիս են մանկությունից։ Հենց աչքերս բացել եմ, ներկի հոտն եմ զգացել։

Զբաղվել եմ և սպորտով, և նկարչությամբ։ Ծնողներս ինձ շատ ազատ են թողել։ Ինքս եմ որոշել ընտրել նկարչությունը։ Շատ բան սովորել եմ հորիցս՝ համբերատար աշխատանք,  գույների մաքրություն, նկարելու տեխնիկա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել․առաջին ուսուցիչս նա է եղել։

-Արդյո՞ք նա նաև Ձեր առաջին քննադատն է եղել։

-Մինչ օրս էլ այդպես է։ Իհարկե, քննադատությունը միշտ այնպես է անում, որ ոչ միայն չնեղանամ, այլև ինչ-որ նոր բան քաղեմ դրանից։

Միշտ հետևել եմ հորս խորհուրդներին։ Բանավեճեր էլ ենք ունեցել, օրինակ՝ որևէ հարցի իմ պրիզմայով եմ նայել, ու ինձ թվացել է՝ ճիշտ եմ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հասկացել եմ՝ պետք էր խորհուրդն ընդունել։

-Բանակից վերադառնալուց հետո բուհ չդիմեցիք,  ուսումը շարունակեցիք Սամվել Բաղդասարյանի արվեստանոցում։ Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը։

-Ուզում էի դիմել Գեղարվեստի պետական ակադեմիա։ Ընկերներս խորհուրդ տվեցին ուսումս արվեստանոցային միջավայրում շարունակել։ Նոր էի բանակից եկել, չորս տարի էլ դեռ պիտի սովորեի, եթե դիմեի։ Իսկ ես տեսակով ազատություն սիրող եմ, ակադեմիական կրթությունն իմը չէր։ Համաձայնեցի։

Ծանոթացրին վարպետ Սամվելի հետ։ Ու նրա հետ շփումն իմ նկարչություն բերեց մեծ փոփոխություններ՝ նոր գույներ, մտքեր, ասելիք։ Համոզվեցի՝ ընտրածս ճանապարհը ճիշտ է։