Այսօր

«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը կներկայացնի Արցախի կոլորիտն ու շունչը

  18 Հունիս 2021  285 դիտում
«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը կներկայացնի Արցախի կոլորիտն ու շունչը

Հունիսի 19-ին՝ ժամը 12:00-18:00-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը, որն իրականացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արցախցիները փառատոնին կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, արցախյան համեղ ուտեստներն ու թթուների հարուստ տեսականին:


ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային  ժառանգության  և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի խոսքով՝ փառատոնը միտված է Արցախի ոչ նյութական ժառանգության ցուցադրությանը և պաշտպանությանը, քանի որ պատերազմի հետևանքով Արցախի ժառանգությունը հեռացվել է իր կենսունակ միջավայրից և ժառանգության կրողները կորցրել են իրենց բնորոշ միջավայրը:

«Այս նպատակով նախարարության առաջնահերթությունների, մշակութային քաղաքականության մեջ է մտնում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական ժառանգության տարրերի պաշտպանության ուղղությամբ  ծրագրերի իրականցումը: Երբ դրամաշնորհի տրամադրման մրցույթի շրջանակում  «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ դիմել էր «Արցախի համն ու հոտը» փառատոնը Աշտարակի Պռոշյանի տուն-թանգարանում իրականացնելու համար, որոշում է կայացվել իրականացնել այդ նախագիծը, քանի որ այն շատ արդիական և հրատապ իրագործելի ծրագիր է, որի նպատակն իր բնական միջավայրից կտրված ժառանգության պահպանությունը, տարածումն ու ցուցադրումն է»,- նշել է նախարարության ներկայացուցիչը և հավելել, որ այս ծրագիրը ունի նաև սոցիալական բաղադրիչ, քանի որ փառատոնը ցուցահանդես-վաճառի ձևաչափով  է, և գոյացված հասույթը բարեգործական նպատակներով տրամադրվելու է Արցախից տեղափոխված կանանց սոցիալական իրավիճակի բարելավմանը:

Բերձորից մասնագիտությամբ մանկավարժ Լուսիկ Գեղամյանը, ով ևս մասնակցում է փառատոնին՝ նշել է, որ ներկայանալու է իր ձեռքգործ գլխազարդերի, կոպիների ցուցադրությամբ, որոնք կիրառվում են համապատասխանաբար՝ Արցախի, Սյունիքի, Լոռու, Երևանի և այլ շրջանների  տարազների հետ: Նրա խոսքով՝ փառատոնին մասնակցությունը ուրախալի է, միաժամանակ՝ պատասխանատու:

«Ձեռքի աշխատանք կատարելու որոշակի հմտություններ ունեի, ինչը մանկապարտեզում դաստիարակ աշխատելու ժամանակ ուսուցանում էի  նաև երեխաներին»,- պատմում է  Լյուսիկ Գեղամյանը և հավելում, որ պատերազմի հետևանքով Բերձորից տեղահանվելով, այստեղ՝ «Տերյան մշակութային կենտրոնն» իր հյուրընկալ դռներն է բացել արցախցիների առջև՝ ընձեռելով հնարավորություններ՝ աշխատելու կենտրոնում և ստեղծելու տարբեր ձեռագործ աշխատանքներ:

«Կազմակերպության շնորհիվ շարունակում ենք աշխատել ու ապրել,- նշել է Լուսիկ Գեղամյանը և հավելել, որ Տերյան մշակութային կենտրոնն իրենց ապահովել է ոչ միայն աշխատանքով, այլև շրջապատել ուշադրությամբ, հոգատարությամբ և սիրով:

Նշենք, որ «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնի նպատակն է ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանությանը:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, ուտեստների համտես-վաճառք, ինչպես նաև կցուցադրվեն Սյունիք-Արցախի տարազային համալիրները՝ ապահովելով Արցախի կոլորիտն ու շունչը:

Մուտքն ազատ է:

Նյութը՝ Ալլա Սերոբյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ