Այսօր

Կուզեի ասել՝ սերը հաղթում է պատերազմը, բայց պատերազմին այնքան սերեր պարտվեցին․ Սպայի կին

  22 Հունիս 2021  1216 դիտում
Կուզեի ասել՝ սերը հաղթում է պատերազմը, բայց պատերազմին այնքան սերեր պարտվեցին․ Սպայի կին

Ջեմմա Սամսոնյանը նկարչուհի է։ 24 տարեկանում ամուսնու՝ Ջրականի (Ջաբրայիլ) զորամասի սպայի հետ տեղափոխվել է Արցախ։ Սկզբում անսովոր, բարդ, բայց նաև խաղաղ ու երջանիկ արցախյան կյանքի ավարտը նրա համար 2020թ․–ի սեպտեմբերն էր։

–Նկարչուհի ես։  

–Այո, նախ սովորել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Մինչև Արցախ տեղափոխվելը Երևանում մի շարք ուսումնական կենտրոններում եմ աշխատել, նաև՝ Մոզաիկայի գործարանում, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ամուսնուս հետ ծանոթացել եմ, երբ նա ավարտում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Արդեն կար հրամանն ու գիտեինք՝ ծառայության է մեկնելու Ջրական (Ջաբրայիլ, Մեխակավան–հեղ)։ Մեր մտերմությունն ամրացավ, հարաբերությունները լրջացան հենց այնտեղ իր ծառայության ընթացքում, պարբերաբար փորձում էր գալ։ Հետո որոշեցինք ամուսնանալ ու ես էլ իր հետ Ջաբրայիլ տեղափոխվեմ։ Ինձ այդ ընթցքում շատ էին ասում՝ դու ակտիվ մարդ ես, այստեղ բազմաթիվ գործեր ես անում, ի՞նչ ես անելու Ջաբրայիլում։ Բայց իմ միակ ցանկությունը նրա կողքին լինելն էր։

–Տեղափոխվելուց հետո առաջին տպավորությունները կհիշե՞ս։

–Գիտակցեցի, որ այնտեղ ոչինչ չկա․ սկզբում զարմանում էի՝ այս պայմաններում մարդիկ ինչպե՞ս են երջանիկ ապրում, հետո հասկացա՝ ինքս էլ եմ այնտեղ երջանիկ։ Չգիտեմ, ամենապարզ օրինակը բերեմ, որից երևի ավելի հասկանալի կլինի՝ Ջաբրայիլում նույնիսկ թարմ հաց չէր լինում, չկար բանջարեղեն, միրգ։ Բայց մինչև մեկնելն էլ, ես երևի պատրաստ էի սրան։ Ինձ այս դժվարությունների մասին միտքը չէր վախեցնում։ Ամենածանրն այն էր, որ ամուսինս դիրքապահ էր ու ամեն 15 օրը մեկ ճանապարհում էի նրան։ Մենք ամուսնացանք 2018թ․հոկտեմբերին ու միասին Ջաբրայիլ մեկնելուց 2–3 օր հետո ինքը բարձրացավ դիրքեր, ես մնացի մենակ՝ նոր տանը, նոր տեղանքում, որտեղ ոչ մեկին չեմ ճանաչում։ Այդ ընթացքում մեզ շատ էր օգնում ամուսնուս մայրը, համարյա ամեն հերթափոխին Երևանից Արցախ էր գալիս, որ ես միայնակ չլինեմ։  Ես էլ քիչ–քիչ հարմարվում էի, ազատ ու միայնակ եղած ժամանակ շատ ակտիվ նկարում էի․ համացանցն ու հեռուստացույցը որպես զբաղմունք ինձ հիմնականում հետաքրքիր չեն, այնպես որ օրերս նկարելով էի լցնում։

–Ամենաշատն ի՞նչն էր պակասում։

Ամեն ինչի պակասը կար, բացի՝ գումարից։ Զինվորականները համեմատաբար նորմալ աշխատավարձ են ստանում, բայց այդ գումարը ծախսելու տեղ պարզապես չկա․ այնպես որ շատ գումար կար, իսկ այն ծախսելու տարբերակ՝ ոչ (ժպտում է–հեղ

–Գիտեմ, որ որոշ ժամանակ անց տեղի երեխաների հետ սկսեցիր աշխատել, հիմնեցիք երեխաների զարգացման կենտրոն։

–Դա էլ հետաքրքիր ստացվեց․ մի օր ամուսնուս եղբայրը մեզ մոտ՝ ծառի վրա փակցված հայտարարություն տեսավ, պահանջվում էր նկարչության մասնագետ։ Այն այդպես անպատասխան երևի 7–8 ամիս արդեն փակցված էր։ Ամուսնուս հետ խորհրդակցելուց հետո զանգահարեցինք, այդպես ես դարձա Մեխակավանի մանկապատանեկան զարգացման կենտրոնի մեթոդիստ ու սկսեցի դասավանդել նկարչություն ու կավագործություն։ Այդ կենտրոնը նոր էր հիմնվում, որպես տարածք տրամադրվել էր զորամասի գրադարանը, սակայն քանի որ համապատասխան մասնագետներ գտնելը դժվար էր, աշխատանքները դանդաղում էին։ Արդյունքում կենտրոնը հիմնվեց ու սկսեցինք աշխատել մոտ 180 աշակերտի հետ․ նրանք զինավանի ու տարածքի գյուղերի երեխաներն էին։ Ուզում եմ անպայման նշել Նարինե Քոչարյանի մասին․ Նարինեն Արցախում ունեցածս առաջին ընկերն էր, ով բոլոր դժվարությունների ժամանակ ինձ անսահման լավատեսություն էր փոխանցում։ Որոշ ժամանակ անց նրա օգնությամբ Ստեփանակերտում ցուցահանդես կազմակերպեցի։ Ներկա էր այդ ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նրա խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, զինծառայողներ, այլ հյուրեր։ Ուզում եմ նաև հատուկ նշել թվարկածս մարդկանց մեծ պատրաստակամությունը մեր բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում։ Զարգացման կենտրոնի համար մեզ բավականին թանկարժեք վառարան էր պետք, Բակո Սահակյանին դիմելուց հետո մի քանի օրվա ընթացքում հարցը լուծվեց, ՊԲ հրամանատարը մեզ բազմաթիվ ներկեր, մատիտներ, այլ պարագաներ փոխանցեց։ Չգիտեմ, անսահման ոգևորվում էիր, որ արածդ գործը կարևորվում է։ Իսկ այն կարևոր էր, որովհետև տարածքի երեխաները ոչ մի այլ զբաղմունք չունեին ու ապրում էին հիմնականում կարոտով՝ 15 օրը մեկ իրենց հայրերին սպասելով, ինչպես ես ամուսնուս էի սպասում։ Մեկ–մեկ նկատում էի, որ դիրքեր բարձրանալու օրերին ես նախատեսված ժամանակից շատ ավելի եմ աշխատում երեխաների հետ, մի տեսակ ոնց որ իրենք իմ կարոտը փորձեին ցրել, ես՝ իրենց (ժպտում է–հեղ

–Ընդունված է ասել, որ սպայի կին լինելը պատվաբեր ու միաժամանակ նաև շատ բարդ է, անընդհատ ապրում ես «ճամպրուկների վրա»՝ սպասելով տեղափոխման հրամանին։  

–Մեր այդ «ամենածանր ճամպրուկն» ամուսնուս դիրքերի պայուսակն էր։ 15 օրը մեկ հավաքում էի՝ պատրաստվելով կարոտին, փոխպարենը՝ տոն էր դիրքերից իջնելու օրը։ Ամեն դեպքում մենք ամեն ինչ միասին ենք հաղթահարել։ Ես երբեք չեմ բողոքել կայացրածս որոշումից, նույնիսկ ինքս իմ մեջ։ Ծնողներիս էի կարոտում, Երևանի ընկերներիս, այստեղի ցուցահանդեսները, մշակութային կյանքը, բայց ես մարդու կողքին էի, ում սիրում եմ ու դա ամենակարևորն էր։

Հիշում եմ՝ երբ նոր եկա Ջաբրայիլ, ինձ համար զինավանում մի օրինակելի ընտանիք կար։ Մինչև հիմա, երբ մոտս «ընտանիք» են ասում՝ առաջինն իրենք են աչքիս առաջ գալիս։ Կինն էլի ինձ նման Երևանից էր, երեք երեխա ունեն ու Ջաբրայիլում ապրում էին արդեն 18 տարի։ Այս պատերազմում զոհվեց այդ ընտանիքի հայրը․ մինչև հիմա նրանց հիշելիս չեմ կարողանում չհուզվել։