Այսօր

Մշակույթը ժամացույցի լարված զսպանակ է, որն ապահովում է մեր գոյությունը․Գոռ Մելքումյան

  23 Հունիս 2021  495 դիտում
Մշակույթը ժամացույցի լարված զսպանակ է, որն ապահովում է մեր գոյությունը․Գոռ Մելքումյան

Ուսանողական տարիներին դուդուկ, շվի ու սրինգ էր նվագում, ելույթ ունենում տարբեր նվագախմբերի ու արտիստների հետ։ Ավարտական քննության ժամանակ որոշեց երգչախմբի հետ համերգով հանդես գալ։ Չէր էլ կարող պատկերացնել, որ մեկ համերգի համար ստեղծված խումբը երկար կյանք կունենա։ Այսօր «ԱՐԱՐ» երգչախումբն 9 տարեկան է։ Վերջերս երգչախումբը հանդես եկավ համերգ-բանախոսությամբ՝ բացահայտելով Նիցշեին՝ որպես կոմպոզիտորի։ Erit.am-ի հետ զրույցում երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանը պատմել է երաժշտական փնտրտուքների, կատարողական արվեստից երգչախմբայինի անցնելու և մշակույթի շուրջ մարդկանց համախմբելու մասին։

«Եթե երաժիշտ չդառնայի...»

Երաժշտության ընտրությունն առաջնային է եղել: Եթե նույնիսկ երաժիշտ չդառնայի, ստիպված էի լինելու ամենաբծախնդիր ունկնդրի նման նստել և գտնել «իմ ականջին համապատասխան» երաժշտություն: 

Ամեն երաժշտություն չեմ լսում․ ամեն երաժշտություն չեմ կարող մարսել: Կա նաև երաժշտություն, որը սիրում ու լսում եմ, բայց որպես խմբավար այն մեկնաբանել չեմ ցանկանա: Օրինակ՝ շատ եմ սիրում Մոցարտ լսել, բայց հազվադեպ եմ կատարում: Կատարվելիք ստեղծագործություններն ինձ հեշտ չեն տրվում:

Անթիվ ստեղծագործություններ կան աշխարհում։ Պետք է փնտրել ու գտնել այն, ինչ կարող ես լսել: Թվում է՝ գտնելը մեր օրերում ավելի հեշտ է (օրինակ՝ յութուբյան ալիքում կարող ես ուզածդ ստեղծագործությունը գտնել ու լսել), բայց առաջ է եկել մեկ այլ խնդիր՝ հնարավոր է՝ լավ գործը վատ մատուցմամբ լսես, և դա քեզ վանի: 

Ես, օրինակ, դաշնամուրով նվագում եմ այս կամ այն գործը, որ ինքս լսեմ, հասկանամ, խաբկանքների չտրվեմ։