Այսօր

Ինչ-որ բան փոխելու համար աշխարհն ավելի գեղեցիկ դարձնելն այլևս պարտադիր չէ․ Լուսին Գինոսյան

  30 Հունիս 2021  715 դիտում
Ինչ-որ բան փոխելու համար աշխարհն ավելի գեղեցիկ դարձնելն այլևս պարտադիր չէ․ Լուսին Գինոսյան

Երկու-երեք տարեկան էր, երբ ձեռքն առավ մատիտն ու սկսեց նկարել։ Ժամերով նստում էր սպիտակ թղթի առաջ՝ փորձելով նկարել մայրիկի նման։ Թղթերը փոքր էին ու քիչ, իսկ նա ավելի մեծ տարածքներ էր փնտրում։ Սկսեց նկարել ավտոտնակների վրա, տան պատերին։ Ծնողները բարկանում էին, որոշեց փնտրել աչքի չընկնող հատվածներ։ Խալիների հետևում արված «որմնանկարները», սակայն, հայտնաբերվեցին։ Պատժելու համար ուշ էր․այլ բնակարան էին տեղափոխվում։ Արվեստի ճանապարհն ընտրեց իր ցանկությամբ՝ միաժամանակ իրականացնելով նկարիչ դառնալու մայրիկի երազանքը։ Erit.am-ի զրուցակիցն է երիտասարդ նկարիչ Լուսին Գինոսյանը։

-Ի՞նչ եք փնտրում արվեստում։

-Ինձ եմ փնտրում և անընդհատ։ Չի եղել մի այնպիսի շրջան, որ ասեմ՝ շատ լավ է, ես ինձանից գոհ եմ, սա այն է, ինչ ուզում էի անել։ Այդ փնտրտուքն անընդհատ կա։

Կարծում եմ՝ հենց այդ պրոցեսում էլ աճում ու զարգանում ես։ Եթե գա մի պահ ու ասես՝ վերջ, ես ինձանից գոհ եմ, ավելին չեմ ուզում, լճացման ես գնալու։ Ոչ միայն որպես արվեստագետ, այլև որպես մարդ պետք է անդադար փնտրես քեզ, նոր բաներ բացահայտես․ գտնելու, բացահայտելու շատ բան կա, պարզապես մենք դրանով քիչ ենք զբաղվում։

-Շատ բան ասված ու արված է։ Որպես արվեստագետ ի՞նչ նորություն եք փորձում բերել։

-Ոչ մի ոլորտում էլ մարդ ոչինչ նոր չի ստեղծում։ Բնությունը վաղուց ամեն ինչ ստեղծել է։ Մնում է մեր աչքերն այդ ամենը տեսնեն, ընկալեն, ֆիլտրեն, այլ ֆորմաների մեջ դա դուրս հանեն ու տեսանելի դարձնեն։

Կուզենայի ժամանակից առաջ ընկնել, բայց դա բարդ պրոցես է։ Փորձում եմ գոնե ժամանակին համընթաց շարժվել։

Եթե անեմ այն, ինչ անում էին ինձանից առաջ, ես ես չեմ լինի։ Եթե անեմ ինչ-որ մեկի ոճով, որն ինձ դուրս է գալիս, էլի իմ եսը կկորցնեմ։ Ուղղակի փորձում եմ անկեղծ լինել ինքս ինձ հետ, լինել այնպիսին, ինչպիսին կամ, ու ստեղծել այն, ինչ իրոք ուզում եմ ասել իմ նկարներով։