20-րդ դարի հայ արվեստում գեղանկարչության պատմական ժանրի հիմնադիրն է համարվում Վարդգես Սուրենյանցը, որի վրձնած բազմաթիվ կտավներում մարմնավորվել են մի շարք հնչեղ կերպարներ։ Այդ անհատների կյանքը պատկերող ամենանուրբ դիպվածները նկարիչն արտահայտել է խորաթափանց հմտությամբ, համակելով նրանց զգացմունքայնությամբ և բազմաշերտ ներաշխարհով։ Սուրենյանցի երկերի թվում առավել ինքնատիպ և հարուստ ստեղծագործություններից է «Ֆիրդուսին կարդում է «Շահ - Նամեն» Մահմուդ Ղազնևի շահին» կտավը, որն աչքի է ընկնում յուրօրինակ մտահղացմամբ և կատարման բացառիկ վարպետությամբ։ Սա Իրանի պատմությանը նվիրված մի բարձրարժեք երկ է ողջ օրիենտալիստական կերպարվեստում, որը ստեղծվել է 1913 թ․-ին։
Նկարչի կյանքում մեծ դեր ունեցան ճամփորդությունները՝ էապես փոխելով նրա աշխարհայացքն արվեստում։ Արևելագետ, նշանավոր պրոֆեսոր Իվանովի հետ դեպի Իրան կատարած արշավների ընթացքում նա հաստատապես լսել էր Աբդուլ Քասիմ Ֆիրդուսու մասին ժողովրդական ավանդազրույցները։ Հանճարեղ բանաստեղծը պարսից թազքերաններում հիշատկվում է իր մեծածավալ էպիկական վեպով, որ սկսեց շարադրել երեսունվեց տարեկանում։ Ֆիրդուսին որոշել էր մեծ վարպետ Դաղիղի գործը շարունակել և չափածո պատումի վերածել Իրանի «Արքաների գիրքը»։ Սուրենյանցը դեռևս ուսումնառության տարիներից ծանոթ էր «Շահ - Նամե» էպոսին և տարված էր վեպի բարդ կառուցվածքով ու շքեղ լեզվական հյուսվածքով։ Հատկապես հետաքրքիր է այն, որ նկարիչն այս գործի համար ընտրեց ոչ թե էպոսի հատվածներից մեկը, այլ որոշեց արտացոլել Ֆիրդուսու և Մահմուդ Ղազնևի շահի մասին պատմվող ժողովրդական զրույցը։
Նկարում պատկերված Մահմուդ շահը Իրանի Ղազնևիների հսկայածավալ պետության առաջնորդն էր, որը հիմնադրվել էր Արաբական Խալիֆայության թուլացման հետևանքով։ Ղազնևիները թուրքական ծագում ունեցող արքայատոհմ էին, որոնց տերությունը ներառում էր Իրանական բարձրավանդակի ամբողջ Արևելքը, Հնդկաստանի Արևմուտքը և Կենտրոնական Ասիայի մի զգալի հատվածը։ Մահմուդ շահը, գահ բարձրանալով, իր պալատ է կանչում Ֆիրդուսուն։ Նա ընդունելով հրավերը, ծննդավայր Թուսից ուղևորվում է Ղազնա և փառավոր դիրք գրավում արքունիքում։ Օրերից մի օր, գինարբուքի ժամանակ Մահմուդ շահը հիանում է պոետի արտասանած ութնյակ բանաստեղծությամբ և նրան անվանում «Ֆիրդուսի», ինչը նշանակում է դրախտային: Ժողովրդական զրույցը հաղորդում է, որ շահն արժևորելով բանաստեղծի տաղանդը ապարանք է ընծայում նրան և պատերին նկարել տալիս Իրանի հին արքաների պատկերներն ու բազում այլ առասպելական տեսարաններ, որոնք պիտի ոգեշնչեին պոետին իր հռչակավոր գիրքը ստեղծելու համար։ Զրույցից պարզվում է, որ ըստ պայմանի արքան բանաստեղծին «Շահ - Նամեի» ամեն երկտողի համար պիտի վճարեր մեկ ոսկի, բայց Ֆիրդուսին ցանկանում է գումարը ստանալ գործն ավարտելուց հետո։ Ի վերջո, պայմանը խախտում է շահը, որը պոեմը կարդալուց հետո խոստացված մեկ ուղտաբեռ ոսկու փոխարեն, մի բեռ արծաթ է ուղարկում հեղինակին՝ իբրև պարգև։
Ավանդազրույցը պատմում է նաև, որ պոետն իր ստացած արծաթը բաժանում է աղքատներին և հայտնում արքայի համհարզին, որ փողի համար չէ գրված «Շահ - Նամեն»։ Մահմուդ Ղազնևին բարկացած որոշում է պատժել հանդուգն բանաստեղծին հակաճառության համար, սակայն Ֆիրդուսին ներում է հայցում արքայից ու չստանալով ողորմածություն՝ սկսվում է թափառականի կյանք վարել։ Փախուստից առաջ նա Ղազնայի մզկիթի պատին մի զղջման գրություն է թողնում։ Չտեսնելով պոետի ներում հայցող երկտողը, բարկացած շահը սկսում է հետապնդել նրան։ Վերջապես պոետի թափառումներն ավարտվում են Քուհիստանում, ուր իշխող կուսակալը դիմում է մեծն Ղազնայի տիրակալին և քննադատում նրան հանճարեղ բանաստեղծին հալածելու համար։ Ասում են, թե Ֆիրդուսուն պաշտպանող կուսակալի նամակը հասել է Ղազնայի արքունիք այն ժամանակ, երբ շահն արդեն կարդացել էր մզկիթի պատին փորգարված մեղայական գրությունը, սակայն բանաստեծն այլևս չկար։ Մեր կարծիքով, հենց այս ժողովրդական ասքի (ինչն ըստ էության զուրկ չէ պատմական հիմքից) մի դրվագն է նկարագրված կտավում, որտեղ երևում է Ֆիրդուսու մասին պատմվող զրույցների նկատմամբ Սուրենյանցի վառ հրապուրանքը։

Ֆիրդուսին կարդում է «Շահ - Նամեն» Մահմուդ Ղազնևի շահին (I տարբերակ)
Ինչպես շատ նկարիչներ, Սուրենյանցը ևս իր կոմպոզիցիաների կառուցման, գույնի և ձևերի հղացման ճանպարհին մեկ կտավի համար երբեմն ստեղծում էր բազմաթիվ նախօրինակներ։ Այդ պահպանված գործերն այժմ թույլ են տալիս բացահայտել հեղինակի ստեղծագործական ողջ ընթացքը, պարզաբանել նրա գաղափարների գեղագիտական զարգացումը։ «Ֆիդուսին կարդում է «Շահ - Նամեն» Մահմուդ Ղազնևի շահին» կտավի նախօրիանակում, ինչպես վերջնական տարբերակում, բոլոր մատնանշվող կերպարները գրեթե առկա են։ Նրանք սպառնալի մթնոլորտ են ստեղծել և, կարծես, պոետն արդարանում է արքունիքի առաջ, նրանց հիացնելու փոխարեն։ Շահը ծալապատիկ նստած է ոսկեհուռ գահին, նրա դիրքը և դեմքի արտահայտությունը արհամարհանք են արտահայտում։ Շուրջը խմբված պալատականները նույն քամահրական դիրքն ունեն, նրանց թիկունքում պատկերված կերպարներն առհասարակ անհաղորդ են դեպքերի զարգացմանը և զրուցում են միմյանց հետ։ Նկարիչն արտակագ շքեղ է պատկերել գահասենյակը, գորգերն ու առաստաղը։ Փոքրիկ մատռվակը խիստ անորոշ է պատկերված և, կարծես, անջատ լինի հորինվածքից: Նրա հանդերձանքը ևս անմշակ է, ու գույնն ավելի ցայտուն է, քան հորինվածքի ընդհանուր գունաշարը։ Գուցե սա այն չէր, ինչ ցանկանում էր մեզ՝ դիտողներիս ներկայացնել Սուրենյանցը։ Ակնհայտ է, որ այս օրինակն էականորեն զիջում է կտավի վերջնական տարբերակին։

Ֆիրդուսին կարդում է «Շահ - Նամեն» Մահմուդ Ղազնևի շահին (II տարբերակ)
Կտավի վերջնական տարբերակում հորինվածքային հիանալի լուծում է գտել նկարիչը։ Նրա վրձնած անկյունագծային առանցքում կերպարները դասավորված են շարժուն հաջորդականությամբ։ Հանգուցային կերպարը գահին փառավորապես բազմած Մահմուդ շահն է: Նա թիկնել է՝ ձեռքերը մետաքսե բարձին հենած, ամբողջ պատկերը արտահայտում է արքունի շքեղությունն ու պերճանքը։ Օթոցի երևացող կողամասին՝ կամարազարդի մեջ նկարիչը պատկերել է հեծյալի, որն աշխարհիկ իշխանության խորհրդանիշն է։ Սուրենյանցը գահի պատկերմամաբ փորձել է կտավում վերականգնել արդեն XIX դարում հյուծված և նահանջող Իրանի շահանշահերի փառքը։ Սա իր ողջ խորհրդաբանությամբ հիշեցնում է մեզ երբեմնի աշխարհակալ կայսրության անցյալի հզորությունը։ Շահն ուշադրությամբ և լրջախոհությամբ, կարծես, կռահում է պոետի խոսքերի թաքնագիր իմաստը, նա քննախույզ, լարված ու կասկածող հայացք ունի։ Ո՞վ իմանա, գուցե Ֆիրդուսին կարդում է արքայի ազգակից՝ թուրք զորապետ Սոհրաբի մահվան ասքը, որով Իրանի և Թուրանի մշտատև պայքարում հաղթում էին պարսիկները։ Հայրը սպանում է որդուն.
«Բայց Ռոստամը կատաղորեն մեկնեց ճանկը ամեհի,
Բռնեց վագրի նման կռվող ամուր վիզը Սոհրաբի
Ու ոլորեց, ծռեց մեջքը այդ քաջառյուծ պատանու,
Օրհասկան ժամից հետո էլ ի՞նչ միտք կա կռվելու…
Անմիջապես կողքից քաշեց իր դաշույնը սրածայր,
Որդու սիրտը պատառոտեց, նոր իր սիրտը հովացավ …»
Գորգերի վրա պատկերված է հովազը, որի կծկված կերպարը խորհրդանշում է հնազանդությունը գահին։ Կտավի աջ անկյունում տեղ գտած պալատականները ուշադրությամբ ու հանդարտորեն լսում են բանաստեղծի խոսքը, իսկ թիկնապահ զինվորները աչալուրջ հսկում են իրադրությունը։ Նկարում մթնոլորտի լարվածությունը ցուցադրում է փոքրիկ մատռվակը, որին Սուրենյանցը պատկերել է նրբորեն ու գեղեցիկ դիմագծերով՝ կարծես դեռատի աղջնակի։ Առանցքային մյուս կերպարը ինքը՝ Ֆիրդուսին է, որը թիկունքով է պատկերված դիտողին՝ ձեռքը մի փոքր առաջ, պաթետիկ դիքով։ Նկարին նայելիս, դիտողն ինքը լարված սպասում է շահի արձագանքին, դեպքերը պալատից դուրս են տեղի ունենում՝ բնության գրկում, գուցե շահական ընտիր պարտեզներում։
Այս կտավում համադրված են նկարչի նախընտրած արևելյան արվեստի տարաձև մոտիվները, ժամանակներն ու պարականոն լուծումները։ Սուրենյանցն իր ստեղծագործությամբ ցույց է տալիս Արևելքի ողջ գեղեցկությունը, նրա բարքերը և իմաստավորված յուրաքանչյուր բառը։ Նկարիչն իր գրեթե բոլոր կտավներում խուսափում է ուղիղ հեռանկարից և օգտագործում է տարբեր ուղղություններից բացվող դիտանկյունները, հորինվածքի կառուցման ամենատարբեր մեթոդները և հնարքները։ Այսպիով նա յուրահատուկ ներքին միջավայր է ստեղծել իր գեղանկարչական աշխարհում՝ դիտողին ներկա դարձնելով պատկերված իրադարձությունների ընթացքին։ Այս ստեղծագործությունը խոսուն ապացույցն է այն բանի, որ Սուրենյանցը հմուտ գիտնականի նման է քննել պատմական աղբյուրները, գերազանց տեղյակ լինելով պարսից գրականությանն ու մանրանկարչությանը։ Նրա տաղանդը և յուրօրինակ գեղագիտությունը հայկական կերպարվեստում մինչև այժմ էլ զարմացնում և հիացնում են մեզ։ Նկարիչն իրավամբ տարված էր արևելյան մշակույթով և նրա ամենանուրբ ու խորը գիտակն էր և այս իմացության լավագույն դրսևորումը հեղինակի «Շահ – Նամեի» թեմաներով ստեղծված հրաշալի ստեղծագործություններն են։
Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան