Այսօր

Գիրքը ընթերցողին կստիպի տեղ տալ կյանքի չնչին ուրախություններին և հենց այդ վայրկյանին համտեսել երջանկությունը. Սիրանուշ Փարսադանյան

  07 Հուլիս 2021  300 դիտում
Գիրքը ընթերցողին կստիպի տեղ տալ կյանքի չնչին ուրախություններին և հենց այդ վայրկյանին համտեսել երջանկությունը. Սիրանուշ Փարսադանյան

Շաբաթներ առաջ, հայ ընթերցողների սեղանին է դրվել նոր գիրք: Խոսքը գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Բորխերտի՝ պատերազմական թեմայով գրված «Հացը» պատմվածքների ժողովածուի մասին է: Սիրանուշ Փարսադանյանի՝թարգմանության հեղինակի հետ խոսել ենք մտահղացման, պատահած դժվարությունների և գրքի նշանակության ու արդիականության մասին:

- Սիրանո՛ւշ, վերջերս Ձեր թարգմանությամբ տպագրվեց Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» պատմվածքների ժողովածուն: Մի փոքր կպատմե՞ք, թե ինչպես սկսվեց և ի՞նչ ընթացք ստացավ աշխատանքը:

-Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» պատմվածքների ժողովածուն հայերեն թարգմանությամբ տպագրվել է բոլորովին վերջերս: Գիրքը լույս է ընծայել «Երևանյան էսքիզ» հրատարակչությունը: Ցանկությունս մեծ էր՝ տեսնել Վոլֆգանգ Բորխերտի պատմվածքները մի առանձին ժողովածուում՝ թարգմանված հայերեն, որովհետև նա այնպիսի հեղինակ է, որ, իսկապես, արժեր թարգմանել և արժե կարդալ:

Ամեն անգամ, երբ մտածում եմ Բորխերտի ստեղծագործությունների մասին, զարմանում եմ՝ ինչպես կարող է հասարակ մահկանացուն լինել այդքան դյուրազգաց ու նրբանկատ: Նախքան պատերազմը Բորխերտը հեղինակել է սիրային նուրբ բանաստեղծություններ, բայց պատերազմը տակնուվրա է արել նրա ողջ ներաշխարհը՝ «հարկադրելով» գրել գործեր, որոնք կարելի է բնորոշել մի բառով անգամ՝ հակապատերազմական… Վոլֆգանգ Բորխերտի գրվածքներին ծանոթանալուց հետո այլևս անհնար է մտքից հանել այն պատկերները, որ հրամցնում է հեղինակը: Դրանք զորեղ են, հզոր, միևնույն ժամանակ՝ աներևակայելի նուրբ, անկեղծ ու բնական…

- Բավականին բարդ գործ է թարգմանական աշխատանքը: Այս անգամ ինչպե՞ս կատարեցիք գրքի ընտրությունը:

- Դեռ տարիներ առաջ, երբ Բուկինիստում կողք կողքի դարսված գրքերի շարքում նկատեցի մի գերմաներեն գիրք, որում առանձնացված էին տարբեր հեղինակների մի քանի արձակ ստեղծագործություններ, ու հետո, երբ սկսեցի ընթերցել գիրքը, ևինձ հատկապես գրավեց «Հացը» վերնագրով պատմվածքը, ես արդեն գիտեի՝ մի օր պիտի թարգմանեմ Վոլֆգանգ Բորխերտի պատմվածքների որևէ ժողովածու:

- Երբ սկսել էիք գիրքը թարգմանել, բոլորս բարդ ժամանակներ էինք ապրում, պատերազմի մեջ էինք: Դժվա՞ր չէր Ձեզ համար կենտրոնանալ աշխատանքի վրա:

-Դժբախտաբար, գրքի թարգմանական գործընթացը համընկավ պատերազմական օրերի հետ, թեև պատմվածքներից մի քանիսը ավելի վաղ էի թարգմանել: Անկեղծ ասած՝ ոչ թե դժվար էր, այլ գրեթե անհնար էր այդ ծանր օրերին զբաղվել որևէ աշխատանքով: Իրականում, սարսափելի բարդ է կենտրոնանալ անգամ ամենասիրելի աշխատանքի վրա, երբ վտանգված է ամենաթանկը՝ հայրենիքը, երբ զոհասեղանին քո երկրի մշուշված ճակատագիրն է: Եվ գրքի թարգմանությունը մի պահ պարզապես ընդհատվեց: Վերսկսելը հոգեբանական առումով շատ ավելի ծանր էր, քան կարող էի պատկերացնել. չէ՞ որ թարգմանում էի գիրք, որը նկարագրում էր պատերազմի պատճառով խեղված մարդկային ճակատագրեր, ու գրքի տողերում այնքան շատ կար ցա՛վ, ցա՛վ, ցա՜վ… Ամենացավոտն այն էր, սակայն, որ ես ինքս, կամա թե ակամա, մտովի զուգահեռ էի անցկացնում մեր իրականության հետ և, դժբախտաբար, գտնում ահռելի նմանություններ ու աղերսներ:

- Իսկ ի՞նչ են պատմում գրքում տեղ գտած պատմվածքները, ինչի՞ մասին են: Եվ գիրքը առհասարակ ի՞նչ կտա մերօրյա ընթերցողներին:

- Գրքում տեղ գտած պատմվածքները պատերազմի և հետպատերազմյան շրջանի մասին են, ու որքան էլ դառը հնչերանգ պարունակի՝ շատ մոտ մեր հասարակության համընդհանուր տրամադրությանը: Պատերազմի թեման միշտ կմնա արդիական, ինչքան էլ ցավոտ լինի ընդունել դա, և պատերազմական գրականությունը կլինի մեր հավերժական ուղեկիցը:

Վոլֆգանգ Բորխերտի հերոսները մարդիկ են, որոնց կյանքը խեղվել է պատերազմի պատճառով, և որպես կենսասեր ու հումանիստ հեղինակ՝ նա սոսկ մի ցանկություն ունի, այն է՝ մարդ էակը իրեն տրված կյանքը անցկացնի խաղաղության մեջ: Կարծում եմ՝ մերօրյա ընթերցողին գիրքը կտա պահը գնահատելու և արժևորելու ունակություն, ինչպես նաև՝ մարկային հարաբերությունները գնահատելու կարողություն, որովհետև մեծագույն արժեքը աշխարհում մարդն է, ոչինչ չի կարող փոխարինել մարդկային ջերմ ու անկեղծ հարաբերություններին: Ի վերջո, գիրքը ընթերցողին կստիպի տեղ տալ կյանքի չնչին ուրախություններին և հենց այդ վայրկյանին համտեսել երջանկությունը, որովհետև չգիտես՝ ինչ է քեզ համար պատրաստել հաջորդ ակնթարթը…

- Ո՞րն է ամենահաճախ հանդիպող բարդությունը, որ պատահում է օտար լեզվից թարգմանություն կատարելու ժամանակ:

- Ինչպես ցանկացած աշխատանք, թարգմանական գործը ևս ենթադրում է որոշ դժվարություններ: Առաջին հերթին կցանկանամ շեշտել տառադարձման խնդիրը: Հայերենում մինչ օրս տառադարձման հստակ մշակված կանոններ չկան, և սա, անշուշտ, բարդացնում է թարգմանչի գործը: Երկրորդ՝ բառարանների սակավության կամ արդեն հնացած լինելու խնդիրը: Խորհրդային տարիներից ի վեր մեր գրադարանները գրեթե չեն համալրվում բառարաններով՝ անկախ տեխնիկայի և գիտության աննախադեպ առաջընթացից: Դե իսկ թարգմանչաց դպրոցի ու թարգմանական ձեռնարկների բացակայության մասին ավելորդ է անգամ խոսել: Թարգմանական ոլորտում, կարծում եմ, դա մնում է ամենաառաջնային խնդիրը:

Ամեն դեպքում, հաղթահարելի են դժվարություններն ու խոչընդոտները, երբ զբաղվում ես սիրելի աշխատանքով և վայելում այն երանելի պահերը, որ ընձեռում է թարգմանական գրականության հետ առնչությունը:

– Սիրելի հատված, որ Ձեզ համար առանձնացրել եք գրքից: 

«Եվ ոչ ոք, ոչ ոք չի կարող անգամ ճանաչել մեզ՝ քսանամյա ծերուկներիս. ահա թե ինչպես է ամայացրել մեզ պատերազմի մռնչյունը: Դեռ ճանաչո՞ւմ է մեզ ինչ-որ մեկը: Որտե՞ղ են նրանք, ովքեր դեռևս ճանաչում են մեզ: Որտե՞ղ են նրանք: Հայրերը թաքնվում են իրենց դեմքերի խորություններում, իսկ մայրերը՝ յոթ հազար հինգ հարյուր ութսունչորս անգամ սպանված մայրերը, խեղդում են իրենց անօգնականությունը մեր խորթացած սրտերի տառապանքից: Իսկ հարսնացուները… Հարսնացուները երկյուղած հոտ են քաշում աղետից, որ գիշերները սառը քրտինքի պես դուրս է հորդում մեր մաշկից նրանց գրկում, և մեր հուսահատ համբույրներից նրանք առնում են միայնակ մետաղի համը ու ընդարմացած շնչում են մեր մազերից սպանված եղբայրների քաղցր արյան գոլորշին ու չեն հասկանում մեր դառը քնքշությունը: Որովհետև նրանց մեջ մենք բռնաբարում ենք մեր ողջ թշվառությունը, որովհետև սպանում ենք նրանց ամեն գիշեր, մինչև մեկը կփրկի մեզ: Մեկը: Կփրկի: Ոչ ոք սակայն չի ճանաչում մեզ»:

Հեղինակ՝ Սվետլանա Դավթյան

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ