Այսօր

Երաժշտությունը երեխայի նման է․ չես կարող քեզնից զատել, նրանից հոգնել․Կարեն Գրիգորյան

  12 Հուլիս 2021  217 դիտում
Երաժշտությունը երեխայի նման է․ չես կարող քեզնից զատել, նրանից հոգնել․Կարեն Գրիգորյան

Սկզբում հայկական ժողովրդական երաժշտությունն էր, որ լսեց դուդուկահար հոր կատարմամբ։ Երաժշտական դպրոց հաճախելու տարիներին կապվեց դասականի հետ՝ սովորելով դաշնամուրի, այնուհետև՝ դասական վոկալի բաժիններում։ Ջազին սիրահարվեց Ռեյ Չարլզի մասին պատմող ֆիլմը դիտելուց հետո։ Հասկացավ՝ այլ ընտրություն լինել չի կարող․ իրենը երաժշտությունն է։ Ընդունվեց կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին։ Գիտակցում էր՝ դաշնամուրային բաժնում սովորելու դեպքում ջազին նվիրվելու ժամանակ չի ունենա։ Երիտասարդ երաժշտի համոզմունքն է՝ նվագել այնպես, որ խոսքդ, պատմությունդ հասկանան նաև այն մարդիկ, որ ջազից ոչինչ չեն հասկանում։ Erit.am-ի զրուցակիցն է ջազ դաշնակահար Կարեն Գրիգորյանը։

-Ինչպե՞ս ծանոթացաք Արմեն Թութունջյանի հետ ու դարձաք “Chico`s New Trio” խմբի անդամ:

-Իմ ու ընկերոջս՝ Ռաֆայելի համար մեծ նվեր էր, երբ Երևանում՝ «Պոպլավոկ»-ում նվագում էին Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, Սիմոն Դոլմազյանը, Արսեն Ներսիսյանը, տարբեր երաժիշտներ ու տարբեր կազմեր։ Ջազ երաժիշտների հետ մեր մտերմությունն այդտեղից սկսվեց։ Կարելի է ասել՝ երաժշտությունը մեզ ծանոթացրեց, ու երաժշտության շուրջ ձևավորվեց անփոխարինելի ընկերություն։

2013 թ․-ին անցա զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո Արմեն Թութունջյանի հետ կազմեցինք “Chico`s New Trio” խումբը։ Մեր առաջին ելույթը Չիկոյի «Ջազը Հայաստանում» գրքի շնորհանդեսին էր։ Շատ համերգներ, շրջագայություններ ունեցանք։ Ցավոք, ընդամենը 2 տարի նվագեցինք միասին։ Այդ կարճ ընթացքում հասցրինք ունենալ 100 համերգ։

Չիկոյի մահից հետո մի տետր գտնվեց։ Պարզվեց՝ իր բոլոր համերգների մասին նշումներ է արել՝ որտեղ է նվագել, ում հետ և այլն։ Մեր խմբի ունեցած համերգների թիվն էլ այդտեղից իմացանք։

-Ո՞ր ջազ երաժշտին եք համարում ուսուցիչ:

-Առաջին ուսուցիչ համարում եմ հենց այդ տրիոյի անդամներին՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան, Սիմոն Դոլմազյան։ Ամեն չորեքշաբթի «Պոպլավոկի» համերգներին գնալով՝ նրանցից շատ բան եմ քաղել։ Ինձ շատ բան են սովորեցրել նաև այն երաժիշտները, որոնց հետ այսօր նվագում եմ՝ Նիկողայոս Վարդանյան, Արսեն Ներսիսյան։ Որպես դաշնակահար՝ ուսուցիչ եմ համարում Վահագն Հայրապետյանին․ նրան լսելով շատ-շատ բան եմ սովորել։ 

Իմ ուսուցիչն են բոլոր հանճարեղ երաժիշտները, որոնց ձայնագրությունները լսում եմ։ Պարտադիր չէ հանդիպես նրանց, որ ինչ-որ բան սովորես։ Կրթվել կարելի է նաև նրանց լսելով։

-Վահագն Հայրապետյանի հետ ելույթներ եք ունենում, հանդես գալիս դուետով։ Որքանո՞վ է պարտավորեցնող ելույթ ունենալ մի դաշնակահարի հետ, ով Ձեր ուսուցիչն է եղել։

-Երբ նոր-նոր էի սկսել ջազ նվագել, Վահագն Հայրապետյանի՝ ջեմսեյշնի հրավերներից հետո գնում էի, մի անկյունում թաքնվում, բայց երբ բեմ էի բարձրանում, երկու-երեք նոտա նվագում, հանգստություն էր իջնում։ Ջեմսեյշնների, համերգների, տարբեր առիթներով միասին նվագել ենք։

Առաջին անգամ միասին երկու դաշնամուրով ելույթ ունենալուց առաջ վախ կար, բայց ժամանակի ընթացքում անցավ։ Երաժշտության մեջ վախը միայն կործանում է։ Պետք է անկեղծ լինես, նվագես, ու միջիցդ հանես այն երաժշտությունը, ինչ կա քո գլխում ու սրտում։

Իհարկե, Վահագի հետ նվագելը մեծ պատասխանատվություն է, բայց լարվածություն չկա․ նվագում ես մի մարդու հետ, ով երաժշտությունը զգում է այնպես, ինչպես դու․խոսում եք նույն լեզվով։ Տեղի է ունենում երաժշտական երկխոսություն, որից ոչ միայն սովորում եմ, այլև ոգեշնչվում, ու դա խթան է հանդիսանում, որ ավելի ու ավելի շատ պարապեմ։

-Երեք տարի առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Բեթ Հարթը հիանում էր Ձեր նվագով: Ինչպե՞ս ծանոթացաք: Ի՞նչ կարծիք հայտնեց կատարումից հետո:

-Նրա հետ ծանոթությունը պատահական ստացվեց։ Ծառայությունս անցնում էր «Զորական» անսամբլում։ Համալիրում հաճախ էինք լինում։ Այդ օրն էլ այնտեղ էի։ Իմացա, որ Բեթ Հարթը եկել է փորձի։ Որոշեցի ծանոթանալ։ Դաշնամուրի առաջ նստած Դեբյուսի էր նվագում և սխալ էր նվագում։ Մոտեցա, ասացի՝ կարող եմ օգնել Ձեզ։ Շատ զարմացավ, որ զինվորական համազգեստով մի տղա նստեց և անսխալ նվագեց Դեբյուսիի «Լուսնի լույսը» գործը։ Միասին բլյուզ նվագեցինք, զրուցեցինք ու ընկերացանք։ Այդ երեկո համերգ ուներ, ինձ էլ հրավիրեց ու խնդրեց կատարել երևանյան որևէ երգ։

Իմ նվագակցությամբ ընկերներս՝ Գոռ Շահնազարյանն ու Գևորգ Սիրեկանյանը երգեցին «Երևանի սիրուն աղջիկը»։ Ելույթի ընթացքում Բեթ Հարթն ու ամուսինը բեմ բարձրացան ու սկսեցին պարել։

-Երաժշտական դադարների կարիք ե՞րբ եք ունենում։

-Կարճ դադարներ լինում են։ Ինձ համար դադար է ֆիլմ դիտելը, մաքուր օդին երաժշտություն լսելը։ Երբ չեմ նվագում, միևնույն է՝ իմ միտքն ու սիրտը երաժշտության մեջ են։ Ապրելակերպ է, շնչելու նման մի բան։ Երեխայի նման է․ չես կարող քեզնից զատել, նրանից հոգնել։