Այսօր

«Աշակերտս պատմեց՝ ինչպես են Քաշաթաղում վառել իրենց տունն ու Վանաձոր եկել». Մանե Մկրտիչյանն իր նախաձեռնությամբ փորձում է աջակցել արցախցի երեխաներին

  14 Հուլիս 2021  145 դիտում
«Աշակերտս պատմեց՝ ինչպես են Քաշաթաղում վառել իրենց տունն ու Վանաձոր եկել». Մանե Մկրտիչյանն իր նախաձեռնությամբ փորձում է աջակցել արցախցի երեխաներին

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է Տեղական ժողովրդավարության դպրոցը: Դրա շրջանակներում 30–ից ավելի երիտասարդներ մասնակցել են դասընթացների, որից հետո հնարավորություն են ունեցել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնել և իրենց գաղափարների իրականացման համար ֆինանսավորում ստանալ։

Մանե Մկրտիչյանն աշխարհագրության ուսուցիչ է Վանաձոր քաղաքի թիվ 24 դպրոցում: Արցախյան պատերազմի օրերին այստեղ սկսեցին սովորել նաև քաղաքում հաստատված արցախցի երեխաներր: Մանեն հիշում է՝ նրանց աչքերում առանձնահատուկ կարոտ կար, ինչն էլ ստիպում էր իրեն մտածել որևէ տարբերակ, որպեսզի կարողանա կազմակերպել երեխաների ժամանցն, ու նրանց ինտեգրումը նոր քաղաքում, դպրոցում ու դասարանում ավելի հեշտ դարձնի:

Արդյունքը «Վանաձոր բոլորի համար» ծրագիրն էր, որն իրականացվեց Տեղական ժողովրդավարության դպրոցի ֆինանսավորմամբ:



- Ինչպե՞ս որոշեցիք նման ծրագիր իրականացնել:

- Պատերազմի օրերին մեր դպրոց Արցախից 14 աշակերտ տեղափոխվեց: Ընթացքում 11-ը մնացին, որովհետև մյուսներն ընտանիքով վերադարձան Ստեփանակերտ: Տեսնում էի՝ կարիք կա օգնելու, որ այդ երեխաներն ինտեգրվեն, Վանաձորում իրենց հանգիստ ու ապահով զգան:

Սկզբում աջակցությունն ավելի նյութական էր. ուսուցիչները, մյուս աշակերտների ծնողները փորձում էին անհրաժեշտ տարբեր իրեր տրամադրել, ինչն անչափ կարևոր էր,  բայց մտածում էի, որ շատ կա նաև հոգեբանական, ոչ նյութական աջակցության կարիքը:
Արդյունքում եղավ «Վանաձոր բոլորի համար» ծրագրի միտքը, որի ընթացքում երեխաները՝ թե՛ Վանաձորից, թե՛ Արցախից, միասին շրջեցին Լոռու մարզի տեսարժան վայրերում, ծանոթացան մշակույթին, աշխարհագրությանը, մարդկանց ու ամենակարևորը՝ իրար հետ:

5 այցելություն ունեցանք՝ Հաղպատ և Սանահին, Ախթալա, Օձուն, Լոռի բերդ, Դենդրոպարկ, Վանաձորում գնացինք պատկերասրահ, մի խոսքով՝ եղանք գրեթե բոլոր պատամշակութային կոթողներով ու հարուստ բնությամբ աչքի ընկնող վայրերում:





- Ինչպե՞ս ընտրվեցին ծրագրի մասնակիցները:

- Ընդհանուր առմամբ, մասնակցեց 61 աշակերտ: Աշխատել ենք տարբեր տարիքի երեխաների հետ՝ առաջինից տասներորդ դասարան։ Բոլոր այցելությունների ժամանակ պարտադիր ներկա էին արցախցի 11 աշակերտները և որպեսզի ապահովենք նրանց շփումը համայնքի մյուս երեխաների հետ, այսպիսի սկզբունք էինք մտածել. արցախցի ամեն երեխա յուրաքանչյուր էքսկուրսիային կարող էր հրավիրել իր մեկ ընկերոջ, դասընկերոջ՝ ամեն անգամ տարբեր երեխաների, այսպես անընդհատ նոր մարդիկ էին ներգրավվում ու շփման շրջանակն ընդլայնվում էր, բոլորը բոլորի հետ ծանոթանում ու ընկերանում էին:

- Երեխաների մոտ այցելությունների ընթացքում ի՞նչ տրամադրություն էր: Ստացա՞ք ձեր ցանկալի արդյունքը:

- Եթե անկեղծ ասեմ՝ հա. երեխաների աչքերում փայլ առաջացավ, մի քիչ փոխվեց եղած մեծ տխրությունը։ Ես աննկարագրելի ուրախ եմ, որ կարողացել ենք ինչ–որ չափով փոխել նրանց առօրյան: Ամբողջ ընթացքում երեխաների կողմից իմ հանդեպ այնպիսի հավատ, այնպիսի սեր եմ զգացել, որն անփոխանցելի է:

Չգիտեմ մեծ միասնություն կար, հույս, որ իրենք տուն են վերադառնալու…





- Շատ ջերմությամբ եք խոսում ձեր կապի մասին, իսկ այցելությունների ընթացքում կամ դասարանում Արցախից եկած երեխաները կիսվո՞ւմ էին ձեզ հետ իրենց անհանգստություններով, հույզերով:  

- Ծրագրի շրջանակներում էսսեների մրցույթ ունեինք՝ հայրենիքի թեմայով։ Դրանցից մեկի հեղինակն արցախցի աղջիկ էր: Պատմում էր, որ ժամանակին երազում էր զինվորական՝ դիպուկահար դառնալ, որ պաշտպանի իր տունն ու հայրենիքը, բայց հիմա դրանք չկան, իսկ նա այստեղ է, ու չգիտի՝ ինչի՞ մասին երազի, էլ երազանքներ չունի:

Իմ դասղեկական դասարանում արցախից մի տղա ունեմ. նայեց աչքերիս մեջ ու պատմեց, որ Վանաձոր գալուց առաջ Քաշաթաղում վառել են իրենց տունը: Չգիտեմ, ես ցավ ու սարսափ էի զգում. 5-րդ դասարանի այդ տղային ես ի՞նչ ասեմ, ի՞նչ խորհուրդ տամ: Լռեցի, որ մի հատ էլ իմ ապրած ցավով իրեն չցավեցնեմ։ Դասարանի մյուս աշակերտներին խնդրեցի իր հետ առավել ուշադիր ու առավել ջերմ լինել, իրենցից մեկը դարձնել։ Բայց այդ ընթացքն առանց իմ ասելու էլ այնքան սահուն է եղել, որ չեմ էլ նկատել:

Ամեն անգամ դասամիջոցին, երբ մտնում եմ դասարան, բոլորով միասնական մտած են մի հեռախոսի մեջ: Ճիշտ է, բարկանում եմ, որ էլի հեռախոսի մեջ են (ծիծաղում է–հեղ), բայց մի տեսակ էլ ուրախանում եմ, որ միասնական են։