Այսօր

«Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է». ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

  14 Հուլիս 2021  141 դիտում
«Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է». ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի ծանրաձողերով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար, ծանրորդներին կօգնեն, որ առավել արդյունավետ մարզումներ անցկացնեն:



«Ի ուրախություն բոլորիս՝ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է: Շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր մարզիկներն ավելի բարձր արդյունքներ գրանցեն: Վստահ եմ՝ նրանք մեզ հպարտության բազում առիթներ են պարգևելու»,- ասել է Վահրամ Դումանյանը և հավաստիացրել, որ մարզիկները մշտապես զգալու են պետության աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ նոր մարզագույքը կգործածեն ոչ միայն հավաքական թիմերը, այլև մի շարք մարզադպրոցներ. «Մարզագույքը բաշխվելու է նաև այն մարզադպրոցների շրջանում, որոնք իսկապես պատրաստում են հավաքականի համար լավ կադրեր և բարձր արդյունքներ են գրանցում: Մասնավորապես, 6 հավաքածու կբաշխվի Գյումրու մարզադպրոցներում: Մարզագույքի այս քանակը բավարար է հիմնական խնդիրները լուծելու համար, իսկ ապագայի համար ունենք գույքային մեծ ծրագիր և նախատեսում ենք գործընթացը դարձնել շարունակական»: