Այսօր

Քաղաքի արվարձաններում կամ Երևանից դուրս ոչ մի ջազ էլ չկա․ Դավիթ Մելքոնյան

  15 Հուլիս 2021  529 դիտում
Քաղաքի արվարձաններում կամ Երևանից դուրս ոչ մի ջազ էլ չկա․ Դավիթ Մելքոնյան

Հայրը կոնտրաբաս էր նվագում, մայրը՝ տավիղ։ Փոքրիկ Դավիթն էլ դաշնամուրի էր հաճախում։ Չորս տարի անց, սակայն, որոշեց թողնել այն ու անցնել սաքսոֆոնի․ ջազի հանդեպ սերը ստիպեց։ Արդեն հասուն տարիքում երաժշտության շուրջ զրույցները պապիկի՝ անվանի կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի հետ էին։ Նվագում էր Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, երբ Արմեն Հյուսնունցից համագործակցության առաջարկ ստացավ։ Ասում է՝ ուսանող էի, տաք գլխով որոշեցի, առանց երկմտելու կամ վախենալու․եթե հիմա նման առաջարկ ստանայի, գուցե հուզմունքն ու անհանգստությունն ավելի շատ լինեին։ 2012 թ․-ից մինչ օրս Հայաստանի պետական ջազ նվագախմբի կազմում է։ Erit.am-ի զրուցակիցն է սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը։

-Չորս տարի դաշնամուրի հաճախելուց հետո որոշեցիք թողնել այն ու անցնել սաքսոֆոնի։ Ինչպե՞ս ստացվեց։

-Դաշնամուրի սիրելի ուսուցչիս՝ Ալիսա Ալթունյանի տանն էի։ Նկատեց, որ հերթական անգամ դասին անպատրաստ լինելուց նեղվում եմ։ Մայրիկիս հետ էի գնացել պարապմունքի։ Ընկերուհիներ էին, անկաշկանդ մթնոլորտ էր։ Ուսուցիչս ասաց՝ էլ չե՞ս ուզում դաշնամուր նվագել, ես էլ պատասխանեցի՝ այնքան էլ չեմ ուզում։ Հարցրեց՝ իսկ ի՞նչ կուզեիր։ Չգիտեմ՝ ինչու, բայց ասացի՝ կիթառ կամ սաքսոֆոն։

Կիթառ նվագելու մտքից շատ շուտ հրաժարվեցի։ Միանգամից ընտրեցի սաքսոֆոնը։ Քիչ, թե շատ գիտակցված ընտրություն էր․7 տարեկանում ծնողներս էին ինձ դաշնամուրի տարել ընդհանուր էրուդիցիայի համար։

Ոչ երաժիշտների շրջանում սաքսոֆոնը միշտ ասոցացվում է  ջազի հետ։ Փոքր տարիքում ես էլ նման պատկերացում ունեի։ Ու քանի որ ջազն ինձ համար խորհրդավոր ու գրավիչ էր, հենց ջազի հանդեպ սերն էլ ստիպեց ընտրել սաքսոֆոնը։

Ավելի ուշ ինձ համար պարզ դարձավ, որ սաքսոֆոնը միայն ջազային գործիք չէ, թեև գործիքը կարող է ազդել երաժշտական նախասիրություններիդ վրա։

-Ի՞նչն էր պատճառը, որ ի սկզբանե ջազով էիք հետաքրքրված։ Տանը ջա՞զ էր հնչում։

-Տանը ջազ միշտ էր հնչում։ Ես փոքր էի, երբ Երևանում սկսեցին անցկացվել ջազ փառատոներ, ավանդույթ էր դառնում։ Մայրս ինձ անպայման տանում էր այդ փառատոներին, տարբեր համերգների։ Ինձ դուր էր գալիս այն կերպարը, որ ջազային իմպրովիզացիան ստեղծում էր արտիստի մեջ։

Կարելի է ասել՝ մանկուց ջազն ընտրելու նախադրյալներ եղել են, թեև ակադեմիական կրթություն եմ ստացել, ու հիմքը դրվել է դասական երաժշտության միջոցով։ Հաճախել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ իմ շատ սիրելի Ալեքսանդր Մանուկյանի դասարան, այնուհետև նրա ղեկավարությամբ շարունակել ուսումս կոնսերվատորիայում։ Ավելի ուշ ընդունվեցի ասպիրանտուրա՝ արդեն որպես արվեստաբան։

Առաջին կուրսից սկսեցի ուսումնասիրել ջազ երաժշտությունը, հաճախել մեր անվանի ջազմենների համերգներին, գնալ սիրելի «Ուլիխանյան» ակումբ՝ ջազ լսելու, ջեմսեյշնների մասնակցելու։ Ինքնակրթությամբ, խորհուրդ հարցնելով էլ ավելի խորացա ջազ երաժշտության մեջ։

-Դաշնամուրը թողնելու համար երբևէ ափսոսանք եղե՞լ է։

-Պապիկիս տված ամենակարևոր ու թանկ խորհուրդներից մեկն այն էր, որ ինձ ասաց՝ չթողնես դաշնամուրը։ Բացի այդ՝ կա կարծիք, թե գործիքային կատարողների մեջ ամենագրագետը դաշնակահարներն են։ Դա էլ ինձ «թասիբի գցեց», որ չպիտի թողնեմ դաշնամուրը։ Ու այն մնաց կարևոր գործիք ստեղծագործելու համար․ որևէ կոմպոզիցիա ստեղծելիս կամ մշակում անելիս միշտ դիմում եմ դաշնամուրի օգնությանը։ Դաշնամուր նվագելը նաև իմ հոբբին է։ Քանի որ դաշնամուրը չթողեցի, ափսոսանք չեղավ։

-Երբևէ եղե՞լ է ելույթ, որի ժամանակ նվագել եք ինչ-որ հատված դաշնամուրով, հետո սաքսոֆոնով։

-Այո, եղել են։ Դասական երաժշտության համեմատ ջազում կան ազատություններ, որ թույլ են տալիս փոփոխել գործիքները բեմի վրա։ Օրինակ՝ մի դեպք եղավ մաեստրո Վահագն Հայրապետյանի հետ համերգի ժամանակ։ Վահագնը մեր թմբկահար Արման Մնացականյանին նշան արեց, որ նա սկսի երգել, իսկ Արմանը հրաշալի է երգում։ Արմանը վերցրեց միկրոֆոնը, Վահագնը նստեց թմբուկների մոտ, իսկ դաշնամուրի մոտ ոչ ոք չկար, ու ես նստեցի։ Նման դեպքեր հաճախ են լինում, հատկապես ջեմսեյշնների ժամանակ։

Սաքսոֆոնից հետո դաշնամուրն ու թմբուկներն իմ լաբորատորիան են։ Այդ երկու գործիքներին տիրապետում եմ ոչ պրոֆեսիոնալ՝ ոչ մեկ ամբողջական համերգ նվագելու մակարդակի, բայց հանգիստ կարող եմ ինչ-որ բաներ փորձել, մեկ-մեկ էլ ներկայանալ։

 -Կա՞ն մարդիկ, որոնց ուսուցիչ եք համարում։

-Առաջին հերթին պիտի նշեմ իմ սիրելի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի անունը, ով իմ ու սաքսոֆոնի օրգանական կապը ստեղծեց, և իհարկե բոլոր ուսուցիչներիս, ովքեր ինձ դասավանդել են՝ սկսած հանրակրթական դպրոցից։ Իսկ եթե ոչ ֆորմալ իմաստով ենք ուսուցիչ ասում, ապա իմ հրաշալի երաժիշտ ընկերներին էլ կարող եմ ուսուցիչ համարել։

Եթե սովորելու ցանկություն ունես, միշտ էլ ուսուցիչ կգտնես։ Այն բոլոր մարդիկ, որոնցից թեկուզ մի փոքրիկ բան սովորել եմ, ինձ համար ուսուցիչ են։ Շատ շնորհակալ եմ նրանց։