Այսօր

Հեռավար ուսուցման աննախադեպ փորձ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար. ամփոփվեց «E-school Armenia» ծրագիրը

  20 Հուլիս 2021  728 դիտում
Հեռավար ուսուցման աննախադեպ փորձ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար. ամփոփվեց «E-school Armenia» ծրագիրը

Ամփոփվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից իրականցված հեռավար ուսուցման «E-school Armenia» ծրագիրը:



«E-school»-ի շնորհիվ համավարակի ընթացքում հնարավոր եղավ ապահովել մոտ 5000 աշակերտների կրթության անընդհատությունը, իսկ հետագայում ձևավորել էլեկտրոնային կրթության միասնական հարթակ, որը նորություն էր ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

Ծրագրի ամփոփմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հիմա շատ կարևոր է հայացք գցել՝ հասկանալու, թե ինչ զարգացումների ու դժվարությունների միջով ենք անցել համավարակի ընթացքում՝ կրթության շարունակականության ապահովման գործընթացում.

«Հայտնվել էինք իրավիճակում, որը լուրջ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի համար: Ակնհայտ էր, որ դրա լուծումը չկար աշխարհի ոչ մի երկրում: Այս պայմաններում միակ ճանապարհը հեռավար ուսուցման կազմակերպումն էր», - ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի միջոցով ոչ միայն ապահովվել է աշակերտների կրթության անընդհատությունը, այլ կատարելագործվել են ուսուցիչների հմտությունները հեռավար ուսուցման ոլորտում:

«Այսօր մեր բազմաթիվ ուսուցիչներ ունեն շատ լավ փորձառություն: Միայն անցյալ տարի ունեցանք ավելի քան 7000 ուսուցիչներ, որոնք վերապատրաստվեցին տարբեր հարթակներով», - ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ընդգծեց՝ հեռավար ուսուցման այս հարթակի միջոցով կրթությունն ավելի հասանելի դարձավ:

«E-school Armenia»-ն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ: Ամփոփիչ միջացառմանը ներկա ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշեց, որ մինչ այս աշակերտների, ծնողների ու ուսուցիչների մեծ մասը թվային հարթակներում միմյանց հետ հաղորդակցվելու հմտություններ չուներ ու չէր պատկերացնում՝ ինչպես է հնարավոր դրանք օգտագործել կրթական կամ դասավանդման նպատակով:

ԿՏԱԿ հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school» ծրագրի ղեկավար Հայկ Դավեյանը ծրագրի ընթացքում եղած դժվարությունները պայմանականորեն երկու մասի բաժանեց՝ տեխնիկական ու մեթոդական:

Առաջինի դեպքում հիշեց սեփական տներից բերվող գորգերը, որոնցով խլացնում էին տեսադասերի նկարահանման ստուդիաները, քանի որ խիստ սահմանափակումների պայմաններում պարզապես հնարավոր չէր անհրաժեշտ գույքը ձեռք բերել խանութներից: Հաջորդ աշխատատար ուղղությունն ուսուցիչների վերապատրաստումն էր՝ տեսախցիկի հետ աշխատելու, առցանց գործիքներից օգտվելու առումով:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց՝ հանձն առնելով այս գործը՝ ի սկզբանե գիտեին, որ հանդիպելու են դժվարությունների, քննադատությունների, բայց չանել չէին կարող, քանի որ, հրաժարվելու դեպքում, կվտանգվեր բազմաթիվ երեխաների կրթական իրավունքը:

«Ծրագրի ավարտից հետո մեզ առաջարկեցին շարունակել կենտրոնացված հեռավար ուսուցումը, բայց մենք հրաժարվեցինք և արեցինք հակընդդեմ առաջարկ՝ ասելով, որ պետք է ապակենտրոնացնել համակարգը և պետք է մեր կուտակած փորձն ու կարողությունները փոխանցել դպրոցներին: Արդյունքում մեկնարկեց նոր ծրագիր, ՀՀ ամբողջ տարածքից ընտրվեցին 18 դպրոցներ՝ 37 մենթորներով, որոնց մենք վերապատրաստելու ենք, և սեպտեմբերից նրանք կարողանալու են ուսուցում ապահովել այն 100 դպրոցների աշակերտների համար, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով այս կամ այն առարկան չի դասավանդվել», - ասաց Արտակ Պողոսյանը:

Մանրամասները՝ Erit.am-ի տեսանյութում:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ