Այսօր

Ես առաքելություն ունեմ ամեն օրվա համար. Լիլիթ Մելքումյան

  22 Հուլիս 2021  680 դիտում
Ես առաքելություն ունեմ ամեն օրվա համար.  Լիլիթ Մելքումյան

Շուրջ 3 ամիս առաջ սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց «Smarter Language House» (Լեզվի կենտրոն թիկունքում) լեզվի կենտրոնը: Կենտրոնի հիմնադիրը 23-ամյա Լիլիթ Մելքումյանն է: Լիլիթն ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, աշխատել մայրաքաղաքում, ապա վերադարձել Բերդ և հայրենի քաղաքում ստեղծել անգլերենի ուսուցման նոր հնարավորություններ: Լիլիթ Մելքումյանի հետ զրուցել ենք լեզվի կենտրոնի ստեղծման, կայացման, ծրագրերի և այլ թեմաների շուրջ։

Իմ հայրենի քաղաքն ասես «կանչում» էր ինձ հազարավոր ձայներով

Ծննդավայրս Տավուշի մարզի գողտրիկ Բերդ քաղաքն է:

Իմ ծնվելուց 2 ամիս անց ընտանիքս տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Հետագա տարիների ընթացքում բնակվել ենք այնտեղ:

Բերդը երբեք չէի տեսել, սակայն իմ հայրենի քաղաքն ասես «կանչում» էր ինձ հազարավոր ձայներով: ՌԴ-ում բնակվելու ժամանակահատվածում անբացատրելի, ինչ-որ առումով անգամ առեղծվածային կապվածություն էի զգում Բերդի նկատմամբ: Ցանկությունս մեծ էր, որ վերադառնանք տուն: Եվ վերջապես, երկրորդ դասարանն ավարտելուց հետո մենք վերադարձանք հայրենիք: