Այսօր

«Կատուն կին է» գրքում կինոյի աղջիկն եմ․Լուսանե Ջալալյան

  22 Հուլիս 2021  203 դիտում
«Կատուն կին է» գրքում կինոյի աղջիկն եմ․Լուսանե Ջալալյան

Կինոռեժիսոր այդպես էլ չդարձավ, բայց կինոյի վատ աղջիկները մինչ օրս նրա սիրելին են։ Ասում է՝ ամեն աղջիկ իր կինոն ունի, ես էլ իմ գրքում եմ կինոյի աղջիկ։ Գիրքը, որ սիրո փնտրտուք է անվանում, առաջին ժողովածուն է։ Այստեղ մեկտեղված են Լուսանեի արձակ գործերն ու բանաստեղծությունները։ Ընթերցողները Լուսանե Ջալալյան անունն ասոցացնում են պոեզիայի հետ։ Նրա բանաստեղծությունները լայն տարածում գտան սոցիալական կայքերում, ավելի ուշ հայտնվեցին նաև գրական հարթակներում։ Այս տարվա ապրիլին դրանք ընթերցողի սեղանին դրվեցին «Կատուն կին է» կոչվող գրքի տեսքով։ Erit.am-ի զրուցակիցը երիտասարդ գրող Լուսանե Ջալալյանն է, ով ապրում է Երևանում՝ շարունակելով մնալ «անուղղելի կիրովականցի»։

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ արվեստի հանդեպ սերը։ Ծնողներդ որքանո՞վ են նպաստել դրան։

-Մայրիկս հմուտ կարուհի է։ Հայրիկս շատ էր սիրում նկարել, շատ լավ նկարիչ կարող էր լինել, բայց այդ տարիներին մասնագիտություն ընտրում էին ծնողները, ու այնպես ստացվեց, որ նա ոստիկան դարձավ, նկարելու հանդեպ սերն էլ մնաց ինձ։ Մանկուց նկարել եմ։ 15 տարեկանում սենյակիս պատերին լոնդոնյան տեսարաններ էի պատկերել։ Մինչև հիմա պահպանվել է։

Ինչ վերաբերում է գրելուն, ամեն ինչ սկսվեց օրագրից, ինչպես գրեթե բոլոր աղջիկների մոտ։ Մի օր էլ ամենահին օրագիրս կորցրի, իսկ գրելու ցանկությունը՝ ոչ։

-Կհիշե՞ս առաջին բանը, որ գրել ես։

-Ոչինչ չի մնա,

Կձուլվի անդարձ ժամանակներին մեր կյանքը, հիման,

Մեր տառապանքից մեզ բան չի մնա ․․․

Ու էլ չեմ հիշում, բայց վերջերս գտել ու պահպանել եմ։ Գրել եմ 15-16 տարեկանում։ Ավելի վաղ տարիքում բանաստեղծություն էի գրել շնիկիս մասին։ Փոքրիկ պուդել ունեինք։ Նրան հետևող չկար․ տանը բոլորն աշխատանքի, դասի էին։ Մայրիկը որոշեց նրան հետ ուղարկել։ Հիշում եմ՝ գնալիս Վոլգայի պատուհանից ինձ էր նայում։ Շատ էի տխրել։ Պուդելի մասին բանաստեղծությունը, ցավոք, չի պահպանվել, չեմ էլ հիշում։

-Գիտեմ, որ Վանաձորից ես։ Ինչպիսի՞ միջավայր է Վանաձորը ստեղծագործելու համար։

-Իրականում Վանաձորը դեպրեսիվ, մռայլ քաղաք է չգործող գործարանի ֆոնին, նաև անձրևային եղանակի բերումով։ Մարդկանց մեջ ինչ-որ հանգստություն կա, որ յուրահատուկ տեմպ է թելադրում։ Վանաձորի տեմպը շատ դանդաղ է, ու այդ դանդաղության մեջ միշտ ժամանակ մնում է ինչ-որ բաների մասին ավելին մտածելու, ավելին գրելու։ Վանաձորի բնության ու մի քիչ տխրության մեջ կա ինչ-որ բան, որ դրդում է ստեղծագործել։

-Ինքդ քեզ բնորոշել ես որպես «անուղղելի կիրովականցի»։ Ի՞նչն է քեզ ոգեշնչում Երևանում։

-Երևանը նույնպես հարազատ է։ Կարծում եմ՝ ցանկացած միջավայր, որտեղ ես կընկնեմ ու  կփորձեմ ծանոթանալ, դետալներով ճանաչել, հաստատ ինչ-որ նյուանսներ, կոլորիտային բաներ կգտնեմ, որ ինձ կգրավեն, ու այդ քաղաքը նույնպես ինձ հարազատ կդառնա։ Թեև ասում եմ՝ հոգով, սրտով կիրովականցի եմ, բայց նույն հոգով, սրտով Երևանն եմ սիրում։

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում եմ ապրում, բայց դեռ փորձում եմ Երևանը ճանաչել։ Ու կյանքիս տարբեր շրջաններում իմ ճանաչածի հիման վրա սիրածս տեղերը, փողոցները, սիրելի բաները նույնպես փոխվում են։ Երևի թե մնայուն է այն, որ սիրում եմ Աբովյան փողոցը։ Իհարկե նաև մարդկանց եմ սիրում։ Հայերիս մեջ հետաքրքիր կոլորիտ կա, երևանցիներն էլ յուրատեսակ են, ու ինձ համար՝ որպես կիրովականցի, հետաքրքիր է երևանցիներին ուսումնասիրելը։

-Ինչպե՞ս ընտրեցիր նախ կինոռեժիսորի, հետո մշակութաբանի մասնագիտությունները։

-Փնտրտուքները շատ երկար են տևել։ Ի սկզբանե ընտրել էի կինոռեժիսորի մասնագիտությունը․ կարծում էի՝ լավագույն մասնագիտությունն է․ ռեժիսորը վերարտադրում է կյանքը, և արարչագործության նման մի բան կա այդտեղ։ Մեկ տարի սովորելուց հետո դուրս եկա ինստիտուտից։ Նախ կրթական համակարգում առկա խնդիրների պատճառով։ Եվ հետո՝ հասկացա, որ Հայաստանում կինոն մեռած վիճակում է այն դեպքում, երբ արվեստի մյուս ճյուղերը, օրինակ՝ գրականությունը լոկալ հաջողություններ գրանցում են։

Իսկ մշակութաբանությունն ընտրեցի այն ժամանակ, երբ արդեն ուզում էի զբաղվել մշակութային լրագրությամբ՝ որպես լրացում, տեղեկատվության աղբյուր։

-Գրականությունն ու լրագրությունը օգնո՞ւմ, թե՞ խանգարում են մեկը մյուսին։ Ունե՞ն արդյոք հատման կետ։

-Զբաղվում եմ մշակութային լրագրությամբ, ու կայքը, որտեղ աշխատում էի, բաց ու կրեատիվ մոտեցում ուներ։ Միայն տեղեկատվական նյութեր չէինք գրում։

Չեմ հիշում նման դեպք, որ ուզենամ ինչ-որ բան գրել ու չգրեմ, որովհետև աշխատանքի եմ։ Բանաստեղծություններն ավելի շատ էմոցիոնալ, ակնթարթային, պոռթկումային տրամաբանության մեջ են։ Որպես այդպիսին՝ ես դրան ժամանակ չեմ տրամադրում․ չեմ նստում բանաստեղծություն գրելու, դրանք ուղղակի ինչ-որ պահի ծնվում են։

Ինքս ինձ գրողներ ասվածի մեջ չտեղավորելով՝ պիտի ասեմ, որ ինձ թվում է՝ կա գրողների երկու տեսակ։ Մեկը մասնագիտությամբ գրողներն են․ կարող են անդադար գրել, աշխատել տեքստի վրա, հետաքրքիր ոճային լուծումներ ավելացնել կամ հանել։ Իսկ մյուս տեսակը մարդիկ են, ովքեր ուղղակի գրում են իրենց ապրումների հիմքով։ Եթե երբևէ գրող լինեմ, կլինեմ երկրորդ տեսակի մեջ։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս պահին գրողի բառի հետ ինքդ քեզ չես ասոցացնում։

-Այդ բառի նկատմամբ շատ ուշադիր եմ․ այն մարդիկ, որոնց անվանում եմ գրող, ունեն մեծ գրական ժառանգություն։ Խոսքը նաև հայ ժամանակակից գրողների մասին է։ Ես ունեմ ընդամենը մեկ գիրք, որ ծնվել է ինքնաբերաբար, ի սկզբանե գիրք դառնալու նպատակ չունենալով։

Գուցե ինչ-որ փուլ էր իմ կյանքում, երբ ես գրում էի, գուցե կլինի շարունակական, ու էլի գրքեր կլինեն։ Այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Միայն գիտեմ, որ գրքից հետո էլի մի քանի գործեր գրվել են։

-Զրույցներից մեկում ասել ես՝ ինձ դուր են գալիս կինոյի վատ աղջիկները։ Մի գործ էլ ունես՝ «Ես էսօր կինոյի աղջիկն եմ»։ Ե՞րբ ես ուզում դառնալ կինոյի աղջիկ։ Ինչպիսի՞ն է կինոյի աղջիկ Լուսանեն։

-Կինոյի աղջիկ Լուսանեն այնպիսին է, ինչպիսին կա «Կատուն կին է» գրքում։ Բայց դա կինոյի աղջիկ Լուսանեն է, ոչ թե իրական։

Բոլոր աղջիկներն էլ սիրում են ինչ-որ բաներ պատկերացնել դեռ մանկուց։ Ոմանք իրենց հարսանիքն են պատկերացնում, ոմանք պատկերացնում են իրենց, օրինակ՝ որևէ մոդելային ընկերությունում աշխատելիս։ Ամեն մեկն ունի իր կինոն։ Այդ մտապատկերը գուցե փոխվում է, բայց չի վերանում մեծանալուն զուգընթաց։ Ձեր ասած՝ կինոյի աղջիկ Լուսանեն երևի հենց այդ պատկերացումներն են։

Ինչ վերաբերում է կինոյի վատ աղջիկների հանդեպ սիրուն, դա զուտ նախասիրություն է։ Ինձ վստահություն չեն ներշնչում լիարժեք դրական հերոսները, ովքեր բարի են, ազնիվ, բայց խեղճ ու ոչինչ չեն կարողանում անել, երբ որևէ վատ իրավիճակում են հայտնվում։ Միշտ ավելի հետաքրքիր է, երբ ինչ-որ թաքնված բան կա, ինչ-որ սխալ կամ գուցե մեղք կա հերոսի կերպարում։

-Մի առիթով ասել ես՝ չկան սերեր, որ չեն կարող դառնալ գրականություն։ Ո՞ր սերերն ես բերել քո գրականություն։

-Սերը հիանալի ոգեշնչման աղբյուր է ստեղծագործելու համար, հատկապես եթե էմոցիոնալ մարդ ես։ Լավ, թե վատ, ստացված, թե չստացված, այդ սերը կարող է ստեղծագործական իմաստով պրոդուկտիվ լինել։

Իմ գրականություն եմ բերել այն սերերը, որոնք կարիք ունեին պատմություն դառնալու, գրականության սահմաններում մնալու