Այսօր

Սյունիքում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման նպատակով բիզնես դասընթացներ են անցկացվում տեղի երիտասարդների համար

  26 Հուլիս 2021  487 դիտում
Սյունիքում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման նպատակով բիզնես դասընթացներ են անցկացվում տեղի երիտասարդների համար

Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների 25 երիտասարդների համար մեկնարկել են բիզնես դասընթացներ: Դասընթացների ծրագրի ղեկավար, «Երիտասադրենրի հնարավորությունների ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Ավագյանի խոսքով՝ նման դասընթացների կազմակերպման գլխավոր նպատակն այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումն է, ինչն առավել կարևոր է հենց Սյունիքում, որտեղ հետպատերազմյան փոփոխություններն առավել քան զգալի են:

«2021թ․ապրիլ ամսից անընդհատ մտածում էինք Սյունիքում ինչ–որ ծրագիր իրականացնել, որովհետև վերջին փոփոխություններից հետո այն մեր ամենախոցելի մարզերից մեկն է դարձել։ Ի սկզբանե երիտասարդների շրջանում կարիքի գնահատում կատարեցինք՝ հասկանալու, թե նրանց ինչ է անհրաժեշտ ու ինչն է հետաքրքրում։ Առցանց հարցմանը մոտ 54 մարդ մասնակցեց ու նրանցից ավելի քան 40-ը ցանկացան մասնակցել բիզնես դասընթացների», - Erit.am-ին պատմեց Տիգրան Ավագյանը:

Հաջորդ փուլը ֆինանսավորման փնտրտուքն էր. արդյունքում «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամը դրական արձագանքեց դասընթացների իրականացման գաղափարին ու պատրաստակամություն հայտնեց ֆինանասավորել դրանք:

«Դասընթացներին մասնակցելու համար ընտրեցինք տեղացի 25 երիտասարդի՝ 16-30 տարեկան: Սովորաբար մասնակցիներին իրենց բնակության վայրից դասընթացների համար բերում են Երևան կամ Դիլիջան, Ծաղկաձոր: Այս դեպքում ցանկացանք ինքներս մեկնել Սյունիք ու դասընթացներն անցկացնել հենց Կապանում», - պատմեց Տիգրան Ավագյանը:

Նա նշեց՝ մասնակիցների արձագանքը շատ դրական է, կա հետաքրքրվածություն.

«Կարծում եմ՝ այս համայնքներում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումն իսկապես շատ կարևոր է։ Պետք է նաև ցույց տանք, որ այստեղ հանքարդյունաբերությունից դուրս կյանք կա», - ամփոփեց ծրագրի ղեկավարը: