Այսօր

«Ուսանողի տուն»․ կեցություն և կրթություն՝ մեկ հարկի տակ

  30 Հուլիս 2021  695 դիտում
«Ուսանողի տուն»․ կեցություն և կրթություն՝ մեկ հարկի տակ

Սեպտեմբերին իր դռները կբացի յուրահատուկ մի կառույց՝ «Ուսանողի տունը»։ Նախագծի նպատակը մարզերի ուսանողների համար Երևանում մատչելի բնակության վայր ապահովելն է, ինչպես նաև նրանց ոչ ֆորմալ կրթական ծրագրեր տրամադրելը։

Erit.am-ի հետ զրույցում ծրագրի համակարգող Սոնա Պապիկյանը պատմում է, որ նման նախագիծ ունենալու գաղափար է ծագել, երբ տարբեր սեմինարների ընթացքում նկատել են, որ մարզերի ուսանողները խնդիր են ունենում իրենց բնակավայրերից գալ և մասնակցել տարբեր միջոցառումների՝ ժամը հարմար չէ, տուն վերադառնալիս տրանսպորտի խնդիր կա և այլն:



«Հենց այդ ժամանակ որոշեցինք ստեղծել մի վայր, որտեղ նրանք կբնակվեն և կարիք չեն ունենա բնակարան վարձել, քանի որ  դրանք բավականին թանկ են, իսկ մատչելի լինելու պարագայում էլ՝ բացակայում են հարմարավետ պայմանները։ Այդ պատճառով մի քանի համակուրսեցիներով փնտրում և գտնում են մեկ բնակարան, որպեսզի վճարվելիք գումարն ավելի քիչ լինի: Հետևաբար, որոշեցինք հիմնել կենցաղային լավ պայմաններով ու մատչելի բնակության վայր»,- ասում է Սոնան և հավելում, որ նախագծի շրջանակում ուսանողներին տրամադրելու են նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մասնավորապես, կազմակերպելու են տարբեր վեբինարներ, սեմինարներ ու դասընթացներ:

Բացի այդ՝ լինելու է փորձի փոխանակում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ ու գաղափարների գեներացում: