Այսօր

Համավարակը լակմուսի թղթի նման վեր հանեց մեր կրթական համակարգում եղած խնդիրները․Արփինե Երիցյան

  30 Հուլիս 2021  562 դիտում
Համավարակը լակմուսի թղթի նման վեր հանեց մեր կրթական համակարգում եղած խնդիրները․Արփինե Երիցյան

Կորոնավիրուսի համավարակը լուրջ խոչընդոտներ ստեղծեց ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի կրթական համակարգի համար: Դպրոցներն առաջին կառույցներից էին, որոնք փակվում էին վարակի տարածման շղթան կոտրելու նպատակով: Սրան զուգահեռ պետք էր ապահովել աշակերտների կրթության անընդհատությունը:

Հայաստանի համար առցանց կրթությունը լիովին նոր փորձ էր. ուսուցիչներին արագ վերապատրաստում էին, իսկ աշակերտներին սովորեցնում, որ իրենց սիրելի հեռախոսը կամ պլանշետն այսուհետ կրթական հիմնական գործիքն են դառնալու:

Սրան զուգահեռ կային նաև բարդություններ: Ուսուցիչներից շատերի համար անսովոր էր տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառումը, աշակերտները երբեմն պակաս լրջությամբ էին մոտենում առցանց դասերին, իսկ շատերն էլ պարզապես չունեին համապատասխան սարքավորումները դասապրոցեսից դուրս չմնալու համար:

Համավարակի պայմաններում պետական կրթական քաղաքականությունն ուսումնասիրել է «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն ու դրա արդյունավետության վերաբերյալ հրապարակել է զեկույց:

Ուսումնասիրության մեթոդաբանության, ընթացքի ու ստացված եզրակացությունների մասին զրուցել ենք «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանի հետ:

 - Ինչո՞ւ որոշեցիք նման ուսումասիրություն իրականացնել:

- Covid-19-ի տարածումը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կրթական համակարգը բավականին լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցրեց։ Անհրաժեշտություն առաջացավ կտրուկ անցում կատարել կրթության առցանց ձևաչափի և ԿԳՄՍ նախարարությունը, որպես կրթական ոլորտում հիմնական գերատեսչություն, պարտավորություն ստանձնեց իրականացնել որոշակի գործողություններ՝ դիմակայելու համավարակին և չոտնահարելու աշակերտների կրթության իրավունքը։ Մենք հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, տեսնում էինք, որ խնդիրների լուծման նպատակով որոշակի քայլեր են իրականացվում: Ի վերջո, ցանկություն առաջացավ մի ընդհանուր հետազոտություն իրականցնել, գնահատել՝ որքանով էին արդյունավետ այդ քայլերը, արդյոք դրանք հասցեակա՞ն էին, արդյոք ներդրվող մեխանիզմներն ապահովո՞ւմ էին կայունություն: Սա ճգնաժամային կառավարման առումով լուրջ փորձ էր նախարարության համար։ Կարծում եմ՝ այս ուսումնասիրությունը պետք էր ինչպես մեզ, այնպես էլ՝ նախարարությանը՝ արդեն իսկ կիրառվող մոդելները հետագայում մշակելու ու կատարելագործելու առումով: