Այսօր

Եթե բենդում կա թմբուկ, կա սիրտ․Մանանա Ավետիսյան

  05 Օգոստոս 2021  630 դիտում
Եթե բենդում կա թմբուկ, կա սիրտ․Մանանա Ավետիսյան

Մայրը երազում էր, որ պարուհի դառնա։ Ավարտեց Պարարվեստի պետական քոլեջը, բայց պարով շարունակելու ցանկություն չուներ, տարիներ առաջ ստացած վնասվածքն էլ թույլ չէր տա լուրջ հաջողություններ գրանցել։ Հարվածային գործիքների դասընթացների հաճախելու որոշումը կայացրեց 12 տարեկանում, երբ ֆիլմերից մեկում տեսավ թմբկահարի սոլո կատարումը։ Մայրը դաշնամուր էր նվագում, եղբայրը՝ կլարնետ։ Ծնողներն իրենց աղջկան հարվածային գործիք նվագողի դերում չէին պատկերացնում։ Մանանան, սակայն, հաստատ էր որոշել՝ թմբկահար է դառնալու՝ անկախ նրանից՝ իրեն կաջակցեն, թե ոչ։ Այսօր էլ վստահ քայլերով շարժվում է առաջ ու շարունակում հետևել մայրիկի խորհրդին՝ երբեք չընկճվել։ Erit.am-ի զրուցակիցն է երիտասարդ թմբկահար Մանանա Ավետիսյանը։

-Ինչո՞ւ ընտրեցիր կառավարումն ու որոշեցիր չստանալ երաժշտական կրթություն, օրինակ՝ կոնսերվատորիայում։ Ուսումն ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատե՞լ ես։

-Տնտեսության զարգացումն ու հարակից հարցերն ինձ շատ էին հետաքրքրում։ Որոշել էի, որ տնտեսագետ եմ դառնալու։ Այդպես էլ եղավ։ Ավարտեցի կարմիր դիպլոմով․ իմ միակ «կարմիրդիպլոմային» հաղթանակն է (ժպտում է,-հեղ․)։

Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ եմ, բայց միշտ զբաղվել եմ հարվածային գործիքներով։ Երաժշտական կրթություն չունեմ, մասնավոր պարապմունքներով եմ փորձել այդ բացը լրացնել։

Եղավ մի շրջան, երբ չէի նվագում, կարելի է ասել՝ երաժշտական դադար էր․ համալսարանում դասերը շատ էին, չէի հասցնում։ Ավելի ուշ վերադարձա երաժշտությանն ու հրաժարվեցի նաև մենեջերի աշխատանքիցս․մոտ 3 տարի աշխատում էի մասնավոր ոլորտում։

Գտնում եմ, որ 21-րդ դարում ամեն ինչ կախված չէ թղթից․ կարող ես շատ լավ սովորել, լինել սպունգ, որն անընդհատ ինֆորմացիա է վերցնում, ու ինքդ քեզ վրա աշխատելով շատ ավելի լավ  նվագել, քան այն մեկն, ով ունի փաստաթուղթ։

Հնարավոր է՝ մի գեղեցիկ օր որոշեմ զուտ փաստաթուղթ ունենալու համար ընդունվել կոնսերվատորիա։ Պետք է դրան ժամանակ տրամադրեմ, որն այս պահին չունեմ։

-Երբ նոր էիր որոշել թմբկահար դառնալ, գործիքը ո՞ր ոճի երաժշտության հետ էիր ասոցացնում։ Այսօր ո՞րն է ավելի հոգեհարազատ։

-Միշտ թմբուկներն ասոցացրել եմ ջազի հետ։ Տեխնիկապես բարդ է ջազ կատարելը․ նյուանսներ կան, որ պիտի զգաս, որ կարողանաս փոխանցել։ Դեռևս կան նյուանսներ, որոնք չեմ զգում։

Ամեն մեկը պատրաստ չէ նվագել կամ լսել ջազ երաժշտություն։ Դրա համար էլ ջազ համերգներին գնում է շատ փոքր, բայց որակյալ մասսա, որը պատրաստ է ընկալել, «մարսել» այդ երաժշտությունը։

Այս պահին նվագում եմ ֆյուժն, ռոք, էթնո գործեր։ Ինձ շատ հոգեհարազատ է էլեկտրո ֆյուժն ոճը, որ նոր-նոր է ձևավորվում աշխարհում։ Կարծում եմ՝ դա է ապագայի երաժշտությունը։ Եվս 5 տարի, և աշխարհը միայն էլեկտրոնային երաժշտություն է նվագելու։

-Եղե՞լ է այնպիսի պահ, որ որոշես թողնել հարվածային գործիքները կամ մտածես այլ երաժշտական գործիք նվագելու մասին։

-Եղել են պահեր, երբ գործիքին պարզապես չեմ մոտեցել․ մտածել եմ, թե արդեն սպառել եմ այն։ Իհարկե հետո գտա մոտիվացիայի նոր աղբյուր, նոր գիտելիք, որով կարող եմ գործիքն այլ կերպ նվագել։

Կուզեի բաս կիթառ նվագել։ Հարվածային գործիք նվագողներից շատերն ունեն նման ցանկություն․ մեր աջ ոտքի և բաս կիթառի ֆունկցիան նույնն է։ Ինձ համար ֆանտաստիկ է շեփորի հնչողությունը։ Չգիտեմ՝ կստացվի, թե ոչ, բայց երազում եմ մի օր շեփոր նվագել։

-Կա՞ մեկն, ում ուսուցիչ ես համարում։

-Մայքլ Ջեքսոնը։ Բացի երգիչ, պարող, արտիստ լինելուց նաև շատ ուժեղ ռիթմի զգացողություն ուներ, ու դրա շնորհիվ է, որ նրա երգերը համաշխարհային հիթեր են։ Նրա նմանը չկա ու չի էլ լինի։ Խմբի բոլոր անդամների պարտիաներն անձամբ էր գրում, փորձերի ժամանակ էլ հետևում, որ ճիշտ նվագեն։ Միայն երգիչ չէր։ Իսկ այսօր շատ քչերն են գրում երաժշտություն, նոտայագրում, տալիս երաժշտին ու ասում՝ արի միասին նվագենք այն, ինչ գրել եմ։ Պատրաստի երգը վերցնում են, կատարում, ասում՝ երգիչ եմ։ Միայն  երգիչ լինելով էլ պատմությունն ավարտվում է։

-Ումի՞ց ես լսել մինչ օրս ստացած ամենակարևոր խորհուրդը։

-Մայրիկիս խորհուրդն է եղել, որ երբեք չպետք է ընկճվել, մտածել՝ հնարավոր է՝ ձախողել ես ու ընկնել դեպրեսիայի մեջ։  Ձախողումից հետո պետք է այնպես անես, որ գրանցես նաև հաջողություն։

Այս պահին հիշեցի նաև Քուինսի Ջոնսի խոսքերը։ Ասում էր՝ արվեստիդ պետք է համեստորեն մոտենաս, իսկ հաջողությունդ ընդունես որպես մեծ պարտավորություն։ Կարևոր խոսքեր են․ ամեն մարդ չէ, որ իր արվեստը համեստորեն է ընդունում, ոչ թե ասում՝ գիտես՝ ինչ գործեր ենք նվագում։

Երբ դու համեստորեն ես մոտենում արածիդ, այլ կերպ ես ընկալում նաև ուրիշների գործերը։ Իսկ հաջողությունդ պետք է կարողանաս ընդունել, բայց դրանից չմեծամտանալ ու մտածել, թե ուրիշներն ավելի վատն էին, որ չհաջողեցին։ Պիտի մտածես՝ հաջողեցի, որովհետև այս և այն քայլերն եմ արել դրան հասնելու համար, հաջորդ հաջողությունս ավելի մեծ աշխատանքի արդյունք պետք է լինի։