Այսօր

Ի՞նչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

  13 Օգոստոս 2021  289 դիտում
Ի՞նչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Այն, ինչ ենք անում ուտելուց հետո, ազդում է մեր առողջության վրա։ Քաղցը հագեցնելուց հետո ոմանք սիրում են քայլել, ոմանք՝ պառկել, իսկ ոմանք էլ անմիջապես անցնում են թեյի ու քաղցրի համտեսին։ Ցավոք, նմանատիպ որոշ սովորություններ վատ են անդրադառնում նյութափոխանակության վրա, դառնում ավելորդ կիլոգրամների պատճառ և ոչ միայն։ Առողջ ապրելակերպի միջազգային փառատոնի՝ SN PRO EXPO FORUM-ի առցանց հարթակը ներկայացրել է այն սովորությունների ցանկը, որոնք պետք է բացառել ուտելուց հետո։

Խմել սառը ջուր կամ տաք թեյ

Սառը ջուրը դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Այն կարող է առաջացնել սպազմ, ստամոքսի պատերի կծկում: Այն նաև հանգեցնում է ճարպակալման, քանի որ սառնությունն արագ «վերականգնում է» քաղցի զգացողությունը։ Բացի այդ, սննդի սպիտակուցային մասը լիովին չի քայքայվում և մնում է մարմնում: Սա էլ կարող է հանգեցնել աղիքային հիվանդությունների և դիսբիոզի: 

Սառը ջրին իր բացասական հետևանքներով չի զիջում տաք թեյը։ Այն պարունակում է տանիններ, որոնք կարող են խանգարել միկրո և մակրո տարրերի՝ հատկապես երկաթի կլանմանը՝ առաջացնելով սակավարյունություն, քրոնիկ հոգնածություն և գլխապտույտ: Միևնույն ժամանակ, պետք է նկատենք, որ որոշ թեյեր նպաստում են մարսողությանը, օրինակ՝ կանաչ կամ բուսական թեյերը: Ամեն դեպքում, հատկապես ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում տաք թեյ խմել ուտելուց անմիջապես հետո:

Քնել

Ուտելուց հետո քնելը շատ վատ սովորություն է: Սնվելու ընթացքում պարասիմպաթիկ նյարդային համակարգն ակտիվանում է՝ դանդաղեցնելով արյան հոսքը դեպի մկանային հյուսվածքներ և արագացնելով դրա հոսքը դեպի մարսողական տրակտ: Մեր օրգանիզմը հաճախ ի վիճակի չի լինում համատեղել մարսողությունը և այդ ակտիվությունը, ինչի հետևանքով էլ հագեցած ճաշից հետո շատերս ցանկանում ենք քնել։ Եթե չդիմարեք այդ ցանկությանը և ուտելուց անմիջապես հետո պառկեք, սննդամթերքի որոշ հյութեր կարող են ստամոքսից նորից հոսել դեպի կերակրափող, ինչն էլ կարող է հանգեցնել այրոցի: Ավելի լավ է՝ քնել ուտելուց երկու ժամ անց:

Ծխել

Ծխելն առհասարակ շատ վատ սովորություն է, իսկ ուտելուց հետո դրա հետևանքներն ավելի քան բացասական են։ Ուտելուց հետո ծխելն առաջացնում է «գրգռված աղիքի» համախտանիշ և վատ է անդրադառնում հաստ աղիքի մկանների վրա: Նիկոտինն առաջացնում է վազոսպազմ և խանգարում մարսողական ֆերմենտների արտադրությանը: Բացի այդ, ծուխը հասնում է ստամոքսի լորձաթաղանթ, գրգռում այն և մեծացնում տարատեսակ հիվանդությունների հավանականությոնը։ Նիկոտինը ներծծվում է սննդից ստացվող սննդանյութերի հետ միասին: Դրա չափաբաժինը համարժեք է միանգամից տասը ծխախոտ ծխելուն:

Կրել սեղմող հագուստ

Նեղ ջինսե տաբատը, ծայրահեղ նեղ շապիկը և գոտին կարող են սննդի՝ ստամոքսից կերակրափող վերադարձի պատճառ դառնալ: Սա կոչվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն: Տհաճ հետևանքներից խուսափելու համար ճաշից հետո ջանասիրաբար մի՛ «սեղմվեք»։ 

Լոգանք ընդունել

Տաք ջուրը մեծացնում է արյան հոսքը մարմնի ամբողջ մակերևույթով և նվազեցնում հոսքը դեպի ստամոքսի շրջան: Դրա պատճառով մարսողական համակարգ արյան մատակարարումը խախտվում է, ինչն  էլ բացասաբար է ազդում աղիքների վրա: Ուտելուց հետո լոգանք ընդունելիս արյան ճնշումը և մարմնի ջերմաստիճանը բարձրանում են, և ձեր օրգանիզմը չի հասկանում՝ ինչպես շարունակել աշխատանքը, այնպես որ՝ որոշ ժամանակով հետաձգեք այդ հաճելի գործընթացը:

 

Զբաղվել սպորտով

Ուտելուց հետո ակտիվանում է պարասիմպաթիկ համակարգը, որը պատասխանատու է թուլացման և հանգստի համար։ Այնպես որ, արհեստականորեն մի՛ խանգարեք մարսողության գործընթացին: Սա վերաբերում է ցանկացած մարզման, ներառյալ լողին: 

Վարել

Ուտելուց հետո օրգանիզմի ամբողջ ուժն ուղղվում է սննդի յուրացմանը, նվազում է նաև արյան մատակարարումն ուղեղ: Դրա հետևանքում նվազում է ինչպես արձագանքի արագությունը, այնպես էլ ուշադրության կենտրոնացումը: Վատ հետևանքներից խուսափելու համար ավելի լավ է սպասեք կես ժամ, ապա ճանապարհ ընկնել։


Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ