Այսօր

Էնջլին համեմատեցի ծովահենի հետ, և, հետո, ես հավատում եմ նիրվանային. Հասմիկ Կարապետյան

  16 Օգոստոս 2021  323 դիտում
Էնջլին համեմատեցի ծովահենի հետ, և, հետո, ես հավատում եմ նիրվանային. Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանը «Ծովահենը» թրիլեր վիպակի հեղինակն է: Վիպակը, որ նախատեսված էր որպես սցենար և հետո վերածվել էր վիպակի, ստեղծվել է շատ պատահական, մետրոյում՝ ժետոն գնելիս: Դրանում ողբերգական, հեգնական բան կար ու հենց դա ոգեշնչեց: Հասմիկը պատմում է, որ հերոսներին՝ յուրաքանչյուրին, բառ առ բառ է կառուցել, հաշվի առնելով նրանց բնավորությունը՝ տրամադրությունը տվյալ իրավիճակում:

- Հասմիկ, «Ծովահենը» Ձեր առաջին գիրքն է, բայց քչերը գիտեն, որ այն ի սկզբանե եղել է թղթի վրա գրված սցենար, հետո, ենթարկվելով փոփխության, վերածվել վիպակի: Կպատմե՞ք սցենարը գրելու աշխատանքային ընթացքի մասին:

- Շատ ճիշտ եք, երբ ասում եք, որ սցենարը ի սկզբանե թղթին է հանձնված եղել, մինչդեռ սցենարի նախապատմությունը տպագրական սարքից է սկսվել։ Կարևորում եմ ձեռագիր գրվածքը։ Մի հարցազրույցում նշել էի` ձեռագիր գրվածքի հոգեբանական կարդիոգրամայի` որպես գրողի տրամադրության բացահայտման կարևորության մասին։ Սցենարի ստեղծման ընթացքը հեշտ ու արդյունավետ էր ինձ համար նրանով, որ սցենարը պահանջում է հատուկ կառուցվածք, որին պետք է անպայմանորեն հետևես ու չխախտես։ Հենց այդ կառուցվածքին հետևելով եմ ստեղծել «Ծովահենին». հերոսների հոգեբանական նկարագիր, սյուժեի կառուցվածք, սինոփսիս, տեսարանների զարգացում (սկիզբ, զարգացում, կուլմինացիա, ավարտ` փակ, բաց, պրոֆեսիոնալ)։

- Սցենարը ստեղծեցիք, հետո որոշեցիք փոխակերպել վիպակի: Ինչպե՞ս ծնվեց այդ միտքը:

- Քանի որ ձեռքիս տակ կար «Ծովահենի» սցենարը և բակալավրիատի ավարտական աշխատանքի ժամանակ հարկավոր էր սցենար ներկայացնել` չգիտես ինչու որոշեցի, որ այն պետք է փոխակերպեմ վիպակի և ավարտական աշխատանքս` վիպակ ներկայացնեմ։ Սցենարում, ընհանարպես, չի կարելի շոշափել հերոսների մտքերը, հեղինակի մտքերը, քանի որ սցենարը, կոպիտ ասած, չի ընդունում նմանատիպ կառուցվածքը։ Հերոսներիս նկարագիրը տեսնում էինք զուտ նրանց գործողությունների մեջ, բայց ոչ` նրանց ներսում։ Այդ իսկ պատճառով, երբ համ ու հոտ տվեցի «Ծովահենին»` փոխակերպելով վիպակի, ավելացնելով հեգնանք, դիալոգներ, հեղինակի միտք, հերոսի պատմողական ոճ` վիպակը հասցրեցի իր նպատակին։

- Իսկ գրքի փոխակերպելու ընթացքում սյուժետային կամ կերպարային փոփոխություններ տեղի ունեցե՞լ են, թե՞ իր հիմնական գծերը պահպանել է ստեղծագործությունը:

– Միանաշանակ սյուժետային փոոխություններ ոչ թե եղել են, այլ պարտադիր պետք է լինեն, քանի որ փոխակերպումը նորից մասնագիտական աշխատանք է և պետք է անպայմանորեն ծանոթ լինես փոխակերպման օրենքներին, այն է` փոփոխել սյուժետային գիծը, կուլմիանացիային զարգացում տալ, հերոսներին ներկայացնել դիալոգների, գործողությունների միջոցով, սակայն, պահպանել սյուժեի գաղափարը, իմաստը, ասելիքը։ Միանաշնակ ամեն բան փոփոխել եմ, բացի` գաղափարից։ Շուտով ընթերցողը հնարավորություն կունենա «Ծովահենին» տեսնել նաև բեմում, և այս առիթով ուզում եմ ավելացնել, որ նույն սկզբունքով եմ աշխատել, երբ վիպակը փոխակերպել եմ պիեսի։

- Ինչո՞ւ «Ծովահենը», ինչպե՞ս կանգ առաք այս վերնագրի վրա:

- Եթե ասեմ` չեմ հիշում, թե ինչպես եմ ընտրել այդ վերնագիրը, կծիծաղեք և անշնորք կհամարեք ինձ, բայց լավ ընտրությունը պատահական և անսպասելի է գալիս։ Հիշում եմ, որ պատահական, ինքս իմ մեջ վերլուծելով Էնջլին՝ համեմատեցի ծովահենի հետ։ Ու հետո` ես հավատում եմ նիրվանային (անցած կյանքումս ծովահեն եմ եղել` գիտեմ):

- Վերնագիրը անմիջապես փոխանցո՞ւմ է գրքում սպասվող տրամադրությունը, թե՞ ունի այլաբանական իմաստ:

- Միանշանակ փոխանցում է։ Հենց այնպես չէ ընտրված գրքի էջադրումը, որին նայելիս ակամայից պատկերացնում ես դաժանության, ինչ-որ տխուր և միաժամանակ արկածային պատմության մասին։ Այն նաև այլաբանական իմաստ ունի, քանի որ վիպակը ամենևին էլ ծովահենի կյանքի մասին չէ, բայց և ծովահենի մասին է` նրա հոգեբանության։

-  Գլխավոր հերոսուհին ծով դուրս գալով պայքարում է ցավի և դավաճանության դեմ: Դուք ի՞նչ կպատմեք գրքի մասին:

- Գրքի մասին պատմել եմ գրքում և նրա մասին պատմելիս` կկոտրեմ հետաքրքրությունը` դեռևս չընթերցած գրքամոլի։

- Ի՞նչ կտա այն մերօրյա ընթերցողին և ինչո՞վ կհետաքրքրի:

- Կարծում եմ, միայն ժանրը` թրիլեր, բավական է, որպեսզի այն ընթերցողին տանի նորի ակնկալիքների սպասումով։ Կհետաքրքրի նրանով, որ այնտեղ առկա է` կիրք, սպանություն, արյունոտ տեսարան, էքշն ու այդպես շարունակ:

Հարցազրույցը՝ Սվետլանա Դավթյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ