Այսօր

Կալավանի ու Անտառամեջի դպրոցներում այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով

  18 Օգոստոս 2021  801 դիտում
Կալավանի ու Անտառամեջի դպրոցներում այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով

Գեղարքունիքի մարզի երկու համայքների՝ Կալավանի և Անտառամեջի դպրոցներն այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով: Չայրել փայտ՝ նվազեցնելով ծառահատումները, վառելիքի գնմանը հատկացվող գումարն ուղղել դպրոցի այլ կարիքներին, իսկ վառելիքն արտադրել հենց գյուղերում. «Awsome nature» հիմնադրամին այսպիսի ծրագիր են ներկայացրել Կալավանում ու Անտառամեջում հեռավար դասավանդող ուսուցիչներ Նելլի Ստեփանյանն ու Սիլվա Գրիգորյանը:



Աշակերտին հարցնում էի՝ «ինչո՞ւ դասին չես միացել», ասում էր՝ «պապան փայտի ա գնացել, հեռախոսն էլ հետը տարել»

Նելլի Ստեփանյանը քիմիայի ուսուցիչ է, դասավանդում է Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում։ 2020թ. սեպտեմբերից Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման ծրագրով դասավանդում է նաև Գեղարքունիքի մարզի Կալավանի միջնակարգ դպրոցում։

ԿՏԱԿ հեռավար ուսուցման ծրագիրը մեկնարկել է դեռ 2019թ․–ին ու պայմանավորված չէ կորոնավիրուսի համավարակով։ Նպատակն է հեռավար դասավանդման միջոցով դպրոցներին ապահովել բացակայող մասնագետներով։ Կալավանում, օրինակ, 2008թ․–ից չկար քիմիայի ուսուցիչ ու դպրոցն ավարտող աշակերտների ատեստատներում այս առարկայի դիմաց պարզապես գծիկ էր դրվում։



Նելլի Ստեփանյանը հիշում է՝ սկզբում մտավախություն կար, որ չի կարողանա հեռավար ձևաչափով անհրաժեշտ կոնտակտը հաստատել աշակերտների հետ, սա է պատճառը, որ հեռավար ուսուցման «Moodle» համակարգից բացի պարբերաբար աշխատում էր նաև տեսազանգերի՝ «Zoom» հարթակի միջոցով։

«Պարապում էի միանգամից մի քանի դասարանների աշակերտների հետ, որովհետև ոչ մեկ ոչինչ չգիտեր քիմիայի մասին, տարբերություն չկար՝ 7–րդ դասարանցի է, թե 12–րդ։ Սկզբում աշակերտներին բացատրում էի ինչ է էլեկտրոնային հասցեն, որ այն անհրաժեշտ է համակարգին միանալու համար, հետո՝ ինչպես տեխնիկապես աշխատել հեռավար ուսուցման համակարգով։ Ինձ շատ օգնեց, որ Կալավանի դպրոցում այդ շրջանում աշխատում էր «Դասավանդի՛ր, Հայաստան»–ով գործուղված ուսուցիչը։ Նա տեղում կազմակերպում ու կարգավորում էր բոլոր հարցերը», – պատմում է Նելլի Ստեփայանը։

Հեռավար դասերի մեկնարկից որոշ ժամանակ անց քիմիայի ուսուցիչը որոշում է չսահմանափակվել միայն տեսական դասերով ու սկսում է անցկացնել նաև լաբորատոր փորձել: Բոլոր անհրաժեշտ նյութերն ու փորձանոթները Նելլի Ստեփանյանն ինքն է գնում և ուղարկում Կալավանի դպրոց, իսկ փորձերի ընթացքում տեսակապի միջոցով հետևում, որ ամեն ինչ ճիշտ արվի:

Ուսուցիչը պատմում է՝ գյուղում կան շատ բարդ պայմաններում ապրող ընտանիքներ: Շատ դեպքերում խոսել համացանցի կամ սմարթֆոնի մասին գրեթե անհնար էր, բայց երեխային անպայման պետք էր ներգրավվել հեռավար ուսուցման համակարգի մեջ, որպեսզի շարունակի կրթությունը։ 

«Աշակերտների հետ անընդհատ կապի մեջ էինք, բոլոր մեսինջեռներում խմբեր ունեինք, քննարկումներ էին անում։ Մեկ էլ նկատում էի, օրինակ, աշակերտներից մեկը չկա։ Զանգում էի՝ «ո՞ւր ես, ինչո՞ւ դասին չես միացել», պատասխանում էր՝ «պապան գնացել ա փայտի, իրա հեռախոսով մենակ կարող եմ միանալ, հետը տարել ա»։ Արդեն պապային էի զանգում, ասում՝ «տուն չե՞ք գնում» (ծիծաղում է–հեղ․)։ Մի օր էլ այդպես աշակերտներից մեկին էի փնտրում, զանգեցի, մի պապիկ վերցրեց ասեց՝ «բալա ջա՜ն, ես րիգունը դեմ գնալ» (երեկոյան եմ գնալու–բրբ․), ասեցի՝ «վա՜յ, ուշ կլինի», ասեց՝ «հա լավ, էգուց հեռախոսը հետս չեմ տանի»», – պատմում է Նելլի Ստեփանյանը։

Մեկ այլ խնդիր էր դպրոցի վիճակը։

«Ամեն անգամ, երբ տեսազանգով կապվում էի, նկատում էի՝ վառարանը վառվում է, բայց երեխաներն անընդհատ հավաքվում են դրա շուրջը, կամ դասարանում վերարկուներով են։ Հասկանալի էր, որ բավարար քանակի փայտ չեն այրում, որպեսզի դասասենյակն ամբողջությամբ տաքանա ու չմրսելու համար անմիջապես կողքն են կանգնում։ Բացի այդ, մենք պարապում էինք 7–րդ ժամով, երեխաներն ավարտում էին դասերը, գնում տուն, մի քիչ հանգստանում ու նորից դպրոց գալիս։ Ճանապարհից էլ հետները փայտիկներ էին բերում, որ վառեն, տաքանան, քանի որ այդ դասաժամին օրվա համար հատկացված վառելափայտը հիմնականում սպառված էր լինում», – հիշում է ուսուցիչը։

Այդ ընթացքում Նելլի Ստեփանյանը սոցցանցերում նկատում է «Awsome nature» հիմնադրամի հայտարարությունը, ըստ որի՝ հիմնադրամը կֆինանսավորի բնապահպանական խնդիրներին վերաբերող ծրագիր։

«Սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել։ Առաջին հերթին մտածեցի Վանաձորի մեր դպրոցի մասին, հետո խոսեցի նաև Սիլվայի հետ (Սիլվա Գրիգորյան, Անտառամեջում հեռավար դասավանդող ուսուցիչ–հեղ․) ու հասկացանք, որ երկուսիս դպրոցների դեպքում էլ լուրջ հարց է ջեռուցումը։ Սիլվային միայն օնլայն հարթակում էի ճանաչում։ Երկուսս ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման ծրագրով ընտրված առաջին ուսուցիչներին էինք՝ քիմիա և ֆիզիկա առարկաներից: Այդպես սկսեցինք ծրագիր մտածել, որը կլուծեր և՛ ջեռուցման հարցը մեր հեռավար դասավանդման դպրոցներում, և՛ բնապահպանական նշանակություն կունենար», – հիշում է Նելլի Ստեփանյանը։