Այսօր

SOS ազդակներ, որոնք պետք է չանտեսել մարզվելիս

  20 Օգոստոս 2021  212 դիտում
SOS ազդակներ, որոնք պետք է չանտեսել մարզվելիս

Ձեր օրգանիզմը հիանալի հասկանում է, թե երբ է պետք կանգ առնել։ Այնպես որ՝ մարզվելիս չանտեսեք ստորև թվարկված SOS ազդակները:

Ցավ

Թերևս ամենապարզ ազդանշանը։ Այն ոչ մի դեպքում պետք չէ անտեսել։ Եթե ​​ցավը տևական է և աստիճանաբար ուժգնանում է, նշանակում է՝ մկանային է: Այսինքն, դա ծանրաբեռնվածությանը պատասխան ռեակցիա է, որը ցույց է տալիս՝ մկանները աշխատում են: Այս պարագայում չափազանց կարևոր է հասկանալ ծանրաբեռնվածության ձեր սահմանը և ճիշտ ընտրել մարզումային ծրագիրը: Կտրուկ ցավը կարող է լինել մի քանի տեսակ։ Առավել տարածված է սուր կարճաժամկետ ցավը վերջույթների կամ ողնաշարի երկայնքով: Սա վտանգավոր ազդակ է: Որպես կանոն՝ նման իրավիճակում ոսկորները տեղաշարժվում և դիպչում են նյարդին, ինչը կարող է հանգեցնել բորբոքման: Սա պահանջում է դեղորայքային բւժում, և մարզումների տևական դադար: Նման ցավեր զգալու դեպքում անմիջապես դադարեցրեք մարզումները և դիմեք բժշկի։

Սուր, բայց թեթև ցավը՝ նման մկանային ներարկման ցավի, ցույց է տալիս, որ վնասվել են մկանային մանրաթելերը։ Ցավը կարող է աստիճանաբար ուժեղանալ: Այդ դեպքում կօգնի հանգստացնող մերսումը կամ մարմնի տվյալ հատվածի համար նախատեսված մարզումներից հրաժարվելը, իսկ լավագույն տարբերակը մարզումներն ընդհանրապես դադարեցնելը և մի քանի օր հանգստանալն է։

Կրծքավանդակի ցավ 

Կրծքավանդակի շրջանում ցավը կամ ծանրության զգացումը կարող են «տեղեկացնել», որ ձեր սիրտն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այս դեպքում մարզումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս ազդանշանն անտեսելը կարող է հանգեցնել կորոնար անոթների հիվանդության և նույնիսկ սրտի կաթվածի:

Դժվար շնչառություն

Եթե ​​օդի պակաս եք զգում՝ չնայած մարզասրահը բավականաչափ մեծ է և կանոնավոր օդափոխվող, ապա, ամենայն հավանականությամբ, ունեք սրտանոթային համակարգի թեթև կամ քրոնիկ խանգարում: Այս դեպքում մարզումների ինտենսիվությունը պետք է նվազեցվի կամ առհասարակ դադարեցվի։ Ուստի կարևոր է մարզումների անցնելուց առաջ անցնել բժշկական հետազոտություն և հասկանալ՝ ի՞նչ և որքա՞ն է ձեզ կարելի:

Ջերմություն

Ծանրաբեռնվածությանը պատասխան մարմնի ջերմաստիճանի բարձրացումը նորմալ ռեակցիա է: Հենց ջերմիջեցման համար էլ օրգանիզմում սկսվում է քրտնարտադրություն, բայց եթե մարզվելիս տաք օդի զգացողությունը ձեզ չի լքում, հավանական է, որ ձեզ մոտ մկանային հոգնածություն է: Այն կարող է հանգեցնել մկանային բորբոքումների։ Եթե անտեսելով անհարմարությանը շարունակեք մարզումը՝ որպես պատասխան մկանները կսկսեն ուժգին ցավել:

Աղմուկ ականջներում

Մշուշոտ գիտակցություն, աչքերի մթագնում, զնգոց ականջներում․ մարզումների ժամանակ նման ազդանշանները կարող են վկայել ճնշման բարձրացման մասին: Այդ ընթացքում ուղեղը բավարար թթվածին չի ստանում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում մարզումն ընդհատել 5-10 րոպե, իսկ եթե ​​վիճակը չի բարելավվում՝ դադարեցնել մարզումը։

Շուրթերի թմրություն 

Այս զգացողությունը կապված է անոթազարկի աշխատանքի հետ: Դուք պետք է աստիճանաբար նվազեցնեք մարզման ինտենսիվությունը՝ 5-7 րոպեի ընթացքում այն հասցնելով 0-ի, այնուհետև դադարեցնեք մարզումը և ընդմիջեք մեկ օրով։

Փորձեք մշտապես լսել ձեր օրգանիզմին և նկատել նորմայից ցանկացած շեղում: Եթե ​​նման SOS ազդակները պարբերական բնույթ են կրում, ապա արժե դիմել բժշկի և շտկումներ կատարել մարզումային ծրագրում: 

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ