Այսօր

Գյումրու Ս․ Դ․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը 100 տարեկան է

  06 Սեպտեմբեր 2021  465 դիտում
Գյումրու Ս․ Դ․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը 100 տարեկան է

2021 թվականը հոբելյանական է Գյումրու Ս․ Դ․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի համար. 100 տարի առաջ Ալեքսանդրապոլում հիմնադրվել է Անդրկովկասի առաջին նկարչական դպրոցը։

Գյումրու Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, որպես ստուդիա։ 1936 թվականին դարձել է քառամյա նկարչական դպրոց, 1947 թվականին կոչվել է քանդակագործ Ս. Դ. Մերկուրովի անունով։ Առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ա. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ։ Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում։

Ստուդիայի 13 աշակերտ ունեցող դասարանը տեղավորված էր Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ գտնվող առանձնատան առաջին հարկում։ Հետո՝ «Դելտոպլան» կոչվող դպրոցի շենքում։ 40-ական թվականներին ստուդիան զբաղեցնում էր նախկին գիմնազիայի շենքի մի քանի դասարններ։ Ավելի ուշ տեղակայվել է մանկավարժական ինստիտուտի շենքի աջակողմյան հատվածում։ 1979 թվականին ստուդիան 250 աշակերտով տեղավորվում է հինավուրց երկհարկանի առանձնատանը՝ քաղաքի ճարտարապետական նշանավոր շենքերից մեկում (Օժիտի շենք):

Գյումրու Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցը 2016 թվականից ղեկավարում է դպրոցի շրջանավարտ, տաղանդավոր նկարչուհի Ժակլին Սարգսյանը: «Այս կրթօջախի հարկի տակ տասնամյակներ շարունակ գեղարվեստական կրթություն են ստացել և գեղարվեստի աշխարհ մուտք գործել արվեստի բազմաթիվ գործիչներ, անցյալի ու ներկայի հանրաճանաչ շատ նկարիչներ ու քանդակագործներ: Շրջանավարտներից են՝ Խաչատուր Եսայանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Կարապետ Տիրատուրյանը, Հովհաննես Մինասյանը, Արաքսյա Հունանյանը, Զավեն Կոշտոյանը և ուրիշներ»,- նշել է տնօրենի պաշտոնակատար Ժակլին Սարգսյանը և հավելել, որ մեկդարյա դպրոցը ոսկե տառերով է գրել իր էջը Հայաստանի կրթամշակութային տարեգրության մեջ:

Ժակլին Սարգսյանի տեղեկացմամբ՝  հարյուրամյա դպրոցի հոբելյանի նշման շրջանակում իրականացվում են մի շարք միջոցառումներ:

«100-ամյակի առիթով իրականացվում է հոբելյանական միջոցառումների շարք. ամենանշանակալին քանդակի դասարանի և  ցուցասրահի բացումն է: Ընթացքի մեջ են նկուղային հարկի հիմնանորոգման աշխատանքները։

Դպրոցը կներկայանա հոբելյանական միջոցառումներով՝ ցուցահանդեսներ, հանդիպումներ, նոր ցուցասրահի և քանդակի դասարանի բացում։

Հոբելյանի շրջանակում Մերկուրովի անվան նկարչական դպրոցի  կայքէջում և ֆեյսբուքյան էջում  ներկայացվում են  դպրոցի պատմությունը կերտած կարկառուն ներկայացուցիչների, մանկավարժների և շրջանավարտների վերաբերյալ տեղեկություններ»,- տեղեկացրել  է Ժակլին Սարգսյանը և մանրամասնել, որ հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացումը տեղի կունենա  սեպտեմբերի 11-ին, որի ժամանակ կներկայացվեն դպրոցի սաների  նկարչական աշխատանքները, քանդակներ, կոմպոզիցիաներ:

Անդրադառնալով Մերկուրովի անվան նկարչական դպրոցի ավանդույթներին Ժակլին Սարգսյանը նշել է, որ  դպրոցի  լավագույն ավանդույթներն այսօր էլ շարունակվում են՝ նոր շնչով, նոր հայացքով, նոր մոտեցումներով՝ հպարտության րոպեներ պարգևելու բազմաթիվ դրվագներով։

100-ամյա պատմություն ունեցող դպրոցը՝ նոր շնչով

2016 թվականին անցնելով տնօրենի պարտականությունների կատարմանը, Ժակլին Սարգսյանն անմիջապես ձեռնամուխ է եղել դպրոցի վերանորոգման աշխատանքների իրագործմանը, վերանայվել և վերափոխվել են նաև ուսումնական գործընթացները:

 «Նախկինում դպրոցում գործում էր «արվեստանոցային» համակարգը, այսինքն՝ մեկ մանկավարժը 4 տարի աշխատում էր  մեկ դասարանի հետ, ինչը երեխաների մոտ մանկավարժից կախվածություն էր առաջացնում: Այժմ գործում է «ոչ արվեստանոցային» համակարգը, երեխան շփվում է 7-8 մանկավարժի հետ, յուրաքանչյուրից վերցնում է այն ինչն իրեն հոգեհարազատ է, նա  ազատ է իր ընտրության և ստեղծագործական ընկալումների արտահայտման տիրույթում. սա նպաստավոր դերակատարում ունի երեխաների ինքնաարտահայտման և անհատի ձևավորման   կարևոր գործում: Մեր նպատակն անհատի ձևավորումն է՝ ինքնուրույն ընտրության և մտածողության միջոցով, քանի որ դպրոցում սովորող բոլոր երեխաները չեն, որ նկարիչ կամ քանդակագործ են դառնալու, ուստի դպրոցում սովորող յուրաքանչյուր երեխա պետք է նախ և առաջ կայանա որպես անհատականություն և ունենա ուրույն մտածողություն»,- նշել է Ժակլին Սարգսյանը:

Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաներն ուսումնական պրոցեսի ընթացքում ուսումնասիրում են «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», «Քանդակ», «Կենսաբանություն (Մարդու անատոմիա)», «Արվեստի պատմություն», «Կիրառական արվեստ», «Գոբելեն» առարկաները: Ոլորտի լավագույն մասնագետների և արվեստագետների կողմից երեխաների համար անցկացվում են վարպետության դասեր:

Բացի ուսումնական բուն պրոցեսից, դպրոցն ապահովում է նաև երեխաների կրթամշակութային ժամանացը՝ այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ, մշակութային տարբեր օջախներ, մասնակցություններ՝ նկարչական պլեներների:

Դպրոցի սաների աշխատանքները ցուցադրվում են  ինչպես հայրենիքում, այնպես էլ միջազգային տարբեր ցուցահանդեսներում: Նրանց ստեղծագործությունները հրատարակվում են արտերկրում լույս տեսնող պատկերագրքերում: Վերջերս դպրոցի սաների ստեղծագործությունները ներկայացել են Մոսկվայում, Ղրիմում, Ղազախստանում կայացած միջազգային ցուցահանդեսներին:

Տնօրենի խոսքով՝ հիմնադրաման շրջանում դպրոցն ունեցել է շուրջ 400 սան, Խորհրադային տարիներին՝ 200, այունհետև՝ շենքային պայմաներից ելնելով դպրոցում սովորում էր 50 աշակերտ: 2016 թվականից սկսած ավելացել է սաների թիվ՝ հասնելով 80-ի: Տնօրենի խոսքով՝  կիսանկուղային հարկում  քանդակի դասարանի բացմամբ՝ կավելանա նաև աշակերների թիվը:

Նախկինում դպրոց կարող էին ընդունվել 8 տարեկանից, այժմ՝ ընդունելությունը 6 տարեկանից է: Ժակլին Սարգսյանն այս նորամուծությանը գնացել է այն հիմնավորմամբ, որ 6 տարեկանում երեխաներն առավել անկաշկանդ ու ազատ են, բացի դրանից ավելի վաղ հաճախելով դպրոց՝ երեխաները հնարավորություն ունեն ավելի երկար սովորել դպրոցում:


Դպրոցը նախ և առաջ երեխայի մեջ ձևավորվում է անհատականություն և ճաշակ

«Ծնողները հաճախ են հարցնում, արդյոք դպրոցն ավարտելով իրենց երեխան  կարող է նկարիչ դառնալ: Ես մշատապես պատասխանում եմ, որ դպրոցը նախ և առաջ երեխայի մեջ ձևավորվում է անհատականություն և ճաշակ: Նրանք արդեն հստակ գիտեն, որ ճաշակով և արժեքավոր գործ ստեղծալու համար ամենևին էլ պարտադիր չէ թանկարժեք նյութեր օգտագործել և մեծ գումարներ ծախսել: Դպրոցն ավարտած կամ դեռևս սովորող շատ երեխաներ իրենց մտածողությամբ, թելադրած ճաշակով, կատարած աշխատանքով, ստեղծագործական լուծումներով աչքի են ընկնում անգամ տարածության վրա: Պետք է ասեմ, որ դպրոցի վերանորոգան ժամանակ մենք երկրորդ և երրորդ կյանք ենք տվել տարբեր առարկաների՝ փոխելով դրանց գործածության իմաստը, նորովի իմաստավորելով և կիրառության նոր ֆունկցիա տալով իրերին: Օրինակ՝ դռների բռնակները պատրաստվել են գդալներից, դուռը վերածվել է հնաոճ սեղանի, ծառի ճյուղերից պատրաստել ենք քիվեր, դույլերից և թեյնիկներից ձևավորվել ենք ջահեր,  ճյուղերից՝ հագուստի համար կախիչներ, գրչատուփ, հին, գործածությունից դուրս եկած գրքերից և դույլիկից՝ լուսամփոփ: Ձևավորման աշխատանքներում  իրենց ակտիվ մասնակցությունն ունեն երեխաները, և ոչ միայն դպրոցում, այլև՝ տանն ու իրենց շրջապատում:



Ստեղծել, արարել, հասնել կատարելության

Որքան շատ են իրագործվում նպատակներն, այնքան շատ են անելիքները: Մենք ձգտում ենք կատարյալին, դրա համար էլ որևէ պահ հապաղել, դանդաղել չենք կարող: Գյումրու Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում երեխաներն ու ողջ անձնակազմը շարունակում են սովորել և սովորեցնել,  ստեղծել և արարել՝ սիրով, ստեղծարար և ստեղծագործ մոտեցումներով:

Հարցազրույցը՝  Ալլա Սերոբյանի

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ