Այսօր

Շատ լավ ինֆորմացված լինելու հետ մեկտեղ, խոսնակը պետք է նաև տիրապետի լռելու արվեստին. Տաթև Խաչատրյան

  14 Սեպտեմբեր 2021  551 դիտում
Շատ լավ ինֆորմացված լինելու հետ մեկտեղ, խոսնակը պետք է նաև տիրապետի լռելու արվեստին. Տաթև Խաչատրյան

Ինձ հայտնի ամենադաժան, նյարդային ու անշնորհակալ աշխատանքներից մեկը, թերևս, լրագրողի աշխատանքից հետո, մամուլի խոսնակինն է։ Չկա, հավանաբար, իր չարածի համար, ուրիշի փոխարեն ավելի շատ արդարացող ու ներողություն խնդրող մարդ, քան մամուլի խոսնակը։ Այն նաև ամենալավ վարձատրվողներից չէ, բայց այս ամենով հանդերձ՝ մամուլի խոսնակի ներկայացուցչական պաշտոնը ամենացանկալիների թվում է։ Երևի թե ամեն լրագրող իր կյանքի ընթացքում ինչ-որ պահ մտածում է խոսնակ դառնալու մասին, դե իսկ ամերիկյան սերիալների ֆոնին էլ շատ դեռահասներ են երազում պաշտոնյաների մամուլի խոսնակ դառնալու մասին։ Ովքե՞ր են այս մասնագետները, ի՞նչ բարդությունների են հանդիպում ու ի՞նչ պատերազմների միջով են անցնում ամեն օր՝ փորձել ենք ճշտել Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրանից, ով գրեթե 8 տարի աշխատել է տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններում (ՀՀ ազգային ժողով, ՀՀ արդարադատության նախարարություն, Սոցիալական ապահովության ծառայություն, Մետրոպոլիտեն)։

«Մամուլի խոսնակ լինելու «բերկրանքը» վայելել  էի դեռ  Սոցիալական ապահովության ծառայությունում։ Ծառայությունում աշխատելու ընթացքում իմ աշխատանքային 8 ամիսների օրագիրը բազմաթիվ տողեր ուներ․․․ինչևէ, երբ ստացա առաջարկ աշխատել Երևանի մետրոպոլիտենում՝ որպես մամուլի խոսնակ, ամենևին չէի պատկերացնում ի՞նչ ու ո՞նց եմ անելու։ Աշխատելու առաջին ամիսներին փորձում էի գտնել ինձ մետրոյում։ Գիտակցում էի, որ պասիվ աշխատելաոճը իմը չէ։ Սկսեցի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում կազմակերպել ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, հոբելյանական միջացառումներ։

Ցանկանում էի, որպեսզի ուղևորները՝ գնացքին սպասելու ընթացքում, ժամանակն ի նպաստ իրենց օգտագործեն։ Փորձը ցույց տվեց, որ մետրոպոլիտենում մամուլի քարտուղարի աշխատանքը մի փոքր տարբերվում է այլ գերատեսչությունների խոսնակների աշխատանքից»,- պատմում է Տաթևը։


- Երազանքի աշխատա՞նք էր մամուլի խոսնակը։

- Փոքր ժամանակ ես երազում էի լինել  երկրի նախագահ։ Հավաքում էի բակի երեխաներին ու տալիս տարատեսակ հարցազրույցներ ու ճեպազրույցներ՝ սկսած բակի մաքրությունից, վերջացրած՝ բակ մտնող տրանսպորտի աշխատանքով։ Հարևաները, երբեմն իրենց կամքին հակառակ, դառնում էին պոտենցիալ լրագրողներ։   Միշտ ասում էի, որ պետք է դառնամ շատ հայտնի մարդ, որպեսզի ինձ հասարակական տրանսպորտում ճանաչեն ու վճարեն իմ փոխարեն։ Դպրոցական տարիներին արդեն հստակ որոշել  էի, որ լրագրող եմ դառնալու։ Մայրիկիս երազանքն էր, որպեսզի ես ստանայի բարձրագույն ու որակյալ կրթություն։ Ընդունելության ժամանակ ամբողջ գիշեր պարապում էի, իսկ ցերեկները քնում։ Երբեմն մայրս տանում էր ինձ իր աշխատավայր, փակում սենյակում, որպեսզի ես լռության ու միայնության մեջ պարապեմ։ Ընդունվեցի ԵՊՀ –ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Եվ ուսանելու տարիներից ես գիտեի, որ իմ վերջնանպատակը պրոֆեսիոնալ մամուլի խոսնակ լինելն է։

Դե, լրագրողները լավագույն խոսնակներն են լինում, քանի որ փայլուն գիտեն, թե դիմացինն իրենցից ինչ է սպասում: Եվ, ի վերջո, դա այն մինիմումներից է, որ մոտեցնում է ինձ երկրի նախագահ լինելուն (ծիծաղում է)։

- Ո՞վ է մամուլի խոսնակը։ Ի՞նչ պարտականություններ ունի։

- Յուրաքանչյուր աշխատանք մեզնից չափազանց շատ ժամանակ է տանում, և միակ միջոցը կյանքից բավարարված լինելու՝ սիրած գործով զբաղվելն է: Յուրաքանչյուրս պետք է սիրենք մեր աշխատանքը և կատարենք այն ամենայն նվիրվածությամբ ու սրտացավությամբ։

Մամուլի խոսնակը գերատեչության ամենաանկեղծ, ամենաթափանցիկ, ամենահամբերատար մարդն է, ով պետք է լինի անասելի պարտաճանաչ, մամուլի հետ ազնիվ, շիտակ ու բաց։ Խոսնակը երբեք չպետք է խուսափի հստակ դիրքորոշում հայտնելուց ու պետք է աշխատի ու հասանելի լինի  24/7 ռեժիմով։ 

- Խոսնակն ավելի շատ PR մասնագե՞տ է, թե՞ լրագրող։

-Իմ դեպքում՝ երկուսը մեկում։ Բակալավրս` լրագրող, մագիստրատուրաս՝ PR մասնագետ։

-Լա՞վ է, որ նախկինում լրագրող աշխատած մարդիկ են, հիմնականում, դառնում մամուլի խոսնակ։

- Ցանկալի է, բայց ոչ պարտադիր։  Առաջին պլանում ու միշտ թիրախավորված այս պատասխանատու պաշտոնին պետք է լինի մեկը, ով լրագրողի հետ կկարողանա խոսել «նույն լեզվով»։

- Ի՞նչ հմտություններ են պետք մամուլի խոսնակ դառնալու համար։

- Մամուլի խոսնակի համար խոսքը հիմնական աշխատանքային գործիքն է համարվում։ Մի սխալ ասված բառը կամ միտքը  կարող է առաջացնել տարատեսակ խնդիրներ, ուստի նա պետք է լինի ինֆորմացված, կարողանա վարժ շարադրել  միտքն ու ճիշտ կոմունիկացնել տեղեկատվությունը։ Շատ լավ ինֆորմացված լինելու հետ մեկտեղ՝ խոսնակը պետք է նաև տիրապետի լռելու արվեստին։

- Ի՞նչ սովորել. արդյոք համալսարանական կրթությունը բավարա՞ր է այս պաշտոնի համար։

-Մասնագիտությամբ լրագրող եմ, և Մայր բուհից սպասելիքներս լիովին արդարացվել են։  ԵՊՀ-ն ինձ համար հետաքրքիր փորձություն էր, վեց տարիների ճանապարհ։  Լավ մասնագետ դառնալու համար, նախևառաջ, պետք է սիրել մասնագիտությունը, իսկ հետագայում այն աշխատանքը, որով պետք է զբաղվես. միայն այդ դեպքում կատարած աշխատանքդ կլինի որակյալ, լիարժեք և անթերի:

Որակյալ կրթությունը յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է և համալսարանական կրթության հետ զուգահեռ՝ շատ կարևոր է նաև ինքնակրթությամբ զբաղվելը։ Կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն էր Ժուռնալիստիկայի ֆոկուլտետում սովորելը։ 

-Ինչպե՞ս է սկսվում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակի օրը։

- Առավոտը սկսվում է ավագ կարգավարի հետ ճշտելով գիշերային աշխատանքների կատարման ընթացքը։ Քչերը գիտեն, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները երբեք չեն դադարում։ Ամեն օր՝ ժամը 23։00-ից հետո, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է,  դրանց փոխարինում են ներքին այրման շարժիչով բեռնատար գնացքները՝ բարձված ցեմենտով, ավազով, շինանյութերով: Դրանք բեռը հասցնում են թունելի՝ հարկ եղած վայր, և բանվորները անհրաժեշտ տարբեր աշխատանքներն են կատարում մինչև 06։00-ն։  Հետո հետևում եմ մամուլի հրապարակումներին՝ հարկ եղած դեպքում զեկուցում տնօրենին։ Օրվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ դիմումներ՝ մետրոյում նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ, և անձամբ մասնակցում դրանց։ Վարում եմ Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը և 24 ժամ հետևողականորեն պատասխանում քաղաքացիների նամակներին։

-Ինչի՞ մասին է երազում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։

-Միանգամից ասեմ՝ շատ երազկոտ մարդ եմ։ Ամենամեծ երազանքս, որպեսզի երևանյան մետրոն ունենա նոր կայարաններ ու շարժակազմեր։

Երազում եմ, որ մեր մետրոն լինի մրցունակ՝ աշխարհի խոշոր երկրների մետրոպոլիտենների հետ։ Երազում եմ, որ մեր մետրոն ունենա անվանական գնացքներ,  որպեսզի մետրոյում միշտ հնչի դասական երաժշտություն և  մեծ երազանքներիցս մեկն է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվագի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։

- Բարձր վարձատրվող աշխատա՞նք է. գոնե այդ սթրեսները հաղթահարելուն բավականացնո՞ւմ է։

-Իրականում, ոչ։ Մետրոպոլիտենում աշխատող յուրաքանչյուր աշխատակից իր գործի նվիրյալն է՝ սկսած գիշերային հերթափոխի աշխատակիցներից, մինչև վարչական շենքում աշխատող յուրաքանչյուր մասնագետ։

 Հաճախ եմ ստանում ավելի բաձր վարձատրությամբ աշխատանքային առաջարկներ, բայց զգում եմ, որ այս պահին ես պետք եմ մետրոյում։ Դա, երևի, գալիս է իմ պատասխանատվության զգացումից։  Այս պահին այս աշխատանքն է իմը, և ես չեմ խնայում ջանք ու եռանդ՝ այն օրինակելի դարձնելու համար։