Այսօր

Չկա մի բան, որ կարող է կանգնեցնել քեզ, երբ գործդ արդար է․ Միրաբ Բաբայան

  14 Սեպտեմբեր 2021  1175 դիտում
Չկա մի բան, որ կարող է կանգնեցնել քեզ, երբ գործդ արդար է․ Միրաբ Բաբայան

Ալտահար Միրաբ Բաբայանը երբեք Հայաստանում չէր ապրել։ Ծնվել ու մեծացել է Ուկրաինայում։ Վերջին 3 տարիներին Կամբոջայում էր հաստատվել, զբաղվում էր իր հիմնադրած սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքներով։ Կամբոջայից հայրենիք եկավ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո։ Թեև զինվորական ծառայություն չէր անցել, բայց կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Զարմանալի կթվա, բայց մարտական ընկերները պատերազմի օրերին Միրաբին ազգային երգ ու պար էլ սովորեցրին։ Ավելի ուշ պետք է խորությամբ ուսումնասիրեր ազգայինն ու փորձեր փոխանցել այն ուրիշներին՝ գաղափարակիցների հետ հիմնելով «Մշակութամետ» նախաձեռնությունը։

Erit.am-ի հետ զրույցում Միրաբ Բաբայանը պատմել է նախաձեռնության ստեղծման, անցած ճանապարհի ու ապագայի պլանների մասին։

-«Մշակութամետ»-ի գաղափարը ե՞րբ եկավ։ Ի՞նչը ստիպեց պատերազմից հետո մոտիվացիա գտնել ու այն իրագործել։

-Պատերազմից հետո դժվար էր ուշքի գալ։ Փորձում էի հասկանալ՝ ինչից սկսել։ Գաղափարակիցներով հավաքվեցինք, հասկացանք, որ սահմանից է ամեն ինչ սկսվում, պետք է փորձել այնպես անել, որ այդ սահմանն ամուր լինի։

Ես Հայաստանում չեմ ապրել, ընկերական շրջապատ չունեի։ Մի քանիսին ձեռք եմ բերել պատերազմի ժամանակ։ Մարտական ընկերներիցս մեկը՝ Վրեժն ասաց, որ ունի արշավական ընկերներ, որոնք երաժշտությամբ են զբաղվում։ Ծանոթացրեց, զրուցեցինք ու քիչ-քիչ ձևավորվեց «Մշակութամետ»-ի խումբը։

Այցելում ենք սահմանամերձ համայնքներ, հանդիպում ծնողների ու երեխաների հետ, նրանց ներկայացնում ծրագիրն ու ձևավորում խմբեր՝ դաշնամուրի, կիթառի, քանոնի, թավջութակի, ջութակի, դհոլի, դուդուկի, շվիի, կլառնետի, ֆլեյտայի, ինչպես նաև կարպետագործության, ասեղնագործության, նկարչության, լուսանկարչության, դերասանական արվեստի, արվեստի պատմության, սոլֆեջիոյի ու վոկալի։ Անկախ նրանից՝ երեխան որ խումբն է ընտրում, պարտադիր սովորում է ազգային երգ ու պար։