Այսօր

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կունենա 12 ներկայացուցիչ

  16 Սեպտեմբեր 2021  245 դիտում
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կունենա 12 ներկայացուցիչ

Հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն ունենալու է բավականին ներկայացուցչական կազմ: Առաջնությանը մասնակցելու է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 31 մեդալակիր, այդ թվում՝ 5 չեմպիոն:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մասնակից ըմբիշների ցանկը, որը, միջազգային կառույցի տեղեկացմամբ, ազգային ֆեդերացիաների ցանկությամբ առաջնության մեկնարկից մինչև 3 օր առաջ կարող է փոփոխությունների ենթարկվել: Նախնական հայտերի համաձայն՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Օսլո կմեկնի 4 ըմբիշ, իսկ հունահռոմեական հավաքականից՝ 8:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Օսլոյում հանդես կգան Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Հիշեցնենք, որ Հարությունյանը և Թևանյանը մասնակցել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, սակայն, չնայած մեծ սպասելիքներին, երկուսն պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտում: 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն առաջնությանը հայտավորել է Նորայր Հախոյանին (55 կգ), Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Հրաչյա Պողոսյանին (63 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (72 կգ), Գեղամ Թորգոմյանին (82 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) և Դավիթ Օվասափյանին (130 կգ):

Այսպիսով, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև ՕԽ-ի մասնակիցներ Արմեն Մելիքյանը, Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանն աշխարհի առաջնությունը բաց կթողնեն:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ