Երբ դառնամ հայտնի ու հարուստ, Սպիտակում հաստատ շատ բան է փոխվելու․Տիգրան Սարգսյան

  27 Սեպտեմբեր 2021  748 դիտում
Երբ դառնամ հայտնի ու հարուստ, Սպիտակում հաստատ շատ բան է փոխվելու․Տիգրան Սարգսյան

Ուզում էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել ոստիկանության ակադեմիա։ Ծառայության ընթացքում, սակայն, հաշմանդամություն ձեռք բերեց ու չկարողացավ իրագործել նպատակը։ Սկսեց փնտրել նոր հնարավորություններ։ Դրանցից մեկն էլ «Երևան, իմ սեր» հիմնադրամի կազմակերպած լուսանկարչության դասընթացն էր։ 2019 թ․-ին Տիգրանն ու ևս 7 երիտասարդներ ավարտեցին դասընթացը։ Տիգրանին առաջարկեցին շարունակել համագործակցությունը։ Արդեն երկու տարի է, ինչ հիմնադրամի լուսանկարիչն է։ Այս ընթացքում հասցրել է կիրառել սովորածը, փորձ կուտակել, բայց ասում է՝ եթե կա ցանկություն, սովորելու բան միշտ էլ կգտնվի։ Erit.am-ի հետ զրույցում Տիգրանը պատմել է դպրոցական տարիքից սկսած գումար վաստակելու, Թալիշում անցկացրած ծառայության, գինեգործ դառնալու մասին և ոչ միայն։

-Ո՞ր տարիքում, ինչպե՞ս հետաքրքրություն առաջացավ լուսանկարչության հանդեպ։

-Փոքրուց ինձ հետաքրքրել է լուսանկարչությունը։ Այն ժամանակ հեռախոսով էի նկարում ու ավելի շատ տեսանյութեր ։ Տարբեր հավաքույթների ժամանակ ընկերներիս էի նկարում։ Լուսանկարների ու տեսանյութերի «արխիվ» ունեմ։

Դպրոցական էի, երբ սկսեցի ինքնուրույն մոնտաժային ծրագրեր սովորել։ Ավելի ուշ ինձ վստահվեցին տարբեր միջոցառումների տեսանկարահանման աշխատանքներ, հետո նաև դպրոցի ֆեյսբուքյան էջը սկսեցի վարել։



-Քաղաք Սպիտակից ես։ Ինչի՞ պակաս կա մարզերում։

-Լիներ «Դիջիքեմփ», թե էքսպոներ՝ ամեն տարի մասնակցել ենք, ունեցել ենք ռոբոտաշինության խմբակ, միշտ կապը եղել է Երևանի հետ, բայց ոչ բոլորն ունեին այդ հնարավորությունը։

Սպիտակում կային սպորտդահլիճներ, որտեղ երեկոյան գնում էինք ֆուտբոլ, վոլեյբոլ խաղալու, բայց դա շատ քիչ է։ Օրինակ՝ ժամանցի վայրեր չկային։ Չէիր կարող ընկերներիդ հետ գնալ մի տեղ ու ֆիլմ դիտել։ Սպիտակը Երևանի կամ նույնիսկ Վանաձորի հետ համեմատել չենք կարող։ Ցավով եմ նշում, բայց այսօր կյանքը մարզերում մահացած է։

Այնքան մարդկանց եմ ճանաչում, որ սովորելու, աշխատանքի համար տեղափոխվել են Երևան։ Օրինակ՝ ես մեծ հաճույքով կաշխատեի Սպիտակում, բայց այնտեղ իմ մասնագիտությամբ աշխատանք չկա։

Երբ դառնամ հայտնի ու հարուստ, Սպիտակում հաստատ շատ բան է փոխվելու։ Մեծ է ցանկությունս, որ այդ մոդելավորման կենտրոնը հենց այնտեղ գործի։ Աշխատատեղ կլինի, ես էլ ինչ-որ կերպ օգուտ կտամ իմ քաղաքին, որը շատ սիրում եմ։