Անհնար ոչինչ չկա. Սևանը լողալով հատողի խոստովանությունը

  27 Սեպտեմբեր 2021  365 դիտում
Անհնար ոչինչ չկա. Սևանը լողալով հատողի  խոստովանությունը

Մենք՝ հայերս, Սևանին ասում ենք ծով, բայց խուսափում այնտեղ լողալուց։ Վաղուց է՝ ինչ շատերի համար Սևանը դարձել է զբոսնելու, նկարվելու ու շատ-շատ ոտքերը թրջելու լիճ։ Սակայն, կան մարդիկ, որ ամռան վերջին օրերին X Waters Sevan միջոցառման շրջանակում փորձել են հատել Սևանը լողալով, էլ ավելի կզարմանաք, երբ պատմենք նրանց մասին, ում դա հաջողվել է։ Ծանոթանանք «Սևանը կտրողի»՝ Արտակ Օրդյանի հետ։ Արտակը ափից ափ հասել է 2 ժամ 40 րոպեում։ Սկսել է թերակղզու մոտից և ավարտել Կապուտակ Սևան հանգստյան գոտու մոտ։ Արտակը պրոֆեսիոնալ լողորդ չէ, նա մարքեթինգի խորհրդատու է, դասավանդում է մարքեթինգ, վաճառքներ ու բիզնեսի ռազմավարություն։ «6,5 կմ ուղիղ գծով էր լողը, բայց, կարծում եմ, ես 7-ից ավելի եմ լողացել, քանզի ուղիղ գծով չեմ լողում։ Անընդհատ պետք էր գլուխը բարձրացնել, նայել դիմացի սարին և ուղիղ լողալ...»,- հիշում է Արտակը։


- Ինձ մոտ տպավորություն է, որ այս գաղափարը՝ հատել Սևանը լողալով, կանցնի միայն Սևանում մեծացի, ամեն օր այնտեղ լողացածի մտքով։

- Մեծացել եմ Երևանում։ Ինքնուս եմ սկսել  լողալ։ Հինգ տարի է, ինչ լողավազան եմ հաճախում։ Հաճախ YouTube-ով նայում եմ ու փորձում հիշել ու շտկել սխալներս։ Անվերջ բարելավելու տեղ կա։

- Իսկ ինչպե՞ս ես պատրաստվել այս միջոցառմանը։

 - Նախկինում լողացել էի Սևանում՝ եռամարտի մրցումների շրջանակներում։ Երկու շաբաթ առաջ էլ 4 կմ էի լողացել ափամերձ հատվածում։ Սևանում միշտ դժվար է լողալ՝  ի տարբերություն ծովի, քանզի քաղցրահամ ջուր է, բարձր լեռնային լիճ։ Ե՛վ ջուրը չի պահում մակերեսին, և՛ թթվածինն է քիչ։

Գարնանից լողավազան այցերս վերսկսել էի։ Ամեն շաբաթ նվազագույնը երեք անգամ լողում եմ, ամեն պարապմունքի ժամանակ նվազագույնը 2,5 կմ։ Իհարկե, վերջին շաբաթների ընթացքում երկարացրել էի դիստանցիաներն ու պարապմունքի ժամերը։ Այնուամենայնիվ, լողավազանում լողն ու բացօթյան տարբեր «կենդանիներ են»։