Ցանկացած նկար հաջորդի համար էսքիզ է․ Արամ Ենգիբարյան

  01 Հոկտեմբեր 2021  859 դիտում
Ցանկացած նկար հաջորդի համար էսքիզ է․ Արամ Ենգիբարյան

Ընտանիքի անդամներն արհեստով են զբաղվում, Արամն՝ արվեստով։ Արվեստի դպրոց հաճախելու տարիներին է հասկացել՝ նկարչությունը հենց այն է, ինչով ուզում է զբաղվել ողջ կյանքում։ Ընդունվել է Գեղարվեստի պետական քոլեջ, այնուհետև ակադեմիա։ Այժմ Արամն իր գյուղի՝ Արզականի արվեստի դպրոցի նկարչության ուսուցիչն է։ Դասավանդում է նաև Կոտայքի մարզի մեկ այլ՝ Թեղենիք գյուղում։ Ասում է՝ երեխաների մտքերը պարզ են, բայց վերացական, երբեմն ֆանտաստիկ բաներ են ասում, որոնք վերածվում են նոր գործերի։ Erit.am-ի հետ զրույցում երիտասարդ նկարիչ Արամ Ենգիբարյանը պատմել է ստեղծագործական փնտրտուքների և առաջիկա անելիքների մասին։

- Զրույցներից մեկում ասել եք, որ ուսանողական տարիներին ունեցել եք ազդեցություններ հայ և օտարերկրյա նկարիչներից։ Ովքե՞ր են նրանք։

- Ամենաշատը ազդեցություններ ունեցել եմ Ռեմբրանդից, Պիկասոյից, Մատիսից․ նրանց արվեստը շատ եմ սիրում։ Կան նաև այլ մեծեր, որոնցից ազդեցություն չեմ ունեցել, բայց նրանց նույնպես ուսուցիչ եմ համարում։

Երբ քիչ-քիչ մտնում ես արվեստի դաշտ, ծանոթանում ես տարբեր նկարիչների գործերի՝ սկսած քարանձավային նկարչությունից։ Սկսում ես մտածել՝ ինչը ինչպես ու ինչ տեխնիկայով են արել։

Ինչ-որ հարազատ բան էինք գտնում, փորձում անել, ստացվում էր,  ու դա ձգում էր մեզ, դառնում էր ազդեցության նման մի բան։