Նոր կյանք՝ հին հագուստին․ Զրույց «Քաշմիր»-ի հիմնադրի հետ

  04 Հոկտեմբեր 2021  519 դիտում
Նոր կյանք՝ հին հագուստին․ Զրույց «Քաշմիր»-ի հիմնադրի հետ

Ուզում էր դերասանուհի դառնալ, բայց ծնողների որոշմամբ ընտրեց լեզվաբանի մասնագիտությունը։ Առցանց դպրոցում անգլերեն էր դասավանդում, անհատական պարապմունքներ անցկացնում, աշխատում հասարակական ոլորտում։ Մինչև որ մի օր որոշեց հետևել սրտի թելադրանքին ու զբաղվել սիրելի գործով՝ հագուստի վերամշակմամբ։ Արդեն 2 ամիս է, ինչ Նունե Ալավերդյանի «Քաշմիր»-ը գործում է սիրելի քաղաքում՝ Սպիտակում։ Օգտագործված հագուստ է գնում, ուղարկում քիմմաքրման, հետո վերամոդելավորում այն ու վաճառում, երբեմն էլ բարեգործություն անում։ Erit.am-ի հետ զրույցում Նունե Ալավերդյանը պատմել է զրոյից բիզնես սկսելու և այն միայնակ առաջ տանելու դժվարությունների մասին և ոչ միայն։

- Ո՞ր տարիքում սկսեցիք հետաքրքրվել հագուստի հետ աշխատանքով։

- Փոքր տարիքում քրոջս հետ հագուստ էինք կարում տիկնիկների համար։ Արդեն դպրոցական տարիներին սկսեցի իմ հագուստը ձևափոխությունների ենթարկել։ Տարբեր ամսագրերում գեղեցիկ հագուստ կամ պայուսակ էի տեսնում, փորձում էի մայրիկի օգնությամբ նմանատիպ մի բան ստանալ։

- Փորձարկումներն ընտանիքի անդամների հագուստի վրա էիք անո՞ւմ։

- Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ իմ հին հագուստը այս կամ այն կերպ ձևափոխելը։ Տանում էի տարբեր դերձակների մոտ, խնդրում, որ վերամոդելավորեն իմ ասած ձևով։ Երբեմն ասում էին՝ հետաքրքիր բան ես մտածել, բայց աշխատատար է, երկար ժամանակ է պետք, բայց ի վերջո ստացվում էր։

Մեծ բավարարվածություն էի զգում, երբ տեսնում էի, որ հնարավոր եղավ հագուստիս նոր կյանք տալ։ Ծնողներս, ընկերներս շատ հավանում էին, անծանոթներն էլ հետաքրքրվում էին, թե որտեղից եմ գնել, որ իրենք էլ ձեռք բերեն․չէին մտածում, որ հին հագուստ է։ Հիմնականում իմ հագուստն էր ենթարկվում փորձարկումների։

- Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք, որ եկել է գաղափարն իրագործելու ժամանակը։

- Պատերազմի օրերին հագուստ էինք հավաքագրում մարդկանց օգնելու համար։ Տեսա, որ շատ մարդիկ ունեն հագուստ, որը տարիներով չեն օգտագործում ու պատրաստ են նվիրաբերել։ Կար նաև հագուստ, որն անհնար էր այդ նույն վիճակում տալ որևէ մեկի․ լավ վիճակում էր գտնվում, բայց պետք էր որոշակի աշխատանք տանել։

Մտածեցի, որ եթե լինի մեկը, ով կհավաքագրի հագուստ, դրա դիմաց մարդկանց կվճարի ու կկազմակերպի վերամշակման գործընթաց, հնարավոր կլինի օգտագործված հագուստից «նոր» հագուստ ստանալ։ Այդ ժամանակ գաղափարն ավելի ամրապնդվեց։

- Ի՞նչն է պատճառը, որ հենց 2021 թ-ին որոշեցիք թողնել աշխատանքն ու հոբբին վերածել բիզնեսի։

- Աշխատում էի ՀԿ-ում, այնուհետև տանից մինչ ուշ երեկո անում էի օնլայն դասեր։ Շատ էի հոգնում համակարգչից։ Տարեսկզբին աշխատավայրում փոփոխություններ եղան, պետք է ստանձնեի նոր պարտավորություններ, ինչը ենթադրում էր, որ ավելի երկար ժամեր եմ անցկացնելու համակարգչի էկրանի առաջ։ Հասկացա, որ պատրաստ չեմ դրան, ինքնակամ դուրս եկա աշխատանքից։

Այդ ժամանակ պլաններ չունեի։ Մտածում էի որոշ ժամանակ հանգստանալ,  հետո նոր սկսել ինչ-որ բան։ Երբ տեսա «ՀԿ կենտրոնի» հայտարարությունը, որոշեցի դիմել։

- Ի՞նչ ծրագիր էր։ Ինչպիսի՞ աջակցություն էր ենթադրում։

- Ծրագիրը համավարակի պատճառով աշխատանքը կորցրած այն երիտասարդների համար էր, ովքեր ուզում են բիզնես հիմնել։

Սկզբում մտածում էի, որ չեմ համապատասխանում ծրագրին, քանի որ քովիդով պայմանավորված չեմ կորցրել աշխատանքս։ Ամեն դեպքում որոշեցի դիմել, փորձ ձեռք բերել, բայց չէի կարծում, թե ծրագիրս հաղթող կճանաչվի։

Դիմեցի, մասնակցեցի դասընթացներին։ Հետոն ինձ համար բավականին բարդ էր․բիզնես ոլորտում փորձ չունեի, բայց պետք է ներկայացնեի ծրագիր։ Շատ նրբություններ կային, որոնց չէի տիրապետում։ Մենթորների օգնությամբ կազմեցի ծրագիրն ու ներկայացրի։ 18 ծրագրից երկուսը պետք է ընտրվեին։ Հաղթողներից մեկը ես եղա։

Դրամաշնորհը 1 մլն դրամ էր։ Ստացա այն, ձեռք բերեցի գույք՝ կարի մեքենաներ, արդուկ և այլն։ Որոշեցի, որ ինքս պետք է սովորեմ հագուստ մոդելավորել ու կարել։ Ծրագրի աջակցությամբ անցա եռամսյա վերապատրաստում։ Չեմ կարող ասել, թե  արդեն մասնագետ եմ ու լիովին տիրապետում եմ գործընթացին։ Սա գաղափարի փորձարկման ընթացք է ինձ համար։