Բեմից լավ համալսարան չկա․ թմբկահար Արման Մնացականյան

  13 Հոկտեմբեր 2021  507 դիտում
Բեմից լավ համալսարան չկա․ թմբկահար Արման Մնացականյան

Սկզբում դաշնամուրի էր հաճախում, բայց ծնողները տեսան տղայի «տառապանքներն», ու Արմանը տեղափոխվեց երաժշտական դպրոցի՝ դասական հարվածային գործիքների բաժին։ Ավելի ուշ պիտի սիրահարվեր ջազային թմբուկներին ու որոշեր նվիրվել ջազ երաժշտությանը։ Այսօր երաժիշտը նվագում է գործող 19 խմբերում, այդ թվում՝ Վահագն Հայրապետյան տրիոյում, Հայաստանի պետական ջազ նվագախմբում և “Armenian Navy Band”-ում։ Erit.am-ի հետ զրույցում երիտասարդ թմբկահարը պատմել է թմբուկների հետ փոխհարաբերությունների, մարզային բնակավայրերը ջազաֆիկացնելու և Բերկլիի երաժշտական քոլեջում ուսումը շարունակելու մասին։

-Երաժշտական գործիքի ընտրություն չի եղել․ հայրիկը թմբկահար է։ Եղե՞լ է պահ, որ որոշես թողնել թմբուկները կամ մտածես այլ գործիք նվագելու մասին։

-Պահ, որ ցանկանամ թմբուկները թողնել, չի եղել։ Իսկ ուրիշ երաժշտական գործիքների տիրապետելը միշտ էլ խրախուսվում է, օգտակար է ցանկացած երաժշտի համար։ Կարևորը երաժիշտ լինելու գաղափարն է․ ոչ թե լինել թմբկահար, դաշնակահար կամ դուդուկահար, այլ լինել երաժիշտ։ Տարբեր գործիքների տիրապետելը, առնվազն տեսական գիտելիք ունենալը միայն կօգնի դրան։

Երբեմն նաև դաշնամուր եմ նվագում, բայց հարվածային գործիքները միշտ դոմինանտ դերում են։