Երիտասարդ նկարիչներն ու երաժիշտները կմասնակցեն «Արտիստ» փառատոնին

  13 Հոկտեմբեր 2021  531 դիտում
Երիտասարդ նկարիչներն ու երաժիշտները կմասնակցեն «Արտիստ» փառատոնին

Հոկտեմբերի 17-ին «Ոսկեվազ» գինու գործարանում կկայանա «Արտիստ» խորագրով փառատոն։ Նախաձեռնությունը «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ինն է։ Գաղափարն առաջացել է կազմակերպության իրականացրած ցուցահանդես-համերգներից հետո։

Հիփ-հոփ, ջազ, ֆոլկ, էթնո․ փառատոնի շրջանակներում հնչելու է բազմաժանր երաժշտություն։ Ելույթ են ունենալու "Walking by project" և "Let’s fly Project" խմբերը։

«Առաջինն է՝ որպես նկարչական ու երաժշտական փառատոն։ Անվանել ենք «Արտիստ», որ սահմանափակումներ չունենանք, հետագայում կարողանանք անդրադառնալ նաև արվեստի այլ ճյուղերի»,- Erit.am-ի հետ զրույցում ասաց մտահղացման հեղինակ, մշակութային ՀԿ հիմնադիր Նարեկ Փոթոյանը։

Փառատոնի շուրջ համախմբվել են ցուցահանդես-համերգների մասնակից 4 տասնյակից ավելի նկարիչներ։ Մասնակիցներ կան ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Շիրակի մարզից, Արցախից։ Փառատոնին միացել է նաև չինացի արտիստ։ Ներկաները հնարավորություն են ունենալու տեղում ձեռք բերել երիտասարդ նկարիչների աշխատանքները։

Փոթոյանի խոսքով՝ նպատակ ունեն երիտասարդ ստեղծագործողներին համախմբել մեկ գաղափարի շուրջ, ինչպես նաև նրանց ճանաչելի դարձնել։

«Արտիստ» փառատոնն ունի ոչ միայն մշակութային, այլև կրթական բաղադրիչ։ Հրավիրել են արվեստաբանի, ով ներկաներին կօգնի ճանաչել և հասկանալ երիտասարդների ստեղծագործությունները։

 «Արվեստաբանի հետ աշխատանքը շարունակական է լինելու։ Ուզում ենք, որ մեր փառատոնը, հետագա ցուցահանդեսներն ու միջոցառումներն ավելի պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով անցնեն»,- նշեց Նարեկ Փոթոյանը։

«Արտիստ» փառատոնի գաղափարն առաջացել է ընդամենը չորս շաբաթ առաջ։ Մշակութային ՀԿ թիմը կարողացել է այն կազմակերպել առանց որևէ աջակցության։

«Փառատոնը կազմակերպում ենք միայն մեր ուժերով։ Ինձ համար սա արդեն իսկ ձեռքբերում է․ նման մասշտաբի միջոցառում մինչ այս չէինք իրագործել»,- erit.am-ի հետ զրույցում ընդգծեց Նարեկ Փոթոյանը։

Ասում է՝ մտադիր են նմանատիպ միջոցառումներ իրականացնել տարվա մեջ մի քանի անգամ։  Հաջորդ տարի մշակութասերները հնարավորություն կունենան փառատոնի շրջանակներում ծանոթանալ նաև պարարվեստի երիտասարդ գործիչների հետ։

«Ուզում ենք համագործակցել նաև այն երիտասարդների հետ, ովքեր կինոարտադրությամբ են զբաղվում։ Գաղափարը դեռ մշակման փուլում է»,- ամփոփեց «Մհեր Փոթոյան» ՀԿ ղեկավարը։

Նյութը՝ Աննա Կարապետյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ