Ծանրամարտով զբաղվելն ինձ համար ապրելակերպ է, եթե չօգնի, երբեք չի խանգարի. Տաթև Հակոբյան

  18 Հոկտեմբեր 2021  301 դիտում
Ծանրամարտով զբաղվելն ինձ համար ապրելակերպ է, եթե չօգնի, երբեք չի խանգարի. Տաթև Հակոբյան

Վերջին տարիներին, կարծես թե, «կոտրվել» է այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող հանդես գալ այնպիսի սպորտաձևերում, որոնցում սովոր ենք տեսնել տղամարդկանց։ Այսօր ուժային սպորտաձևերում՝ ծանրամարտ, բազկամարտ, բռնցքամարտ, իրենց լավագույնս դրսևորում են կանայք, նրանց հաջողությունները վկայում են, որ առաջին հայացքից գեղեցիկ ու նուրբ կանայք նաև շատ ուժեղ կարող են լինել։ Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, բազմակի չեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր 25-ամյա Տաթև Հակոբյանն իր օրինակով ցույց է տալիս, որ անկախ մասնագիտությունից, տարիքից կինը կարող է լինել կանացի և ուժեղ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Հաջող ելույթներն ու մեդալները նրան ոգևորում են և հավատ ներշնչում, որ ճիշտ ուղու վրա է:

Ո՞ր տարիքում սկսեցիք հետաքրքրվել ծանրամարտով։

- Մինչև 16 տարեկանը սպորտով չեմ զբաղվել, միայն սիրողական մակարդակով մեկ տարի զբաղվել եմ եռամարտով։ Ծանրամարտով սկսել եմ մարզվել 16 տարեկանից։ Միջազգային ասպարեզում առաջին արդյունքը գրանցել եմ հենց այդ տարիքում Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Ի դեպ, միջազգային հարթակում դա իմ երկրորդ մրցելույթն էր։

Դրանից հետո մոտ երկու տարի դադար եմ ունեցել, զբաղվել եմ այլ մարզաձևով։ 2017 թ․–ին կրկին վերադարձել եմ ծանրամարտի մեծ հարթակ և Եվրոպայի առաջնությունում գրավել երրորդ տեղը։ Այնուհետև հաջողություններս միջազգային հարթակներում եղել են շարունակական։

- Ինչպիսի՞ն է ընտանիքիդ  ու ընկերներիդ վերաբերմունքն այս սպորտաձևի նկատմամբ

– Ընկերներս միշտ խրախուսել են, իսկ ընտանիքիում խնդիրներ առաջացան։ Հատկապես մայրս դեմ էր, բայց առաջին հաջողությունից հետո ինքն էլ համակերպվեց և ընդունեց։ Ես միշտ սիրել եմ ուժային մարզաձևերը, հորեղբայրս էլ մարզիկ է և հենց նա ինձ ուղղություն ցույց տվեց, որ ընտրեմ ծանրամարտը։  

- Այսինքն՝ ընտանիքում կան սպորտով զբաղվողներ։

– Հորեղբայրս զբաղվել է բոդիբիլդինգով, հայրս և մայրս զբաղվել են սիրողական սպորտով. հայրս ըմբշամարտով, մայրս՝ ձյուդոյով։ Եղբայրս նույնպես ծանրամարտով է զբաղվել, բայց այժմ դադար է տվել։

- Ի՞նչ կարևոր հատկանիշներ կան, որոնք ձեռք եք բերել սպորտում։

– Բնավորության գծերից հատկապես կարևորում եմ հանգստությունը։ Ցանկացած իրավիճակում հավասակշռությունս չեմ կորցնում, համբերատար եմ, դա սպորտից է գալիս։ Դա նաև օգնում է չշտապել և ճիշտ ժամանակին քայլեր անել, որոշումներ կայացնել։

Կա՞ մի դեպք, որ  տպավորվել է միջազգային մրցաշարերին մասնակցելու ժամանակ և որը ուղղորդում է Ձեզ կյանքում։

– Առաջին հաջողությունս միջազգային հարթակում։ Դա ինձ խրախուսեց, որ շարունակեմ զբաղվել սպորտով։ Սակայն պետք է խոստովանեմ, որ իմ ելույթները երբեք չեմ նայում, ուղղակի չեմ կարողանում, սակայն այլ մարզիկների ելույթները միշտ նայում եմ։

- Վերջին տարիներին, կարծես թե, ծանրամարտով, բռնցքամարտով զբաղվող կանանց թիվն ավելացել է, այնուամենայնիվ, կան կարծրատիպեր հասարակության շրջանում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ 

– Շրջապատում ինձ բոլորը խրախուսել են, օգնել, քննադատական կարծիքներ չեմ լսել իմ շրջապատում, չկան նման մարդիկ, որոնք խտրականություն են դնում կամ կասեն, որ այդ սպորտաձևը կնոջ համար չէ։ Ի վերջո, սպորտը բոլորի համար է, կապ չունի՝ կի՞ն, թե տղամարդ։

Եղե՞լ են դեպքեր, երբ  խնդիրների ժամանակ ընկերուհիները ձեր օգնությանն են դիմել։

– Դեռ նման դեպքեր չեն եղել, բանը դրան չի հասել (ժպտում է)։

Ավագ սերնդի մարզիկների հաջողություններն Ձեզ համար օրինա՞կ են։

– Ցանկացած մարզիկի հաջողությունով շատ ուրախանում եմ, անգամ նրանց, ովքեր Հայաստանը չեն ներկայացնում, բայց ազգությամբ հայ են։ Իհարկե, բոլորի հաջողությունները կարող են խթան հանդիսանալ, որ ձգտենք ավելիին։ Մեր բոլորի նպատակը մեկն է՝ բարձրացնել Հայաստանի դրոշը։

– Ծանրամարտով զբաղվելն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում անձնական կյանքում։

– Ծանրամարտով զբաղվելն ինձ համար ապրելակերպ է, եթե չօգնի,  երբեք չի խանգարի։ Օրվա ընթացքում մի քանի ժամ պարապում եմ, ի վերջո, միշտ պետք է մարզական վիճակում լինել, քանի որ, եթե ռեժիմը չպահեմ, ապա չեմ կարող լիարժեք վերականգնվել և հաջորդ օրվա մարզումը կարող եմ ձախողել։

– Ի՞նչ կարևոր հատկանիշներ կան ծանրամարտում, որ պետք է պահել։

– Պետք է միայն հավատ ունենալ, լինել համբերատար և ամեն ինչ լավ կլինի։ Եթե մրցման ժամանակ միայն մտածես, թե ինչպես անես, ոնց անես, որ չսխալվես, ապա, բնականաբար, հաջողություն չես ունենա։ Ես մրցելութների ժամանակ աշխատում եմ միմիայն կենտրոնանալ և այլ բաների մասին չմտածել։  

Մեր ընթերցողներից շատերը, կարդալով հարցազրույցը, կոգեշնչվեն Ձեր հաջողություներով ու կցանկանան իրենց էլ փորձել ուժային սպորտաձևում։  Ի՞նչ կմաղթեք նրանց։

– Պետք է նորից կրկնեմ՝ կյանքում հաջողություն հասնելու համար պետք է համբերատար լինել, չշտապել և վստահել քո ուժերին։ Անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է լինել համբերատար և ձգտում ունենալ։ Կարևորը՝ չվախենան ոչ մի բանից։ Եթե ուզում եք լինել հաջողակ կյանքում, պետք է հավատաք, որ  ամեն ինչ կստացվի։ Մի լսեք ուրիշներին, վտահեք ձեր ուժերին և առաջ գնացեք։

Գալու է մի պահ, որ հրաժեշտ եք տալու պրոֆեսիոնալ սպորտին։ Ինչպե՞ս եք պատկերացնում  ձեր հետագա գործունեությունը, կյանքը։

– Պատկերացնում եմ նորից սպորտում, կզբաղվեմ մարզչական աշխատանքով։ Իմ ամբողջ գործունեությունը  սպորտի հետ է կապված, առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը։

Շուտով ընտանիք եք կազմելու, սպորտը չի՞ խանգարի։

- Կարծում եմ՝ ոչ, իմ ընտրյալը ժամանակին զբաղվել է սպորտով, և եթե չօգնի, հաստատ չի խանգարի։

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ