Գալու է ժամանակ, երբ մարդկային գործոնը դառնալու է նվազագույն, բայց DevOps Engineer֊ները դեռ երկար են լինելու պահանջված. Բագրատ Հարությունյան

  18 Հոկտեմբեր 2021  580 դիտում
Գալու է ժամանակ, երբ մարդկային գործոնը դառնալու է նվազագույն, բայց DevOps Engineer֊ները դեռ երկար են լինելու պահանջված. Բագրատ Հարությունյան

ՏՏ ոլորտը շարունակում է գրավել մասնագիտություն նոր ընտրող, եղածը փոխել կամ թարմացնել ցանկացողների շրջանում։ Պատճառը, թերևս, այն է, որ ամենալավ վարձատրվող աշխատանքները հենց ՏՏ-ում են։ «Այդ իսկ պատճառով ամեն 10-րդը ուզում է դառնալ՝ ծրագրավորող, ադմին կամ էլ DevOps Engineer»,- ասում է այս վերջին՝ դժվար անվանումով մասնագիտության գիտակ Բագրատ Հարությունյանը, ով էլ կբացահայտի՝ ինչ է DevOps Engineer-ը։

«Սկսել եմ աշխատել 2015 թ․֊ից, եղել եմ  որպես Technical Support Specialist, դրանից հետո աշխատել եմ System Administrator, Windows Server and Network Administrator, Linux System Engineer,  հիմա արդեն աշխատում եմ որպես  DevOps Engineer՝ Հայաստանի IT կազմակերպություններից մեկում։ Որպես այդպիսին՝  DevOps Engineer առարկա գոյություն չունի, այն չեն դասավանդում դպրոցում, համալսարանում։ DevOps Engineer մասնագետը մի քանի մասնագիտացումների համադրման արդյունքում ստացված մասնագետն է»,- ասում է  Բագրատը։

- Այս մասնագիտությունը  կենտրոնացա՞ծ է ծրագրավորման գիտելիքների վրա։

-DevOps Engineer-ը Software Development (Dev) և IT Operations (Ops) մասնագիտացումների միախառնված մասնագետն է։ Այո, ծրագրավորման գիտելիքներ պետք են այնքան շատ, որքան System Administrator-ի գիտելքները։ Երկուսն էլ կարևոր տեղ ունեն DevOps֊ի կյանքում։

- DevOps Engineer-ը ադմի՞ն է, փորձարկո՞ղ, մշակո՞ղ, թե՞ մենեջեր։

- Ինչպես նշեցի,  DevOps Engineer և՛ ադմին է, և՛ տեստավորող, և՛ ծրագրավորող, բայց ոչ մենեջեր։ Չնայած, կախված է, թե  մասնագետը ինչի է ձգտում՝ պրակտիկ մասնագե՞տ լինել, ով ամեն պրոդուկտում իր լուման է ունենում կառուցման գործում, թե՞ լինել մենեջեր, ով ուղղակի համակարգում է աշխատողների գործը։

- Ինչպե՞ս են սովորեցնում, ի՞նչ հմտություններ են ստուգում ուսանողի մոտ, ով ցանկանում է դառնալ այդ մասնագետը։ Նկատի ունեմ՝ բացի DevOps  մեթոդոլոգիայից, ի՞նչ հմտություններ են պետք. Օրինակ՝ կոդեր ու սկրիպտներ գրել և այլն պե՞տք է իմանալ։

- Տվյալ մասնագիտացումը չի դասավանդվում համալսարաններում, այն սովորում են և, ինչու չէ, նաև դառնում են տարիների ընթացքում։ Կարծում եմ, ոչ ոք միանգամից չի դարձել DevOps Engineer։ Սկզբում եղել կա՛մ ծրագրավորող, կա՛մ ադմին, բայց ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ամենից հաճախ DevOps Engineer֊ները սկսել են որպես ադմիններ։ Կան հստակ կուրսեր՝ մշակված DevOps Engineer դառնալու համար, և դրանք անցկացնում են Հայաստանի տարբեր IT կազմակերպություններ: Սկրիպտն ինքն իրենով կոդ է համարվում, իմանալ ինչ֊որ չափով գրել ու հասկանալ նվազագույնը պարտադիր է, իմ կարծիքով, որովհետև ավտոմատացումը կատարվում է հենց սկրիպների միջոցով՝ տարբեր համակարգերում։ Այդ իսկ պատճառով ցանկալի է իմանալ գոնե մեկ կամ երկու սկրիպտային լեզու:

- Հայաստանում DevOps Engineer սովորելու հնարավորությունները շա՞տ են։ Որակը բավարա՞ր է, թե ավելի լավ է դրսում սովորել։

- Հայաստանում շատ լավ զարգանում է IT ոլորտը և այն սովորելու համար կարելի է սովորել այստեղ՝ Հայսատանում. սկզբնական գիտելիքների տրամադրումը շատ լավն է, որակը նույնպես։ Դրանից հետո քո մասնագիտկան աճի, որակի համար պատասխանատու ես միայն դու ինքդ, քեզ վրա աշխատելով։

- Կցանականա՞ս դասավանդել ինքդ։

- Ճիշտն ասած ոչ, որովհետև փորձել ու զգացել եմ,  որ ես լավ դասավանդող չեմ։  Ես ավելի կնախընտրեմ, որ մոտենան, հարցնեն, պրակտիկ ցույց տամ ու բացատրեմ, քան դաս պատմեմ։

- Կա՞ գիտելիքների պարտադիր բազա, որ դիմորդը պետք է ունենա, մինչ այդ առարկան անցնելը։

- Եթե IT  ոլորտի մասնագետ չես և որոշել ես միանգամից փոխել աշխատանքդ և միանգամից  DevOps Engineer դառնալ, շատ բարդ կլինի, պետք է ունենալ գոնե նվազագույն գիտելիքներ կամ աշխատած լինել IT ոլորտում՝ առնվազն մեկ կամ երկու տարի։ Պարտադիր բազա կարող եմ նշել, հիմնականում, օպերացիոն համակարգերի հետ աշխատանքը, հասկանալ նրանց աշխատատելու սկզբունքները։

 - Ո՞րն է  դրան տիրապետելու  կարևորությունն այսօր։

- ՏՏ  ոլորտը գնում է դեպի ավտոմատացում, դեպի նրան, որ մարդկային գործոնը գնալով նվազի, բայց չվերանա, իսկ ավտամատացման գլխավոր մասնագետները  DevOps Engineer֊ն են։ Գալու է ժամանակ, երբ մարդկային գործոնը դառնալու է նվազագույն, բայց այն չի վերանալու․ DevOps Engineer֊ները դեռ մոտակա  տասնամյակներում լինելու են ու պետք են գալու աշխարհին՝ որպես ավտամատացման մասնագետներ, իսկ ռոբոտները լինելու են գործիք, միջոց, օգնական այնտեղ, որտեղ մարդը կդժվարանա գործել։ Մտավախություն կա միշտ, որ մեր տեղն էլ կգրավեն, բայց, եթե դրանցով ապրենք, կյանքը կանցնի կողքներովս, ու ոչինչ չենք հասկանա մեր ապրածից։

- Արհեստական բանականության՝ նորանոր ոլորտներ գրավելուց պե՞տք է վախենալ։

- Դա լինելու էր վաղ թե ուշ, իսկ վախենալ պետք չէ, ուղղակի զգուշանալ։ Աշխարհը գնում է դեպի ավտոմատացում, մարդկությունը փորձում է հնարավորինս հեշտացնել կյանքի այն ոլորտները, որանք հնարավոր է։

- Կարելի՞ է լավ փող աշխատել Հայաստանում՝ լինելով այս մասնագետը։ Այն համարվո՞ւմ է լավ վարձատրվող աշխատանքներից մեկը։

- Իմ կարծիքով, լավ գումար կարելի է աշխատել բոլոր մասնագիտություններում։ Բայց, քանի որ ՏՏ ոլորտը գրավել է աշխատաշուկան և կշարունակվի այդպես էլ մնալ, ամեն 10-րդն  ուզում է դառնալ ծրագրավորող, ադմին  կամ էլ DevOps Engineer։ Այո, պահանջարկը շատ է լավ մասնագետների։ Լավ գումար կարելի է աշխատել միայն ու միայն այն դեպքում, եթե լավ մասնագետ ես, գերազանց տիրապետում ես ամեն մի մանրուքին քո մասնագիտության մեջ, չնայած՝ այդպիսի մասնագետներ քիչ են, լինելու դեպքում էլ  չեն գնահատվում գործատուի կողմից։ Պատվերներ դրսից լինում են, եթե դու ես ցանկանում կողքից գումար աշխատել...իսկ DevOps Engineer֊ի կարիք միշտ էլ կա։

- ՏՏ համայնքի զարգացումով ինչի՞ կարելի է հասնել։

- Հաշվի առնելով այն միտումը, որ հիմա ունի ՏՏ ոլորտը, շատ վերելքների կարելի է հասնել դրանցով, ուղղակի մասնագետի արժեքը ու ընդհանրապես մասնագետին գնահատել է  պետք։

- Ո՞վ է DevOps Engineer-ի գործատուն, ո՞ւմ են պետք այս մասնագետները, ո՞վ է վերցնում աշխատանքի։

-Ամեն  մի հին ու նոր բացված կազմակերպությանը անհրաժեշտ են  DevOps Engineer֊ներ։ ՏՏ ոլորտի բոլոր գործատուները, բոլոր այն գործատուները, ովքեր կարիք ունեն աշխարհին ներկայացնելու իրենց պրոդուկտը, կարիք ունեն  DevOps Engineer֊ների։

- Մանագիտական ի՞նչ  երազանքներ ունե՞ս։

- Դառնալ ավելի լավը իմ մասնագիտության մեջ, քան հիմա։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ