Աշկերտությունը՝ դպրոցից աշխատավայր սահուն անցման լավագույն միջոց

  19 Հոկտեմբեր 2021  152 դիտում
Աշկերտությունը՝ դպրոցից աշխատավայր սահուն անցման լավագույն միջոց

«Միասին» հիմնադրամը 2017 թվականին Գյումրի քաղաքում իրականացրել է փորձարարական մի նախագիծ, որի նպատակն էր աշկերտության միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդներին հնարավորություն տալ մասնագիտություն ստանալ հենց աշխատավայրում, մասնավորապես, «Միասին»-ի ստեղծած սոցիալական ձեռնարկություններում։ Ներկայում ծրագիրը բարեհաջող ընթանում է ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում։

«Միասին» հիմնադրամի նախագահ Աստղիկ Մառանջյանը, որը 2009 թվականին հիմնել է կազմակերպությունը, ավելի քան 15 տարի ներգրավված է  մարդասիրական գործունեության մեջ՝ նախ որպես SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն, ապա «Միասին» հիմնադրամի նախագահ:

Erit.am-ի հետ զրույցում Աստղիկ Մառանջյանն ասում է, որ Հայաստանում գործազրկության և երիտասարդության արտագաղթի հիմնական պատճառներից մեկը զբաղվածության ցածր մակարդակն է, որը նաև առաջացել է աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամարժեքության, միջնորդական արդյունավետ համակարգի բացակայության պատճառով։ Նրա խոսքով՝ դեպի աշխատաշուկա ուղղորդելը կարևոր է հատկապես խոցելի խմբերի աղջիկների և տղաների համար, որոնք դժվարանում են մուտք գործել աշխատաշուկա։ «Մեր ծրագրի նպատակն է Հայաստանի 8 մարզերում դասընթացների և ձեռնարկությունների հետ երկարաժամկետ կապ հաստատելու միջոցով կամուրջ հանդիսանալ նոր կյանք մտնող երիտասարդների և աշխատաշուկայի միջև։ Արդյունքում՝ նրանք հնարավորություն կունենան ձեռնարկությունում իրենց առաջին քայլերը կատարել ավելի պատրաստված և մրցունակ։ Իզուր չէ, որ մենք ընտրել եք  «Մրցունակ աշկերտ, հասանելի աշխատանք» կարգախոսը»,-նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ «Միասին» հիմնադրամի առաքելությունը շվեյցարական լավագույն փորձը Հայաստան բերելն է:

Մեր այն հարցին, որ ի՞նչ ուղղությամբ են մինչ այժմ աշխատել հայ-շվեյցարական սոցիալ-տնտեսական կապերի ամրապնդման համար, Աստղիկ Մառանջյանն ասում է, որ ապրելով Շվեյցարիայում՝ անհնար է անտարբեր լինել նրանց կայացած ենթակառուցվածքների, «բարեկեցության համախառն արդյունքի» հանդեպ և դա այն դեպքում, երբ մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն, և Հայաստանը կարող է ձգտել նման զարգացման։ Նրա խոսքով՝ Շվեյցարիայի լավագույն փորձը սոցիալական ձեռնարկատիրության, գյուղական տուրիզմի, աշկերտության բնագավառներում ներկայացնելու համար կազմակերպությնա հրավերով բազմաթիվ փորձագետներ են այցելել Հայաստան:

«2019 թվականի ամենամյա փորձի փոխանակման հանդիպումները նվիրված էին աշկերտության շվեյցարական մոդելի ծանոթացմանը, որը աշխարհի լավագույն օրինակներից է։ Հարկ է նշել, որ Շվեյցարիայի զարգացման գործակալության և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հուշագրում նույնպես աշկերտությունը և մասնագիտական կողմնորոշումը ներառվել են 2021-2026 թվականների ռազմավարական պլանի մեջ՝ որպես առաջնահերթություն։ Արդեն 2 տարի է, ինչ Ժնևի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ և GAN կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում ենք  «Մրցունակ աշկերտ, հասանելի աշխատանք» ծրագիրը, որը մի քանի փուլերով է ընթանում»,-նշում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում Հայաստանի ավելի քան 15 ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների պատասխանատուների համար Գյումրիում անցկացվել է եռօրյա վերապատրաստում՝ մասնագիտական կողմնորոշում և նախապատրաստում կորպորատիվ աշխարհին թեմաներով։ Այնուհետև նրանցից յուրաքանչյուրն իր վերապատրաստումն իրականացրել է իր ուսումնական հաստատությունում։

«Այսպիսով՝ 500-ից ավելի աշակերտ առավել իրազեկ դարձավ, թե ինչպես ընտրել մասնագիտություն և ընտրելուց հետո ինչպես ներկայանալ գործատուին։ Բացի այդ՝ 50-ից ավելի շրջայցեր են կազմակերպվել տարբեր մարզերի աշխատատեղեր առաջարկող մեծ ձեռնարկություններ։ Ամռանը «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի և Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի հետ համատեղ կազմակերպված ամառային դպրոցը նույնպես ուղղված էր ապագա աշկերտների և գործատուների ոչ ֆորմալ հանդիպումներին։ 100-ից ավելի ուսանողներ մասնակցել են 5-օրյա հավաքին, հանդիպել ավելի քան 10 ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և մասնակցել աշխատանքային իրավունքի մասին դասընթացների»,-ասում է Աստղիկ Մառանջյանը՝ փաստելով, որ ներկա փուլում 60 երիտասարդներ իրենց նախընտրած մասնագիտությամբ աշկերտություն են անցնում իրենց ընտրած գործատուի մոտ։ Աշկերտության ավարտին՝ մինչև դեկտեմբեր ամիսը, նախատեսվում է հավաստագրել նրանց ձեռք բերված հմտությունները՝ ըստ աշկերտի գնահատման թերթիկի, որը կլրացնեն գործատուն, կարիերայի կենտրոնի պատասխանատուն և իր անմիջական ղեկավարը։ Լավագույներին կտրվեն մրցանակներ։

«Մենք կարևորում ենք աշկերտության հանրայնացումը և նախևառաջ մեր հասարակության լեզվամտածողության մեջ այս բառի ամրագրումը։ Աշկերտը մաքուր հայերեն բառ է և լիովին կարող է փոխարինել ստաժոր, պրակտիկանտ օտար բառերին։ Մենք սոցիալական կայքերի, ֆիլմերի միջոցով հորդորում ենք ծնողներին, գործատուներին և հասարակության լայն շերտերին՝ օգնել մեզ զարգացնել Հայաստանում աշկերտությունը և հարթել երիտասարդներին դեպի աշխատաշուկա տանող  ճանապարհը»,-շեշտում է «Միասին» հիմնադրամի նախագահ Աստղիկ Մառանջյանը: Նա վստահեցնում է՝ աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել հանրամատչելի հարթակ, որտեղ հանդիպելու են աշկերտները և գործատուները, որպեսզի յուրաքանչյուրը գտնի այն, ինչ փնտրում է՝ մեկը՝ աշխատանք, մյուսը՝ աշխատող։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ