«Մարդը՝ սիրո մեջ»․ Լիլիթ Բաղդասարյան

  20 Հոկտեմբեր 2021  319 դիտում
«Մարդը՝ սիրո մեջ»․ Լիլիթ Բաղդասարյան

««Արվեստը հայելի է, որի մեջ ոչ թե կյանքը, այլ նայողն է արտացոլվում»,- ասում է Օսկար Ուայլդն իր հայտնի ստեղծագործության մեջ: Այսինքն՝ ընթերցողն ամեն դեպքում գտնելու է այն, ինչն իրեն է հարազատ` անկախ հեղինակի մտավախություններից»,- այսպես սկսեց մեզ հետ զրույցը երիտասարդ բանաստեղծ Լիլիթ Բաղդասարյանը, ով ստեղծագործում է շուրջ 16 տարի։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են մի շարք թերթերում և ամսագրերում՝ «Գրանիշ», «Գրեթերթ», «Գրքամոլ», «Երևանյան էսքիզ», Իսպանիայի «Հայրենիք» շաբաթաթերթ, ինչպես նաև մի շարք հավաքական ժողովածուներ։

- Լիլիթ, ինչպե՞ս են մտքերը վերափոխվում տողերի։
- Ինքնուրույն: Երբեք չեմ միջամտում ընթացքին: Տողերն ինքնաբուխ են, անգամ հատուկ բառեր չեմ փնտրում: Իմ աշխատանքն սկսվում է բանաստեղծությունը գրելուց հետո, երբ պարբերաբար վերադառնում և փոփոխում եմ վերջինս` գիտակցությամբ, որ «թարմ» էմոցիաները հաճախ աննկատ խլացնում են միտքը:

- Երբևէ վիճե՞լ եք Ձեր մտքերի, ստեղծագործությունների հետ
- Ոչ: Իրենք միշտ ինձնից ճիշտ են, մի քանի քայլ առաջ և ավելի անկեղծ, քան երբևէ կարող եմ լինել:

- Լինում են դեպքեր, երբ ստեղծագործողները այրում են իրենց գործերը․․․
- Գոգոլը, Բուլգակովը, Պուշկինը, Կաֆկան, Պաստեռնակը... իր նամակներից մեկում Բուլգակովն ընկերոջը խոստովանում է՝ «Վառարանը դարձել է իմ սիրելի խմբագրությունը»: Ինքնահրկիզման զգացողություն եմ ունենում, երբ կարդում եմ ամեն այրված գործի մասին, և հիշում առասպելական ֆենիքսին, որ կրակ էր դառնում մոխիրներից՝ վերստեղծելով երիտասարդ փյունիքի: Միայն կարող եմ ենթադրել պատճառները, թե ինչու որոշ գործեր չենք կարդա, բայց մի բանում վստահ եմ` մեր ենթագիտակցությունը մեզանից ավելին գիտի, այլապես Կաֆկան իր գործերն ինքը կայրեր և չէր խնդրի դա անել ընկերոջը, ով տպագրեց վերջիններս: Իսկ հիմա ստեղնաշարի վրա «ջնջել» կոճակի գոյությունն ամեն ինչ շատ ավելի ոչ դրամատիկ է դարձնում:

- Ինչպե՞ս է ստեղծվում Ձեր պոեզիան։
- Ինչպես տիեզերական տարածությունները. երբեմն... հաճախ արտաքին աշխարհը պարզապես չի բավարարում, սկսում է անձկանալ` սեխմելով ինձ դեպի ներս, խտացնում է այնքան, մինչև «պայթում է աստղը» և իր տարածությունը գտնում «թղթի» վրա: Փոքր-ինչ պաթետիկ հնչեց, բայց այդպես է:

- Թեմա, որ երբեք չի արծարծվի այնտեղ։
- Դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Գրելիս առհասարակ շեշտ չեմ դնում թեմաների վրա: Պոեզիա է դառնում այն, ինչ վերստեղծում է ինձ, տպավորում է ամեն ինչ քանդելու և նորից կառուցելու աստիճան:

- Խոսենք Ձեր առաջին գրքից, որը լույս ընծայվեց վերջերս։ «locus morbi» թարգմանաբար՝ «ախտահարման օջախը» ի՞նչ նախապատմություն ունի վերնագրի ընտրությունը։
- Գրքի նախաբանում կա ամբողջական բացատրությունը․ մեջբերեմ մի հատվածը «...Այսպես locus morbi-ն՝ ախտահարման օջախը, իմ կյանքի ճեղքն է՝ խոռոչը, որտեղից զգացողություններն ու գիտակցումը, ճանաչողությունն ու վերլուծությունները և այն ամենն, ինչ ստեղծում է մարդուն, շարունակաբար լցվում է իմ մեջ։ Լատիներենն ակունքային լեզու է, վկայում է անցյալի մշտական ներկայությունն ու ամբողջացնում ժամանակը․ nihil novi sub sole ` արևի տակ ոչինչ նոր չէ։ Այս գիրքն իմ ապրելու և ավելին զգալու միջտարածությունն է, միակ փաստը և իրեղեն ապացույցը»։

- Ի՞նչը շարժառիթ դարձավ գիրքը հրատարակելու համար։
- Բանաստեղծ ընկեր ունեմ` Ռազմիկ Գրիգորյանը։ Հաճախ ենք զրուցում պոեզիայից: Ամեն հանդիպման ժամանակ երկրորդ հարցը «գրքիդ աշխատանքներն ու՞ր հասան»-ն էր: Այդպես մոտ 2 տարի: Չէի կարծում, որ համարձակությունս կների, մինչև մի պահ, երբ սկսեցի զգալ, որ նախկին գործերս չեն թողնում առաջ գնալ: Անընդհատ պտտվում էի հին մտքերի և բառերի մեջ: «Պետք է հրատարակել, որպեսզի առաջ անցնես». մոտավորապես այսպես ասաց ինձ համար հայ գրականության կարևոր մաս, մտավորական Հակոբ Մովսեսը, ինչն էլ ինքնավստահության նոտա հանդիսացավ: Նույն ժամանակահատվածում ընկերներս «Գրքամոլ» հրատարակչատունը հիմնեցին, և առաջարկ եղավ իրենց մոտ տպագրվել․ ես էլ երկար չմտածեցի, այլապես հնարավոր էր գիրքն այդպես էլ չլիներ: