Ձեռքեր, որոնք օդում խոսում են. ժեստերի լեզվի թարգմանչուհին

  21 Հոկտեմբեր 2021  429 դիտում
Ձեռքեր, որոնք օդում խոսում են. ժեստերի լեզվի թարգմանչուհին

Կարինե Հովհաննիսյանն աշխատում է հեռուստատեսության ոլորտում՝ լուրերի բաժնում և «Հոպլա շոու» մանկական ծրագրում՝ որպես ժեստերի լեզվի թարգմանիչ: Հեռուստատեսությունից դուրս Կարինեն ներգրավված է տարբեր հասարակական կազմակերպությունների կրթական ծրագրերում և հատկապես ներառական կրթությանը նվիրված համաժողովներում և գիտաժողովներում հանդես է գալիս որպես ժեստերի լեզվի թարգմանիչ: Նա մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան, սակայն հիմնական աշխատանքը ժեստերի լեզվի թարգմանությունն է:

Erit.am-ի հետ զրույցում Կարինեն պատմում է, թե ինչու որոշեց ընտրել հենց ժեստերի լեզուն, և այդ մասնագիտության ընտրությունն ինչով էր պայմանավորված.

«Սա շատ անձնական, նուրբ և զգայուն  հարց է ինձ համար, քանի որ իրականում ոչ թե ես եմ որոշել՝ ինչ մասնագիտություն ընտրել, այլ մասնագիտությունն է ինձ ընտրել: Իսկ պատճառն այն է, որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ ծնողներս չեն լսում: Մայրս ունի թույլ լսողություն, բայց՝ զարգացած խոսք, խլությունը ձեռքբերովի է, իսկ հայրս խուլ է ի ծնե: Եվ քանի որ ես ծնվել եմ խուլերի ընտանիքում, ի սկզբանե ինձ համար եղել է երկու մայրենի լեզու՝ հայերենը և հայերեն ժեստերի լեզուն: Ես ծնվել և վաղ մանկությունից տեսել եմ ձեռքեր, որոնք օդում խոսում են: Ինձ միշտ հարցնում են՝ ինչպես եմ սովորել ժեստերի լեզուն, որին ես միշտ պատասխանում եմ՝ իսկ դուք ինչպես եք սովորել հայերեն խոսել: Խուլերի ընտանիքում դա ինքնըստինքյան է լինում ու աստիճանաբար, և դա է պատճառը, որ սովորաբար ժեստերի լեզվի թարգմանիչներն այն ընտանիքից են, որոնց ծնողները խուլ են, քանի որ նրանք ավելի լավ են հասկանում խուլերի հոգեբանությունը, շարժումները և այլն»,-մեզ հետ զրույցում ասում է Կարինեն:

Նա ցավով է նշում, որ Հայաստանում այսօր չկա ուսուցման կենտրոն կամ բուհ, որտեղ հնարավոր լինի մասնագիտորեն սովորել ժեստերի լեզուն: Ըստ մեր զրուցակցի՝ Հայկական պետական մանակավարժական համալսարանի հատուկ կրթության և ներառականության բաժնում կա սուրդոմանկավարժության բաժին, որտեղ ընդամենը կարճ ժամանակում սովորեցում են ժեստերի լեզվի այբբբենական համակարգը և մի քանի կարևոր ժեստեր: Կարինեն տարակուսում է՝ սուրդո բառը նշանակում է խուլ, սակայն դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ ժեստերի լեզուն, գոնե մագիստրատուրայում հավուր պատշաճի չի դասավանդվում, քանի որ, ըստ պատասխանատուների, առկա է ռեսուրսների, ինչպես նաև ֆինանսական խնդիր.

«Քանի որ ժեստերի լեզվի մասնագետները մասնագիտացված դպրոց չեն անցնում, նրանք դա սովորում և լեզվին տիրապետում են ընտանիքում: Մի պատկերավոր օրինակ բերեմ՝ սենյակում տարբեր իրեր են թափված, և դրանք պետք է հավաքել ու դասավորել դարակներում՝ յուրաքանչյուր իր՝ իրեն համապատասխան տեղում։ Այդպես էլ ժեստերի լեզուն է. խոսքերը ցրված են եղել իմ գլխում, ես դրանք հավաքել եմ և շարել ուղեղիս «դարակներում»: Սակայն ինչպես օտար լեզվի դեպքում է, այն պետք է անընդհատ օգտագործես ու կատարելագործվես, իսկ դրա համար պետք է շփվել խուլերի հետ»,- պատմում է Կարինեն և հավելում, որ երբ ժամանակին ժեստերի լեզու էր դասավանդում «Լռության ձայն» հասարակական կազմակերպությունում,  տեսնում էր, թե որքան մեծ պահանջարկ կար, և լսող ընտանիքների ուսանողները ցանկանում էին սովորել այն:

Կարինեն շատ է ցանկանում աշխատել խուլերի գրավոր խոսքի վրա, քանի որ, ըստ նրա, քոլեջ կամ բուհ ընդունվելիս խուլերի համար այն մեծ խնդիր է առաջացնում.

«Խուլերի գրավոր խոսքը կաղում է, քանի որ նրանք ունեն մի այսպիսի առանձնահատկություն՝ ինչպես խոսում են, այնպես էլ գրում են: Իսկ խուլերը խոսում են առանց հոլովների, հոդերի և օժանդակ բայերի: Բանավոր խոսքում դա չի նկատվում, սակայն գրավորում այն արդեն խնդիր է առաջացնում: Բացի այդ՝ բուհերում խուլերը հանդիպում են մի շարք դժվարությունների. օրինակ եվրոպական բուհերում խուլերին անպայման տրամադրում են թարգմանիչ, իսկ մեզ մոտ խուլը պետք է հնարավորություններ փնտրի հասկանալու դասախոսին՝ շուրթերից կարդա, իսկ շատ տերմիններ մատչելի չեն: Կամ սղագրող սարքեր են տեղադրվում լսարաններում՝ հաշվի առնելով լսարանի՝ լսողության տարբեր աստիճան ունեցող անձանց հնարավորությունները, խոսքն ընկալելու դարձնելու՝ լուսագրերի միջոցով։ Այսքան խոսում ենք ներառականությունից, սակայն ոտնահարում ենք տվյալ մարդու իրավունքները»,- ցավով նշում է մեր զրուցակիցը:

Կարինեն երազանք ունի, որ մի օր Հայաստանում ցանկացած ոլորտում լինեն խուլերի թարգմանիչներ և, օրինակ, թանգարանում չլսող մարդը ստիպված չլինի ինքնուրույն գործել կամ իր հետ թարգմանիչ տանել: Այսինքն` մարդու կենցաղին վերաբերող ցանկացած հարց նույնչափ հասանելի լինի նաև չլսող անձին:

Կարինեն բարձրաձայնում է ևս մեկ խնդիր, որ լսող մարդիկ ինչ-որ չափով  տիրապետեն ժեստերի լեզվին, որպեսզի երբ խուլ անձը ցանկանա շփվել, նրան հասկանան։ «Երբ դասախոսում էի, իմ ավարտական խմբում խնջույք էի կազմակերպել։ Երբ մտա սրահ, տեսա, որ լսող մարդիկ նստել էին մի շարքում, իսկ խուլերը` մեկ այլ։ Անմիջապես վերադասավորում արեցի և երկու խմբին նստացրեցի իրար կողքի։ Շատերն անհանգստացան` իսկ եթե չհասկանան կողքի նստածին, ես  փարատեցի բոլորի կասկածները` ասելով, որ այլընտրանք չկա և ինտեգրվել է պետք։ Իրականում խուլերը շատ անմիջական են, և թարգմանելիս տեղափոխվում ես նրանց ներաշխարհ ու հուզական տարբեր հոգեվիճակներում հայտնվում։ Սակայն դու պարտավոր ես լիարժեք ու չեզոք թարգմանել նրանց ցանկացած խոսք։ Հենց այդ պահերին, երբ էմոցիաներն են առաջ գալիս, ժեստերը երբեմն հետ են գնում, և դիմախաղն է առավել արտահայտիչ դառնում»,-ասում է Կարինեն և հավելում, որ ուղիղ եթերների ժամանակ երբեմն զավեշտալի դեպքեր են արձանագրվել, սակայն նա կարողացել է դժվարությամբ, սակայն սառնասրտորեն շարունակել եթերը։

Մեր զրույցի վերջում Կարինեն կիսվում է իր ցանկությամբ` Հայաստանում ունենալ թարգմանիչների մասնագիտացված դպրոց` արտերկրի մասնագետների հետ փորձի փոխանակման և միջազգային պրակտիկայի հնարավորությամբ։  Նա վստահեցնում է` առանց միասնական համակարգի, որը կուղղորդի մասնագետներին, ժեստերի լեզուն մեր երկրում այդպես էլ կմնա անտեսված, և միայն ինքնակրթությամբ դժվար կլինի այն պահել պատշաճ մակարդակի վրա։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ