Ազատավանի դպրոցի ուսուցչուհու DistSchool ծրագիրը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

  21 Հոկտեմբեր 2021  637 դիտում
Ազատավանի դպրոցի ուսուցչուհու DistSchool ծրագիրը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Սարդարյանը, ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Տարվա լավագույնները» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հավաքելով ամենաբարձր միավորը, արժանացել է հաղթողի կոչմանը։ Մրցույթին նա ներկայացրել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունում հեռավար ուսուցման կազմակերպման համակարգի մշակում և սովորողների միջև հավասար պայմանների ստեղծում» ծրագիրը: Անուշ Սարդարյանը 2017 թվականից առ այսօր աշխատում է Ազատավանի միջնակարգ դպրոցում և դասավանդում «Ինֆորմատիկա», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները։

Անուշի ներկայացրած ծրագրի միջոցով իրականացվում է ուսուցիչների և աշակերտների համատեղ առցանց ուսուցման կազմակերպում՝ վեբ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Erit.am-ի հետ զրույցում Անուշն ասում է, որ թեմայի արդիականությունը պայմանավորված է այսօրվա կրթական պահանջներով, որոնք ենթադրում են ուսուցման նորարարական տեխնոլոգիաների օգտագործում, ինչպես նաև համավարակի բռնկումով, որը դրդեց շուտափույթ անցում կատարել առցանց կրթությանը․

«Տեխնոլոգիան` որպես մարդու և հասարակության կարիքները բավարարող առարկաների ստեղծման արվեստ և գիտություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ միջոց` աշխատանքային ունակություններն ընդլայնելու համար: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը»,- ասում է մեր զրուցակիցը և հավելում, որ դասի ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական համակարգերի օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը: 

Անուշը վստահեցնում է՝ օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները՝ դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Նրա խոսքով՝ կրթական ավտոմատացված համակարգերի ներդրումը դպրոցում շատ կարևոր քայլ կլինի, քանի որ աշակերտները սովորում և զարգանում են տարբեր արագությամբ, այսինքն` տեխնոլոգիան կարող է անհատականացնել ուսուցումը: