Ինչպե՞ս և ինչո՞վ վազել աշնանը

  22 Հոկտեմբեր 2021  189 դիտում
Ինչպե՞ս և ինչո՞վ վազել աշնանը

Թվում է՝ աշնանը վազելն անհարմար է և անգամ կարող է դառնալ հիվանդանալու պատճառ: Մինչդեռ ցրտի և անձրևի խոչընդոտը հնարավոր է հաղթահարել մի քանի պարզ կանոնի հետևելու և ճիշտ մարզահագուստ ընտրելու շնորհիվ: Պատմեք դրանց մասին:

Ինչպե՞ս պատրաստվել վազքին

Վազքը պետք է սկսել նախավարժանքից, որը կօգնի տրամադրվել ֆիզիկապես և հոգեբանորեն՝ շնչառությունը և սրտանոթային համակարգի աշխատանքը պատրաստելով առաջիկա մարզմանը: Ցանկալի է նախավարժանքն անցկացնել բացօթյա: Օրինակ՝ կատարելով հետևյալ վարժությունները.

  • Շարժեք գլուխը շրջանաձև, ապա թեքեք առաջ և հետ, հետո՝ ձախ և աջ:
  • Շրջանաձև շարժեք նաև ուսերը:
  • Ձեռքերով կատարեք պտույտներ:
  • Մարմնով թեքվեք աջ և ձախ, առաջ և հետ:
  • Շրջանաձև շարժումներ արեք ծնկներով, ապա ոտքերը շարժեք առաջ և հետ, աջ և ձախ: 

Եթե ​​նախավարժանքի ժամանակ չունեք՝ վազքը սկսեք արագ քայլելով, այնուհետև անցեք թեթև վազքի: Վազքից հետո չմոռանաք նաև ավարտական ​​վարժությունների մասին, դրանք կօգնեն խուսափել մկանային ցավերից և օրգանիզմն աստիճանաբար վերադարձնել նախկին վիճակին:

Հանդերձանք

Աշնանային վազքի հանդերձանքի անփոխարինելի բաղադրիչ են զուգագուլպաները և հատուկ սինթետիկ նյութերից պատրաստված ամուր լեգինսները: Դրանց հիմնական առավելությունն այն է, որ լավ են պահպանում ջերմությունը և չեն խանգարում վազքին: Ասֆալտի վրա վազելու համար նախատեսված սպորտային կոշիկները պետք է փոխարինվեն «գրունտայինով». դրանք առավել հարմար են անձրևոտ գետնին վազելու համար:

Հիշեք, որ եղանակին համապատասխան հագնվելու համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն ջերմաստիճանը, այլև քամու ուժգնությունը և մարզման ինտենսիվությունը: Այսպես՝  

  • +15 աստիճանից բարձրի դեպքում հագեք շապիկ և շորտ,
  • +10-ից +15 աստիճան՝ երկարաթև շապիկ (լոնգսլիվ) և շորտ,
  • +5-ից +10 աստիճան՝ լոնգսլիվ և լեգինս, նաև կարող եք կրել ձեռնոց և գլխարկ,
  • -5-ից +5 աստիճան՝ երկարաթև շապիկ և սպորտային բաճկոն, լեգինս, ըստ ցանկության՝ լրացուցիչ պարագաներ (ձեռնոց, գլխարկ, բաֆ):
  • -10-ից -5 աստիճան՝ երկարաթև շապիկ և սպորտային բաճկոն, զուգագուլպաներ և շորտ, ձեռնոց, գլխարկ, բաֆ:

Հիշեք, որ հագուստի մի քանի բարակ շերտն ավելի լավ է, քան մեկ հաստը, քանի որ այդ շերտերի միջև գոյացող օդն ավելի լավ է պահում ջերմությունը և մաշկին թույլ է տալիս «շնչել»: Նաև հիշեք, որ հագուստի առաջին շերտի համար բամբակը լավ տարբերակ չէ, քանի որ այն արագ թրջվելու է՝ առաջացնելով հիվանդանելու վտանք: 

Աշնանային վազքն առավել հաճելի և անվտանգ դարձնելու համար հիշեք նաև հետևյալ կանոնները՝ 

  • Ընտրեք այնպիսի վազքուղի, որպեսզի ավարտից անմիջապես հետո կարողանաք մտնել տաք տարածություն: Մարզումից հետո պետք չէ թաց հագուստով երկար մնալ դրսում:
  • Ցուրտ եղանակին փորձեք շնչել քթով: Բերանով շնչելը կարող է հանգեցնել կոկորդի և թոքերի այրոցի:
  • Հետևողական եղեք ջուր խմելիս: Աշնանային վազքի ժամանակ հարկավոր է ավելի քիչ ջուր խմել, քան ամռանը, քանի որ համեմատաբար քիչ եք քրտնում, քան տաք եղանակին վազելիս:
  • Հետևեք զգացողություններին: Կոկորդը ցավո՞ւմ է, դժվա՞ր եք շնչում, վերջույթները սառե՞լ են. նշանակում է՝ ժամանակն է ավարտել վազքը և տուն գնալ:

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ