Սովորել անգլերեն՝ մեդիայով և մեդիայի մասին. ուսուցչուհու նախագիծը ճանաչվել է լավագույնը

  22 Հոկտեմբեր 2021  757 դիտում
Սովորել անգլերեն՝ մեդիայով և մեդիայի մասին. ուսուցչուհու նախագիծը ճանաչվել է լավագույնը

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Հարությունյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից է: «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում նա ներկայացրել է «Անգլերենի դասավանդումը՝ մեդիագրագիտության ինտեգրմամբ» ծրագիրը, որն արժանացել է մրցութային հանձնաժողովի բարձր գնահատականին: Ծրագիրը 2020-2021 ուստարում իրականացվել է Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանում:

Erit.am-ի հետ զրույցում Մարգարիտան ասում է, որ ըստ ժամանակակից կրթական պահանջների՝ օտար լեզուների դասավանդումը պետք է չսահմանափակվի լեզվաբանական այնպիսի հմտությունների ինքնանպատակ դասավանդմամբ, ինչպիսիք են՝ հնչյունաբանությունն ու ձևաբանությունը, բառապաշարն ու շարահյուսությունը․

«Օտար լեզուների դասավանդումը պետք է նպատակաուղղված լինի նաև Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված թվային և մեդիա կարողունակության ձևավորմանը, տեղեկատվական հոսքի մեջ կողմնորոշվելու հմտության և մեդիագրագիտության, մեդիա բովանդակություն ստեղծելու, իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում տարածելու, անվտանգության և էթիկայի կանոնների պահպանման հմտությունների, ինչպես նաև վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը»,-նշում է ուսուցչուհին և հավելում, որ ժամանակակից դասը պահանջում է ՏՀՏ միջոցների կիրառում, և մեդիայի սպառումն առօրյայի անբաժան մասն է կազմում:

Հետևաբար, ժամանակակից ուսուցչի համար հրամայական է մեդիագրագիտության ինտեգրումը դասապրոցեսում:

Մարգարիտայի խոսքով՝ մեդիագրագիտության ինտեգրումը ենթադրում է ինչպես դասավանդում մեդիայի միջոցով, այնպես էլ մեդիա ստեղծելու և վերլուծելու հմտությունների ինտեգրում: Ըստ մեր զրուցակցի՝ մեդիագրագիտության ինտեգրումը դասավանդման մեջ հետապնդում է հետևյալ նպատակները՝ սովորեցնել գնահատել և վերլուծել մեդիան, փնտրել և գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, համեմատել տարբեր մեդիա ռեսուրսներ, ինչպես նաև քննարկել, թե ինչպես է մեդիան խմբագրվում, ինչ միջոցներ և հնարքներ են կիրառվում մեդիա ռեսուրսներն ավելի գրավիչ դարձնելու համար: Այն նաև նպատակ ունի վերլուծել և գտնել թաքնվածը գովազդում, հասկանալ մեդիաուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակել կիրառվող մանիպուլյացիաները, կարողանալ տարածել ասելիքը մեդիայում՝ պահպանելով էթիկայի կանոնները, իմանալ անվտանգության կանոնները համացանցում, զարգացնել քննադատական և ստեղծագործական մտածողությունը, ինչպես նաև դասը հագեցնել ժամանակակից ուսումնական ռեսուրսներով:

Ուսուցչուհու ներկայացրած ծրագիրը հենվում է Հանրակրթության պետական չափորոշչի, անգլերենի 10-րդ դասարանի առարկայական չափորոշչի և ծրագրի պահանջների, հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի դասագրքի վրա` յուրաքանչյուր թեմայի մեջ ինտեգրելով մեգիագրագիտության և քննադատական մտածողության հմտություններ: Ծրագրով անգլերենի ուսուցման մեջ մեդիագրագիտության ինտեգրումը ներառում է ինչպես մեդիա ռեսուրսների և մեդիա գործիքների կիրառմամբ ստեղծված տարբեր ուսումնական ռեսուրսներով դասերի իրականացում, օրինակ, քերականության, ոճաբանության, բառապաշարի ուսուցման նպատակով, այնպես էլ յուրաքանչյուր ուսուցանվող թեմայի ավարտին այդ թեմայի հետ շաղկապվող մեդիան ճիշտ վերլուծելու, քննադատական մտածողության հմտությունների ինտեգրում․

«Այսինքն՝ սովորում ենք անգլերեն՝ մեդիայով և մեդիայի մասին: Օրինակ՝ տարբեր ամսագրերի, թերթերի և լրատվական կայքերի լուրերի տեքստերը, հարցազրույցների տեսագրությունները, գովազդային կիրառում ենք բայի ժամանակաձևերի, տարբեր լեզվաոճական առանձնահատկությունների, խոսքային նմուշների, բառապաշարի հարստացման կամ քերականական զանազան հմտությունների ուսուցման ժամանակ: Զուգահեռ վերլուծում ենք վերնագրերի և ընտրված բառապաշարի ազդեցությունը լսարան գրավելու համար, ծանոթանում կեղծ և իրական տեղեկատվության ստուգման եղանակներին, թոքշոուներ, բանավեճեր իրականացնում՝ դերային խաղերի մեթոդով և այլն»,-շեշտում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում օգտագործվում են իր ստեղծած տարբեր առցանց հարթակներ, օրինակ, «Սովորիր անգլերեն երգերի միջոցով», «Անգլերենի ուսուցման ուսումնական ռեսուրսների առցանց գրադարան» և այլն:

Մարգարիտան վստահեցնում է՝ առցանց այդ հարթակներում տեղադրված են բոլոր ուսումնական ռեսուրսները, որոնք հասանելի են ցանկացած սովորողի, այդ թվում՝ հեռավար ուսուցման ժամանակ: Հարթակը պարբերաբար թարմացվում է նոր ուսումնական ռեսուրսներով, որոնք բաշխված են՝ ըստ դասարանների և հնարավորություն են տալիս աշակերտին նաև կրկնել ու վերհիշել անցած նյութը:

Մեր զրուցակիցն ասում է, որ ծրագրի իրականացումը շարունակվելու է նաև 11-րդ  դասարանում` յուրաքանչյուր թեմայի մեջ ինտեգրելով մեդիագրագիտության, քննադատական մտածողության և բնապահպանական համադրված կարողություններ ու հմտություններ՝  կիրառելով փոդքաստներն անգլերենի դասավանդման մեջ: Նրա խոսքով՝ բնապահպանական և մեդիագրագիտության կարողությունների համադրված ինտեգրումն անգլերենի դասավանդման մեջ իրականացվելու է Բրիտանական խորհրդի The Climate Connection ծրագրի շրջանակում՝ ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման ծրագրով ձեռք բերած հմտությունների հիման վրա: Պատրաստվելու է նաև գիտական հոդված «Փոդքաստների կիրառումն անգլերենի դասավանդման մեջ» թեմայով:

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Հարությունյանի ծրագրի իրականացման փորձի մասին «Մեդիագրագիտության ինտեգրումն անգլերենի դասավանդման մեջ» թեմայով հեղինակած գիտական հոդվածը տպագրվել է ՀՀ ԲՈԿ-ի գիտական հանդեսների ցանկում ընդգրկված «Մանկավարժական միտք» հանդեսում: Հոդվածը տեղադրվել է նաև ԿՏԱԿ-ի «Պաշարների շտեմարան» կայքում: Ծրագրի դասի պլաններից մեկը ԿԳՄՍՆ և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հայտարարած մեդիագրագիտության ինտեգրված դասի պլանների մրցույթի հաղթողներից է:

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ