«Ժեստերի լեզուն սովորել որպես նոր օտար լեզու»․ ՀՊՄՀ ուսանողներն անվճար դասընթացներ են կազմակերպում

  25 Հոկտեմբեր 2021  219 դիտում
«Ժեստերի լեզուն սովորել որպես նոր օտար լեզու»․ ՀՊՄՀ ուսանողներն անվճար դասընթացներ են կազմակերպում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում արդեն մի քանի տարի հնարավոր է ժեստերի լեզու սովորել։ Դասընթացներն անվճար են, ընտրության միակ չափանիշը՝ սովորելու ցանկությունը։

Դասընթացները նախաձեռնել են համալսարանի ուսանող, ժեստերի լեզվի մասնագետ Արեն Ալավերդյանն ու ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մադլեն Մինասյանը։

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ ժեստերի լեզվից գոնե մինիմալ գիտելիքներ ունենան, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում հաղորդակցվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, հասկանալ նրանց», – ասում է Արեն Ալավերդյանը, երբ հարցնում եմ դասընթացներ սկսելու որոշման պատճառների մասին։

Արենը 24 տարեկան է, Վանաձորից։ Սովորել է ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետում, ապա տեղափոխվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ։ Ժեստերի լեզու դասավանդում է արդեն 6–7 տարի։

«Ծնողներս խուլ են, ժեստերի լեզուն մանկուց եմ սովորել։ Երբ առաջին դասարան գնացի, հայրս այբուբենի ամեն տառի հետ սովորեցնում էր համապատասխան ժեստն ու ես սովորեցի այն հերթական օտար լեզվի նման», – պատմում է Արեն Ալավերդյանը՝ նշելով, որ այսօր նույնը խորհուրդ է տալիս իր ուսանողներին․ ժեստերի լեզուն սովորել որպես նոր օտար լեզու։

Ուսանողական տարիներին նա պարբերաբար հանդիպումներ է անցկացրել ցանկացողների հետ, սովորեցրել որոշ հիմնական ժեստեր, մինչև մի օր ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Մադլեն Մինասյանի հետ համագործակցությամբ դասընթացները հիմնական են դարձել։  

«Հարցը միայն ապագա մանկավարժներին սովորեցնելը չէր, ցանկանում էինք, որ հասարակությունը քիչ–քիչ սովորի այս միջազգային լեզուն։ Ցավոք, ժեստերի լեզին այսօր շատ քչերն են տիրապետում, հիմնականում մարդիկ են, որոնք շփում ունեն լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Բայց դասընթացների մեկնարից հետո պարզ դարձավ, որ ուսանողները շատ մոտիվացված են։ Այս պահին դասընթացներին մոտ 50 մարդ է մասնակցում։ Ունենում ենք նաև առցանց դասեր», – ասում է Մադլեն Մինասյանը։