Edunetwork. արտերկրում կրթություն ստանալու իրական հնարավորություն

  27 Հոկտեմբեր 2021  111 դիտում
Edunetwork. արտերկրում կրթություն ստանալու իրական հնարավորություն

Edunetwork-ը կրթական-խորհրդատվական կազմակերպություն է, որը համագործակցում է արտերկրի մի շարք հայտնի ուսումնական հաստատությունների հետ` հայ դիմորդներին առաջարկելով կրթական բազմազան ծրագրեր և աջակցություն։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունն արտերկրի կրթական հաստատությունների ընտրությունն ու ներկայացումն է` համաձայն թեկնածուի ներկայացրած տվյալների և պահանջների:

Edunetwork-ի համահիմնադիր և տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանի հետ Erit.am-ը զրուցել է կազմակերպության նպատակների և տրամադրվող ծառայությունների շուրջ:

Նրա խոսքով՝ Edunetwork-ն այն բացառիկ ընկերություններից է, որին Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս վստահում են ամենաառանցքայինը՝ կրթությունը: «Կարևորելով կրթությունը սահմաններից դուրս և գնահատելով որակյալ կրթությունը՝ մեզ մոտ գաղափար առաջացավ՝ ստեղծել մի կամուրջ, որի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություններին: Մենք ձևավորվել ենք լայնածավալ կրթական ցանց, որի շնորհիվ աջակցում ենք յուրաքանչյուր դիմորդի՝ օգտվելու համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից և կերտելու իր կայուն ապագան։ Մեր համագործակցության աշխարհագրությունը մեծ է, ուղղությունները՝ բազմազան»,-մեզ հետ զրույցում նշում է Սաթինե Ղարաքեշիշյանը՝ հավելելով, որ Edunetwork-ը համագործակցում է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ էմիրությունների և եվրոպական մի շարք երկրների լավագույն ուսումնական հաստատությունների հետ: Ըստ մեր զրուցակցի՝ համապատասխան համաձայնագրով կազմակերպությունը հանդիսանում է արտերկրի ավելի քան 100 բուհի ներկայացուցիչը և ծրագրերի տարածողը տարածաշրջանում:

Դիմորդներին տրամադրվում է ամբողջական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառվում է համալսարանների հետազոտություն, ձևաթղթղերի լրացում, փաստաթղթերի հավաքագրում, մոտիվացիոն նամակի պատրաստում, երաշխավորագրերի կազմում՝ ընդհուպ մինչև վիզայի տրամադրման աջակցություն: «Մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ յուրաքանչյուր օր ընդլայնելու մեր համագործակցության սահմանները: Ունենք փորձառու մասնագետներ, որոնք մեզ հետ աշխատում են արտերկրից և Հայաստանի թիմի երիտասարդ անդամներ, որոնք ժամանակակից միջոցներով դիմորդների համար հնարավորություն են ստեղծում՝ հասնել իրենց երազանքին: Մեր սաները ստանում են իրենց պահանջներին համապատասխան կրթական ծրագրով արտերկրում ուսանելու հնարավորություն, ձեռք բերում նոր կապեր, գիտելիք ու փորձառություն՝ իրենց նախընտրած ոլորտում կիրառելու համար, զարգացնում լեզվական և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև տվյալ երկրի մշակույթն ու ավանդույթները ուսումնասիրելով՝ կառուցում միջազգային համագործակցության նոր կամուրջներ»,-մեզ հետ զրույցում ասում է Edunetwork-ի տնօրենը:

Ըստ Սաթինե Ղարաքեշիշյանի՝ Edunetwork-ն աջակցում է նաև արտերկրի միջին, ավագ դպրոցների, բակալավրի, մագիստրատուրայի, PHD և այլ ծրագրերի կրթաթոշակների դիմելու հարցում: Որոշ կրթաթոշակներ կազմակերպությունը հայտարարում է նախապես, իսկ որոշների դեպքում բուհական ընդունելությունից հետո օգնում է ուսանողին՝ դիմելու և ստանալու կրթաթոշակ: Կազմակերպությանը կարող են դիմել նաև արտերկրի կարճաժամկետ ծրագրերին մասնակցելու աջակցության հարցով. Edunetwork-ը կազմակերպում է կարճաժամկետ ծրագրերի ամառային, գարնանային, աշնանային և ձմեռային դպրոցներ: Մեր զրուցակիցը փաստում է՝  հիմնականում համագործակցում են արտերկրի բուհերի հետ, սակայն աշխատում են նաև ՀՀ ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես, արտերկրի և ՀՀ բուհերի միջև իրականացվում են երկաստիճան ծրագրեր, որի արդյունքում տրամադրվում է երկու բուհի դիպլոմ: Գործընթացն իրականացվում է միջբուհական համաձայնագրի շրջանակում՝ Edunetwork-ի աջակցությամբ, քանի որ առկա են մի շարք հարցեր՝ կրեդիտների փոխճանաչում և այլն:

Սաթինե Ղարաքեշիշյանի խոսքով՝ քանի որ կազմակերպությանը դիմող ուսանողները հետաքրքրված են կրթաթոշակային ծրագրերով, իսկ և՛ Հայաստանում, և ՀՀ-ից դուրս շատ հայտնի են էրազմուսի կրթաթոշակային ծրագրերը, այդ նպատակով Edunetwork-ը որոշել է համագործակցել էրազմուսի ուսանողական ցանցի հետ, որպեսզի մեկ օր առաջ ուսանողներին իրազեկեն այդ հնարավորությունների մասին: «Մեր գործընկերները ևս փաստում են, որ մեր կազմակերպության միջոցով Էրազմուսի կրթաթոշակային ծրագրերի մասին տեղեկատվության տարածումը օգտակար կարող է լինել: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի ուսանողներն իրապես տեղյակ լինեն այդ ծրագրերի մասին և անկախ իրենց սոցիալական վիճակից՝ կարողանան դիմել և ուսում ստանալ արտերկրի լավագույն համալսարաններում»,-շեշտում է մեր զրուցակիցը և հավաստիացնում, որ այդպիսով էրազմուսի ծրագրերը հասանելի կլինեն ուսանողների մեծ շրջանակի:

«Այսպիսով՝ հաշվի առնելով միջազգային մարտահրավերները և գիտելիքի փոխանցման կարևորությունը՝ մենք ցանկանում ենք մեր դիմորդներին տալ հնարավորություն ձեռք բերելու կյանքը փոխող փորձառություն և, ամենակարևորը, այդ փորձառությունը դարձնել հասանելի բոլորի համար։ Մեր սաների վստահությունը ոգեշնչում է մեզ օրեցօր զարգանալ և կատարելագործել մեր ծառայությունները, նպաստել միջազգային կրթական համակարգի հասանելիությանը և արդյունքում ունենալ որակյալ մասնագետների աճ ու տեսանելի բարեփոխումներ ամենատարբեր բնագավառներում։ Այլ խոսքով՝ կամուրջ հանդիսանալ դիմորդի ու միջազգային կրթական աշխարհի միջև և նպաստել կրթության ոլորտում երազանքների իրականացմանը»,-փաստում է Edunetwork-ի համահիմնադիր և տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանը:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ

Կատեգորյաներ