Վիքիդասարաններ՝ դպրոցներում. լավագույնը ճանաչված նախագիծ

  29 Հոկտեմբեր 2021  467 դիտում
Վիքիդասարաններ՝ դպրոցներում. լավագույնը ճանաչված նախագիծ

Լեռնապատի միջնակարգ դպրոցի դասվար Լիաննա Աբազյանի և մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Հակոբջանյանի ներկայացրած ծրագիրը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Տարվա լավագույնները» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար» անվանակարգում: Նրանք ներկայացրել են «Վիքիդասարանի ստեղծումը՝ «Շրջված դասարան» մեթոդի կիրառմամբ» ծրագիրը, որն արժանացել է մրցութային հանձնաժողովի բարձր գնահատականին:

Erit.am-ի հետ զրույցում ծրագրի համահեղինակ Լիաննա Աբազյանը նշում է, որ նախագծի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել վիքիդասարաններ՝ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման միջոցով խրախուսելով աշակերտների՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը, ինչպես նաև նպաստել Վիքիհանրագիտարանում հայերեն հոդվածների ավելացմանը:

«Ծրագրի միջոցով մենք խնդիր ենք դրել փոփոխություն մտցնել ավանդական մեթոդներով վարվող դասապրոցեսում՝ նպաստելով աշակերտների ակտիվացմանը և նոր հմտություննների զարգացմանը, ինչպես նաև բարձր առաջադիմություն չունեցող աշակերտների ներգրավմանն ուսումնական գործընթացում: Մեր խնդիրն է ապահովել նորագույն տեխնոլոգիաների  կիրառումն ուսումնական գործընթացում և ՏՀՏ գործիքներից օգտվելու հմտության զարգացումը՝ նպաստելով նաև միջառարկայական կապերի ձևավորմանը և ինտեգրված դասերի կազմակերպմանը»,- մեզ հետ զրույցում ասում է Լիաննա Աբազյանը՝ հավելելով, որ ծրագրի ակնկալվող արդյունքն ուսուցչի և աշակերտների միջև համագործակցության խթանումն է՝ նյութերը թարգմանելու, սխալներն ուղղելու, խմբագրելու և հոդված ստեղծելու նպատակով:

Ծրագրի մյուս համահեղինակ Լիլիթ Հակոբջանյանն իր հերթին նշում է, որ համագործակցելով «Վիքիպեդիա Հայաստան» ԳՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ՝ ծրագրի շրջանակում նախատեսում են համայնքներում Վիքիպեդիայի խմբակներ ստեղծել կամ ուսուցիչներ համար խմբագրման հմտությունների մի քանի դասընթացներ կազմակերպել։

«Արդյունքում կունենանք վիքիդասարաններ, որոնց աշակերտները կկարողանան դասին ինքնուրույն նախապատրաստվել, թարգմանություններ կատարել /օգտվել օնլայն բառարաններից/, խմբագրել հոդվածներ։ Դասի ավարտին օնլայն գործիքներից մեկի միջոցով պատրաստված թեստով էլ կգնահատվեն, որը կլինի հնարավորինս օբյեկտիվ»,-ծրագրի մանրամասներն է ներկայացնում Լիլիթ Հակոբջանյանը և հավելում, որ ծրագիրը կնպաստի նաև ուսուցիչների մասնագիտական գիտելիքների խորացմանը և ինքնակրթությանը:

Ծրագրի իրականացման պլանով նախատեսվում է՝ Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման հմտությունների ձեռք բերման նպատակով ուսուցիչների վերապատրաստում, աշակերտներին խմբագրման հմտությունների ուսուցանում, դասանյութի վերաբերյալ հոդվածների պատրաստում, դասապրոցեսների անցկացում, փորձարկում, վիքիդասարանների ստեղծում և փորձի փոխանակում։ 

Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նախագծի շարունակականության ապահովման նպատակով նման ձևաչափը կարելի է կիրառել անընդհատ, քանի որ այն ենթադրում է դասարանի բոլոր աշակերտների ներգրավում դասապրոցեսին։

«Այսօր Վիքիպեդիա նախագիծը փորձում է ընդլայնել իր սահմանները և խմբակներ ստեղծել ողջ Հայաստանում, հետևապես ծրագիրը կիրառելի է ցանկացած դպրոցում։ Ծրագիրը խթան կհանդիսանա՝ փոխելու ավանդական ձևով դասապրոցեսի անցկացումը. փոխարենը կկիրառվեն ՏՀՏ գործիքներ և նոր մեթոդներ։ Ծրագիրը համարում ենք շարունակական, քանի որ մեր դպրոցում այն արդեն փորձարկվել է նախ «Կենսաբանություն» առարկայի, ապա երկրաչափության և աշխարհագրության դասերին: Փորձում ենք ներառել նաև տարրական օղակն ու այլ առարկաներ։ Մենք զուգակցում ենք Վիքիպեդիա հանրագիտարան-նախագիծը «Շրջված դասարան» մեթոդի և օնլայն գնահատման ծրագրի հետ»,-մեզ հետ զրույցում պատմում են Լեռնապատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիները՝ ներկայացնելով այդ ուսումնական հաստատությունում ծրագրի կիրառության փորձը:  

Նրանց խոսքով՝ նոր նյութի պատրաստումն իրականացրել են հենց աշակերտները, որոնք ներկայացրել են Վիքիպեդիայում նախօրոք խմբագրած հոդվածը։ Նյութը ներկայացվել է power point ծրագրով պատրաստած ցուցադրությամբ։ Գնահատումը կատարել են ՏՀՏ գործիքների կիրառմամբ՝ quizizz և Kahoot։

«Դասի արդյունքում Վիքիպեդիայում ավելացավ տվյալ նյութի հետ կապված հոդված, որը հնարավորություն ընձեռեց ունենալ տվյալ թեմայի մասին հավելյալ տեղեկատվություն։ Սա հնարավորություն է ընձեռում գնահատել բոլոր աշակերտներին, քանի որ դասին նրանք նախօրոք պատրաստվում են։ Այս կերպ աշակերտը կգիտակցի, որ իր ցանկացած աշխատանք գնահատվում է, որն էլ կդառնա խթան՝ առաջադիմության որակի բարձրացման համար»,- հավաստիացնում են լավագույնների շարքում ներառված «Վիքիդասարանի ստեղծումը՝ «Շրջված դասարան» մեթոդի կիրառմամբ» ծրագրի հեղինակները:

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ