Վանաձորցի ուսանողները արևային վահանակներ են տեղադրում․ Դուալ կրթության առանձնահատկությունները

  01 Նոյեմբեր 2021  139 դիտում
Վանաձորցի ուսանողները արևային վահանակներ են տեղադրում․ Դուալ կրթության առանձնահատկությունները

«Մեր աշխատաշուկայի 70 տոկոսը իրապես միջին մասնագիտական կրթության որակավորմամբ մասնագետների կարիք ունի. հարկ չկա ստանալ բարձրագույն կրթություն՝ կարի լավ տեխնոլոգ, լավ մոդելավորող, ռոբոտներ նախագծող, արևային ջերմատաքացուցիչ համակարգեր տեղադրող դառնալու համար։ Կարելի է 3 տարի սովորել և աշխատել՝ առանց բարձրագույն կրթության։ Բոլորը չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ և դրա կարիքը չկա էլ. արհեստի ու արվեստի գերազանց տիրապետելն ավելի լավ է, քան բարձրագույն կրթություն ստանալն ու դրանով չաշխատելը»,- ասում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը։

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ է: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ: Այդ պատճառով էլ գտնվում է միջազգային մասնագիտական հանրության ուշադրության կիզակետում։

«Արդեն 3 տարի է՝ մենք ուսուցանում ենք Մեխատրոնիկա։ Դեռ շրջանավարտ չունենք։ Մինչ այս, այդ մասնագիտությունը դասավանդվում էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար։ Մեխատրոնիկան հեռանկարային մասնագիտություն է հատկապես մեր մարզում։ Դասընթացը մշակել են հայ և անգլիացի մասնագետները` կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետևել է հայ մասնագետների և ուսանողների այցը Բրեդֆորդ` տեղում ծանոթանալու փորձին։ Բրիտանական խորհրդի ջանքերով ստեղծված համագործակցությունը՝ Ինֆորմատիկայի քոլեջի հետ այս մասնագիտության ներդրմամբ, շարունակական է լինելու։ Կրթությունը դուալ է»,– ասում է Տիգրան Թադևոսյանը։